Կարծիք

02.10.2012 17:07


Ո՞ւմ ձեռքին է արդարության բանալին

Ո՞ւմ ձեռքին է արդարության բանալին

Վազգեն Խաչիկյանի ձերբակալմամբ երկրում նոր գործընթացներ են սկսվում: Խնդիրն այն չէ, որ հենց Խաչիկյանն է այս երկրի ու կառավարության բոլոր դժբախտությունների հիմնական մեղավորը, ավելին` դա բոլորովին էլ այդպես չէ: Խաչիկյաններն ամենուր են, ամեն ոլորտում ու ամեն քայլափոխի, և նրանց անպատիժ թողնելը (եթե հանցանքն ապացուցված է) սխալ է, միաժամանակ մեծագույն սխալը դրանից նախընտրական շոու սարքելն է (իսկ որ դա շոու է, խլուրդին էլ է պարզ): Միանշանակ է մի բան, որ ամեն մեկս էլ փափագում ենք, որ հաղթի արդարությունը, որ սկսված գործընթացը իրական հասցեատերեր ու իրական արդյունքներ ունենա: Հանրային կարծիքի մի զգալի մասը հավատացած է, որ ամենավերևից սկսած այս  «վհուկաորսը» արդարացի, տրամաբանական ավարտ է ունենալու և այսօրվանից (միգուցե ցեպտեմբերի 15-ից) ակամա մասնակցում է նախընտրական մեծ PR գործընթացին:

Ես այդ կարծիքին չեմ: Արդարության բանալին  «ամենավերևում» չէ, թեև «արդարադատության» բանալին այնտեղ է և դրանում համոզվելու համար մենք տարիների դառը փորձ ունենք: Համոզված եմ, որ մանր-մունր չինովնիկների հախից տարիներ անց գալը իրավիճակը չի փոխի, անգամ այսօր գործողների ձերբակալություններն ու մինչև ընտրությունները հեռուստադատարանային սերիալներ ցուցադրելը նույնպես օդում կրակած փամփուշտներ են լինելու, որովհետև այս ամենը կատարվում է ոչ թե հանուն արդարության, այլ հանուն «պոպուլյացիայի» թույլ առանձնյակների  «սռոկի» հաշվին ևս մի «սռոկ» երկիրն ու ժողովուրդը քթից բռնած մանածելու: Ակնհայտ է, որ իշխանությունը պահելու համար գործող կալնը համաձայնվել է զոհեր տալ, այլ ելք չի մնացել: Այս գործնթացը Վազգեն Խաչիկյանով չի ավարտվի, սակայն հասարակական ճնշումն էլ դեռ այն աստիճանի չէ, որ իշխանությանը պարտադրի  «ինքնազոհաբերության»։ Խաչիկյանին էլ հավանաբար թվացել է, որ ինքը չի խանգարել հասարակությանը, խանգարել է միայն կլանի մի քանի առավել ուժեղներին և հանիրավի մեղադրվում է: Հիմա, երբ օղակն օրավուր սեղմվում է Խաչիկյանի ու մյուսների պարանոցին, նրանք, վերարժեվորելով երեկվա իրենց կեցվածքը,  պետք է գիտակցեն հենց հասարակությա՜ն առաջ ունեցած իրենց մեղքը: Անկախ արդարադատության վճռից, ամեն մարդ ինքն իր խղճի առջև է պատասխանատու:

Վազգեն Խաչիկյան և մյուսներ, հասկացե՜ք, գիտակցե՜ք, որ անկախ ձեր արարքների իրավական ծանրության աստիճանից, դուք մեղավոր եք ձեր ու հասարակության առջև: Միաժամանակ լռելայն համաձայնվելով մի քանի տարվա ՙպայմանական սռոկին՚, դուք ոչ թե մաքրվում, այլ առավել ծանրացնում եք ձեր մեղքը հանրության ու ձեր խղճի առջև (եթե այդպիսին դեռ մնացել է): Եթե իշխանական կլանը իր զավակներին  «պլեբսի բերանը» գցելուց բացի այլ տարբերակ չունի, դուք, ում դուռը ամեն գիշեր կարող են թակել ու ձեռնաշղթաներով տանել  «հակակոռուպցիոն ցուցահանդեսի», կորցնելու բան չունեք: Միևնույն է, դուք այս կամ այն կերպ պատասխան տալու եք կեղծված դեղերի, կողոպտված թոշակների, խատառակ ընտրությունների, թալանված բնության համար, թերուս դպրոցականների, հարյուր հազարավոր արտագաղթածների, տասնյակ հազարավոր սնանկացած գործարարների, պոստերում սովից զկրտացող զինվորների ու նրանց մայրերի առաջ: Հիմա մտածեք. արժե՞ լռելայն կուլ գնալ սեփական թիմի մսաղացին, արժե՞ գառան հեզությամբ սեփական կործանման հաշվին էլ կոծկել իրական անարդարության մերկ հետույքը: Իսկական 37 թիվ ու իսկական  «տրոյկայի» ժամանակներ են եկել: Ամենաբարձր հովանու ներքո գործեր են թխվում ու մեղադրանքներ են հնչում ու դրանց իրավացիությունը ոչ մեկին (վերևներում իհարկե) չի հետաքրքրում: Թացն էլ չորի հետ կվառեն` կգնա… Այ այստեղ է, որ Խաչիկյանն ու  «տրոյկայի» մյուս  «հաճախորդները» պիտի մտածեն:

Մի քիչ բարոյախրատական ստացվեց բայց քիչ հույս ունեմ, որ դատարաններում մեղքի զգացումից դրդված կպատմեք բուն իրականությունը: Չեմ հավատում, բայց ասում եմ ձեզ. հասարակական արդարացումն ավելի՜ մեծ արժեք է: Հիշե՜ք, ավելի լավ է մի օր առյուծավարի ապրել, քան թե ամբողջ կյանքում նապաստակի պես թփերի տակ ապրել ու սեփական զավակների առջև արդարացումներ հորինել: Գոնե հիմա՜ ձեր մեջ ուժ գտեք ասելու ճշմարտությունը, օգնեք ժողովրդին թոթափել անպատիվ գոյության ցնցոտիները: Հիշեք նաև, որ ինքնապաշտպանության համար կլանը ձեզ զոհաբերելու է առանց երկմտանքի, ձեզ հենց դրա՜ համար են «չաղացրել»,  բայց այսօրվա ձեր ճիշտ կեցվածքը գուցե հասարակությու՞նը գնահատի, կարող է  «պերեդաչի» բերողներ էլ լինեն…

Մի խոսքով` արդարության բանալին հիմա ձեր ձեռքում է:

Էդուարդ Սարիբեկյան

Այս խորագրի վերջին նյութերը