Քաղաքական

03.10.2012 14:30


Երվանդ Բոզոյան. «Հայաստանի Իվանիշվիլին Գագիկ Ծառուկյանն է»

Երվանդ Բոզոյան. «Հայաստանի Իվանիշվիլին Գագիկ Ծառուկյանն է»

«Հայաստանի Իվանիշվիլին Գագիկ Ծառուկյանն է, ով կկարողանա կոնսոլիդացնել նոր բևեռը և լուրջ փոփոխություններ մտցնել երկրում»,–այսօրվա ասուլիսին ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Ըստ բանախոսի՝ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվի, իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջադրվելը ցույց կտա ժամանակը: «Թեև՝ Հայաստանում միտումները նման են Վրաստանին, և այսօր ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը Գագիկ Ծառուկյանն է»,–շեշտել է քաղաքագետը։

Անդրադառնալով Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակին՝ քաղաքագետը նշել է, որ Վրաստանում անց են կացվել որակյալ ընտրություններ, որտեղ ընդդմությունը հաղթել է, իշխանությունն էլ՝  շնորհավորել: Ու չնայած նրան, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կարողացել է ապահովել տնտեսական աճ, կոռուպցիայի վերացում, սակայն վրաց ժողովուրդը նրան չի ընտրել, քանի որ նախագահի անձի պատճառով ռուս-վրացական հարաբերությունները առաջ չեն շարժվում: «Սահակաշվիլու և Սերժ Սարգսյանի մեջ կա որակական տարբերություն։ Վրաստանի նախագահը ոչ միայն հայտարարեց, այլև իրագործեց պայքարը կոռուպցիայի դեմ, այնտեղ կոռուպցիան գրեթե վերացած է պետական կառույցներում, ոստիկանությունում, մաքսային համակարգում,  առաջին ատյանի դատարաններում»,–ասել է քաղաքագետը՝ շեշտելով, որ ներկայիս Հայաստանը հիշեցնում է շևարդնաձեական Վրաստանը:

Ինչ վերաբերում է շրջանառվող այն տեսակետներին, թե իբր իշխանություններն են արհեստականորեն բարձրացնում Վարդան Օսկանյանի վարկանիշը նախագահական ընտրություններից առաջ, ապա Բոզոյանը նշեց, թե նման տեսակետները «թխվում» են Բաղրամյան 26–ում՝ նպատակ հետապնդելով թուլացնել լարվածությունն ու ապատեղեկատվության միջոցով մարդկանց մի մասին մոլորեցնել, ինչը, սակայն, նրանց չի հաջողվելու։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը