Լրահոս

02.10.2012 11:49


Հանրային Խորհրդի պատվիրակությունն այցելել է Չինաստան

Հանրային Խորհրդի պատվիրակությունն այցելել է Չինաստան

Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի հրավերով սեպտեմբերի 26-29-ը ՀՀ Հանրային խորհրդի պատվիրակությունը` ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, գտնվել է Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետությունում: 

Պատվիրակության կազմում են եղել Հանրային խորհրդի անդամներ Վազգեն Սաֆարյանը, Հովիկ Մուսայելյանը և ՀԽ գրասենյակի պատասխանատու Հակոբ Բարխուդարյանը:

 Այցի նպատակը Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի և ՀՀ Հանրային խորհրդի միջև երկկողմ հարաբերությունների խորացումն ու զարգացման հեռանկարների քննարկումն էր:

 Պատվիրակության անդամները ջերմ ընդունելության են արժանացել գործընկերների կողմից: Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Չինաստանի միջև ինչպես պետական, այնպես էլ սոցիալ-մշակութային կապերի սերտացման անհրաժեշտությունը:

 ՀԽ պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ, Չինաստանի Պետխորհրդի (քաղբյուրո) անդամ պարոն Վանգ Գանգի հետ: Քննարկվել են երկու երկրներին հետաքրքրող տնտեսական և սոցիալական մի շարք հարցեր:

 Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահը, ներկայացնելով Չինաստանի վերջին տարիների ձեռքբերումները, անդրադարձել է նաև երկրի առջև ծառացած խնդիրներին, որոնցից է  երկրի ոչ համաչափ զարգացվածությունը: Նա հայտնել է, որ իրենց առջև խնդիր է դրված մինչև 2020 թվականը հավասարեցնել երկրի բոլոր հատվածների տնտեսական ցուցանիշները:

 Վազգեն Մանուկյանը բարձր է գնահատել Չինաստանի դերը համաշխարհային տնտեսության ոլորտում և կարևորել երկու երկրների տնտեսական հարաբերությունների ակտիվացումն ու խորացումը` մասնավորապես Հայաստանում ներդրումների իրականացման համատեքստում:

 Այցի ընթացքում ՀԽ պատվիրակությունը գտնվել է Տյանցզին քաղաքում, որտեղ պատվիրակության անդամներին ընդունել է Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի տյանցզինյան ղեկավար տիկին Սինգ  Յուանմինը:

 Այցի շրջանակներում Հանրային խորհրդի պատվիրակությունը շրջայց է կատարել նաև հեռահաղորդակցության ոլորտի չինական հայտնի «Հուավեյ» կորպորացիայի գործարաններում` ծանոթանալով ընկերության վերջին նվաճումներին: Քննարկվել են ընկերության կողմից Հայաստանում իրականացվող գործունեության զարգացման հեռանկարները:

 Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրային խորհրդի և Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի միջև համագործակցության պայմանագիր էր ստորագրվել ուղիղ մեկ տարի առաջ` 2011 թվականի սեպտեմբերի ամսին Հայաստանում:

 Համագործակցության շրջանակներում նախատեսված է տարեկան մեկ անգամ այցելություն կատարել գործընկեր երկիր և քննարկել երկու խորհուրդների գործունեությունն ու համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, որի շրջանակներում էլ կատարվել էր Հանրային խորհրդի պատվիրակության այցը:

Այս խորագրի վերջին նյութերը