Լրահոս

03.10.2012 10:18


Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Բրազիլիայում

Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված  միջոցառումներ Բրազիլիայում

Սեպտեմբերի 18-ին Բրազիլիայի բժշկական ասոցիացիայի դահլիճում տեղի ունեցավ երկրի հեղինակավոր լարային եռյակ, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի դափնեկիր «Տրիո Իմաժեսի»` Հայաստանի անկախության օրվան նվիրված համերգը: Համերգն ուղեկցվեց Երևանի մասին պատմող լուսանկարչական ցուցահանդեսով:

Սեպտեմբերի 21-ին Սան Պաուլոյում ՀՀ Պատվո գլխավոր հյուպատոսությունը կազմակերպել էր ընդունելություն` Հայաստանի անկախության օրվա առթիվ: Ելույթներով հանդես եկան Գլխավոր պատվավոր հյուպատոս Տկն. Հիլդա Բուրմայանը, Հայ առաքելական եկեղեցու վարչական խորհրդի ատենապետ, պրոֆեսոր Ա. Մանիսաջյանը, ցուցադրվեցին Հայաստանի մասին պատմող կինոժապավեններ:

Սեպտեմբերի 23-ին ՀԲԸՄ սրահում կազմակերպվեց ընդունելություն` անկախության 21-րդ տարեդարձի առթիվ, որը համընկավ ՀԲԸՄ հիմնադրման 48- ամյակի հետ: Պատվավոր հյուրերի շարքում հանդիսությանը ներկա գտնվեցին Բրազիլիայի ամենանանշանավոր քաղաքական գործիչներից մեկը՝ երկրի առողջապահության նախկին նախարար, Սոցիալ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ ժոզե Սեռռան, որն իր ելույթում շնորհավորեց հայ ժողովրդին և, մասնավորապես, բրազիլահայությանը` պատմական մեծ իրադարձության առթիվ` հայտարարելով, որ ինքը եղել է և կմնա հայության իղձերի իրականացման պաշտպանների առաջին շարքերում:

Սեպտեմբերի 26-ին երկրի խոշորագույն «Սան Պաուլո մշակութային կենտրոնի» Տրիանոն սրահում երկրորդ մեծ համերգով հանդես եկավ «Տրիո Իմաժես» եռյակը, որի ընթացքում ներկայացվեցին Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները: Համերգից առաջ շնորհավորական խոսքով հանդես եկան Սան Պաուլո նահանգի մշակույթի քարտուղար Սելսո Բոսկոլոն, եռյակի ղեկավար Հենրիկե Միլլերը և Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Եղիազարյանը: Դեսպան Եղիազարյանը նշեց, որ քսանմեկ տարի առաջ Հայաստանի ժողովուրդն ընտրել է ազատ զարգացման, ժողովրդավարական բարեփոխումների և հարևան երկրների հետ խաղաղ գոյակցության ճանապարհը ու կշարունակի վստահորեն քայլել այդ ճանապարհով` անկախ օբյեկտիվ կամ արհեստականորեն հրահրվող դժվարությունների:

Սեպտեմբերի 30-ին Սան Պաուլոյի «Հայկական ակումբ» համալիրում տեղի  ունեցավ Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված վերջին մեծ միջոցառումը: Միջոցառման ավելի քան 500 հյուրերի թվում էին  հայկական համայնքի բոլոր միությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները, քաղաքային կառավարության անդամներ, նահանգապետ ժ. Ալկմինի անձնական ներկայացուցիչը, ինչպես նաև առաջիկա ընտրություններում Սան Պաուլոյի քւսղաքապետի թեկնածու Ս. Ռուսսոմանուն:

Այս խորագրի վերջին նյութերը