Լրահոս

04.10.2012 00:32


89 առաջադեմ ճարտարագետներ հաջողությամբ ավարտում են Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի ծրագիրը

89 առաջադեմ ճարտարագետներ հաջողությամբ ավարտում են Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի ծրագիրը

Ծրագրային ապահովման, մտավոր սեփականության և ծառայությունների մատուցման ասպարեզում համաշխարհային առաջատար Սինոփսիս ընկերությունը (Nasdaq:SNPS), որն արագացնում է նորարարություններն ինտեգրալ սխեմաներում և համակարգերում,  այսօր դիպլոմներ հանձնեց 46 մագիստրոսի և 43 բակալավրի կոչում ստացած Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի (ՍԱՈՒԴ) շրջանավարտների, այդ թվում՝ 75 շրջանավարտի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) և 14 շրջանավարտի Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հետ համատեղ ծրագրերից:  Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՀ) ութ ուսանող Սինոփսիսի ծրագրային գործիքների ուսուցման դասընթացը հաջողությամբ ավարտելու համար արժանացան Սինոփսիսի հավաստագրերի: Ավարտելով գերմեծ ինտեգրալ սխեմաների (VLSI) նախագծման և էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ) ոլորտում իրեն ուսումնառությունը՝ շրջանավարտներն այսուհետ պատրաստ են սկսել ճարտարագետի իրենց մասնագիտական կարիերան:

Ավարտական հանդիսավոր արարողության ժամանակ Սինոփսիս ընկերության համանախագահ Չի Ֆուն Չանը, բարձր գնահատելով շրջանավարտների ձեռքբերումները, Սինոփսիսի ավարտական վկայականներ հանձնեց բոլոր շրջանավարտներին: «Միկրոէլեկտրոնիկայի պես արագ փոփոխվող ոլորտում արհեստավարժ և արտադրությանը պատրաստ շրջանավարտներ կրթելու գործում էական է բիզնեսի և կրթության սերտ համագործակցությունը », - ասում է դոկտոր Չանը: «Մենք նվիրված ենք Հայաստանի երիտասարդներին սատարելու և նրանց կրթության մեջ ներդրումներ կատարելու գործին ՝ օժանդակելու համար բարձր տեխնոլոգիաների աճող և կայուն արտադրությանը Հայաստանում: Այս նպատակով նախաձեռնած ՀՊՃՀ-ի և ԵՊՀ-ի հետ մեր համատեղ կրթական ծրագրերի հաջողությունը գերազանցեց  մեր սպասելիքները»:

 

«Հերթական անգամ մենք ականատես եղանք ՀՊՃՀ և Սինոփսիս Արմենիա ընկերության համատեղ մշակած և մեծ հեղինակություն վայելող կրթական մոդելի փայլուն արդյունքին», - ասում է ՀՊՃՀ ռեկտոր և Հայաստանի ազգային գիտության ակադեմիայի թղթակից անդամ պ-ն Ավետիսյանը՝ ԲՈՒՀ-ի շրջանավարտներին դիպլոմների հանձնման արարողության ժամանակ: «Շնորհավորում և հաջողություններ եմ մաղթում բոլոր շրջանավարտներին ճարտարագիտական համալսարանի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի անունից: Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում դուք ձեր անձնվեր աշխատանքով կարդարացնեք այն անգնահատելի ներդրումը, որ տարիներ շարունակ գործընկերային ծրագրերի միջոցով կատարում է Սինոփսիս Արմենիան ՀՀ բարձրագույն կրթության համակարգում»:  

«Շնորհավորում եմ շրջանավարտներին՝ մասնագիտական կյանքում այս կարևոր և ոգեշնչող հանգրվանին հասնելու առիթով», - ասում է ԵՊՀ ռեկտոր և Հայաստանի ազգային գիտության ակադեմիայի թղթակից անդամ պ-ն Սիմոնյանը:  «Շարունակելով ԵՊՀ-ի ուսումը Սինոփսիսի հետ մեր համատեղ ուսումնական դեպարտամենտում ուսանողները բացառիկ հնարավորություն ունեցան զարգացնել իրենց արժեհամակարգը և մոտեցումները, կատարելագործել հմտությունները և ուսուցումն ավարտել որպես ՏՏ ոլորտում արտադրությանը պատրաստ շրջանավարտներ»:

«ՍԱՈՒԴ-ը ուսանողներին ապահովում է համաշխարհային մակարդակի կրթությամբ` առաջարկելով տեղական և համաշխարհային հեղինակավոր համալսարանների կողմից ճանաչված ամբողջական ուսումնական ծրագիր, Սինոփսիսի գերժամանակակից էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ծրագրային փաթեթներ, ուսումնական նախագծման փաթեթներ, բարձր որակավորում և փորձ ունեցող դասախոսական կազմ և ժամանակակից տեխնիկական ենթակառուցվացք ու միջավայր», - ասում է Սինոփսիս ընկերության  մարքեթինգի գծով փոխնախագահ և Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը: «Մենք շարունակում եմ զարգացնել բացառիկ ԲՈՒՀ-արդյունաբերություն մոդելը՝ կիրառելով ուսումնական ծրագիրը խորացնող և ընդլայնող նոր և նորարարական մեթոդներ»:

Ընդհանուր առմամբ՝ ՍԱՈՒԴ-ը հարյուրավոր արհեստավարժ ճարտարագետներ է պատրաստել, այդ թվում 403 բակալավր, որոնցից  338-ը ուսումը շարունակել են մագիստրատուրայում:  Ներկայումս, բոլոր շրջանավարտներից 71 տոկոսն աշխատանքի է ընդունված Սինոփսիս Արմենիա ընկերությունում՝ կազմելով աշխատակիցների 43 տոկոսը, իսկ մնացած շրջանավարտներն աշխատում են Հայաստանում գործող այլ հեղինակավոր ՏՏ ընկերություններում:  «Վերջին տասնամյակի ընթացքում մեր կրթական ծրագիրն անընդհատ բարելավվում է, որի վառ վկայությունն է անցյալ ուսումնական տարում հարյուր շրջանավարտների մեր ընկերություն աշխատանքի ընդունվելու փաստը », - ասում է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՍԱՈՒԴ-ի տնօրեն և ՀՊՃՀ «Միկրոէլեկտրոնային  սխեմաներ և համակարգեր» միջֆակուլտետային ամբիոնի վարիչ Վազգեն Մելիքյանը: «Այս ձեռքբերումները ոգեշնչում են մեզ շարունակելու կատարելագործել մեր ծրագիրը»:

Հայաստանում ԲՈՒՀ- արդյունաբերություն մոդելի հաջողությունն ոգեշնչել է նման ծրագրերի ստեղծումն այլ երկրներում: Ընդամենը երեք ամիս առաջ

Սինոփսիսի և Էլեկտրոնային տեխնիկայի ազգային հետազոտական համալսարանի (ՄԷՏԻ) համատեղ կրթական ծրագիրն առաջադեմ ճարտարագետների իր հինգերորդ շրջանավարտությունը տվեց:   2006 թ.-ին հիմնադրված երկամյա մագիստրատուրայի ծրագիրը հիմնված է Սինոփսիսի ծրագրային գործիքային փաթեթի և ՍԱՈՒԴ-ի կողմից տրամադրված ինտեգրալ սխեմաների նախագծման ուսումնական ծրագրի վրա: Մինչ օրս 92 ուսանող  հաջողությամբ ավարտել է Սինոփսիսի և ՄԷՏԻ-ի համատեղ ծրագիրը, և բոլոր շրջանավարտներն աշխատանքի են ընդունվել Ռուսաստանի և տարածաշրջանի առաջատար կիսահաղորդչային ընկերություններում:

«Մենք երկար տարիների համագործակցության փորձ ունենք Էլեկտրոնային տեխնիկայի ազգային հետազոտական համալսարանի (ՄԷՏԻ) Ինտեգրալ սխեմաների նախագծման ամբիոնի հետ», - ասում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միկրոէլեկտրոնիկայի նախագծման խնդիրների ինստիտուտին կից  Գիտության ֆեդերալ պետական բյուջեի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Լ. Ստեմկովսկին: «ՄԷՏԻ-ի մագիստրատուրայի ուսանողները, ովքեր սովորել են Սինոփսիս-ՄԷՏԻ ուսումնական կենտրոնում, շատ խոստումնալից են: Նրանք ցուցադրում են ԻՍ նախագծման ոլորտում խորը գիտելիքներ և հմտորեն տիրապետում են Սինոփսիսի ԷՆԱ գործիքներին և Matlab, Tcl and C/C++  ծրագրերին՝ գոյություն ունեցող երթուղիներում բացակայող օղակներ ստեղծելու համար:  Նրանք մասնակցել են համատեղ գիտահետազոտական և տեխնիկական ծրագրերի իրագործմանը այնպիսի արտասահմանյան ընկերությունների հետ, ինչպիսիք են Freescale, Intel, AMIS և ON Semiconductor-ը՝ ցուցաբերելով բարդ հետազոտություններ ինքնուրույն իրականացնելու կարողություն»:

Ավարտական հանդիսավոր արարողության ժամանակ պրոֆեսոր Վազգեն Մելիքյանին շնորհվեց ՄԷՏԻ-ի պատվավոր պրոֆեսորի կոչում՝ միկրոէլեկտրոնիկայի կրթության ոլորտում նրա զգալի ավանդի համար:

Իր ավարտական ելույթում 2012 թ.-ի մագիստրատուրայի շրջանավարտ, ներկայումս Սինոփսիս Արմենիայի աշխատակից Աբրահամ Բալաբանյանը նշեց. «Ես ինձ համարում եմ հաջողակ ուսանող, որովհետև այս տարիների ընթացքում հնարավորություն եմ ունեցել հմուտ դասախոսների կողմից ստանալ որակով և արդիական գիտելիքներ, ծանոթանալ ու տիրապետել այս ոլորտում առկա և առաջատար ծրագրային գործիքներին, ուսումնական գործընթացը անցկացնել բարեկարգ և ուսման համար նպաստավոր լսարաններում, ինչպես նաև աշխատել ԷՆԱ ոլորտում առաջատար Սինոփսիս ընկերությունում և կիրառել ու ավելի կատարելագործել ստացած գիտելիքներս»:

Այս խորագրի վերջին նյութերը