Ազգային ժողովում այսօր քննարկվում էր հանրապետության դատախազի պաշտոնը զբաղեցնող Աղվան Հովսեփյանի միջնորդագիրը` նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու և հանրահայտ գործով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:
Խնդրո առչնությամբ ելույթ ունեցան նաև մի շարք պատգամավորներ, այդ թվում` իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Գալուստ Սահակյանը: Վերջինս, ինչպես միշտ, աչքի ընկավ ոչ գրագետ իրավական ձևակերպումներով: Մասնավորապես, Գալուստ Սահակյանի ողջ ելույթը կառուցված էր այն թեզի վրա, որ Վարդան Օսկանյանին պետք է իր անմեղությունն ապացուցելու հնարավորություն ընձեռել, այն է` կողմ քվեարկել Աղվան Հովսեփյանի միջնորդությանը: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը դիպուկ նկատեց, որ ինչ-որ բանում մեղադրվող անձը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, այլ մեղադրողներն են, որ պետք է ապացուցեն վերջինիս մեղավորությունը:
Բայց սա դեռ ամենը չէ: Գալուստ Սահակյանն իր ողջ ելույթի ընթացքում անընդհատ կրկնում էր, թե Ազգային ժողովը դատարան չէ` այդպիսով, թերևս իր կուսակիցներին փորձելով համոզել, որ կողմ քվեարկելով Աղվանի միջնորդությանը` վերջիններս դատավճիռ չեն արձակում:
Առաջին հայացքից թվում է, թե Գալուստ Սահակյանը ճիշտ է. վերջիվերջո, Ազգային ժողովը դատական մարմին չէ: Բայց սա մակերեսային պատկերացում է Օրենսդիր իշխանության ներկայացուցչին պատգամավորական անձեռնմխելիություից զրկելու գործընթացի մասին:
Եվ ուրեմն, ի՞նչ է իրենից ներկայացնում օրենսդիր մարմնի ներկայացուցչին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը: Վարդան Օսկանյանի պարագայում այն սահմանվում է ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածի հետևյալ մասով.
«Պատգամավորին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել, կալանավորել կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել՝ առանց Ազգային ժողովի համաձայնության»:
Նույն հոդվածում, միաժամանակ, գրված է, որ «Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»:
Վերոգրյալից բխում է, որ պատգամավորներն իրենց գործընկերոջն անձեռնմխելիությունից զրկելու համաձայնություն տալիս պետք է առաջնորդվեն սեփական խղճով և համոզմունքներով:
Հիմա հասկանանք, թե ինչ ասել է համոզմունք: Դասական սահմանմամբ` համոզմունքը, ի տարբերություն ներշնչանքի, հիմնվում է մարդու կողմից գաղափարների ու տվյալների վերլուծության ու գնահատման արդյունքում դրանց գիտակցական ընդունման վրա: Տվյալ պարագայում, հետևաբար, պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու համաձայնություն տալիս կամ չտալիս` մնացյալ պատգամավորները պետք է վերլուծեն դատախազի կողմից ներկայացված մեղադրանքը, ինչպես նաև լսեն մյուս կողմին` պոտենցիալ մեղադրյալին, երկու կողմին ուղղեն իրենց հուզող հարցերը (ի դեպ, ԱԺ կանոնակարգ օրենքի 98-րդ հոդվածը հենց այդպիսի ընթացակարգ էլ սահմանում է), համադրեն փաստերն ու գնահատելով դրանք` գիտակցական, տրամաբանական, խելամիտ որոշում կայացնեն: Այսինքն` Ազգային ժողովը հանդես է գալիս որոշակի գնահատական տվողի դիրքերից:
ԱԺ կանոնակարգ օրենքի 98-րդ հոդվածով սահմանված այս ընթացակարգը, ինչպես նկատեցիք, նման է դատավարական գործընթացին, որին, որպես կանոն, մասնակցում են մեղադրանք առաջադրող դատախազը, պաշտպանվելու իր իրավունքն իրացնող մեղադրյալը և դատավորը, որն էլ, լսելով երկու կողմերին, համադրելով փաստերը, վճիռ է կայացնում: Արևմտյան պրակտիկայում գոյություն ունի նաև այսպես կոչված «երդվյալ ատենակալների» ինստիտուտը, որին էլ տվյալ պարագայում առավելապես նման է Ազգային ժողովի գործառույթը:
Ազգային ժողովն ըստ էության դատական գործառույթներ է իրականացնում նաև մեկ այլ` իմպիչմենտի գործընթացի պարագայում: Այսպես, իմպիչմենտն ի հայտ է եկել 14-րդ դարում` Անգլիայում, երբ օրենսդիր մարմնի ստորին` Ներկայացուցիչների պալատն իրեն իրավունք վերապահեց նախարարներին ներկայացնել վերին` Լորդերի պալատի դատաստանին: Անգլիայից այդ նորմը հետագայում անցել է ԱՄՆ` տեղ գտնելով այդ երկրի Սահմանադրությունում: Ինչպես և Անգլիայում, ԱՄՆ-ում նույնպես օրենսդիր մարմնի վերին պալատը` Սենատը հանդես է գալիս իբրև դատական ինստանցիա:
Եվ սա` օրենսդիր մարմնի դատական գործառույթը, տրամաբանական է, քանի որ վերջիվերջո ողջ գործընթացը իրենից ըստ էության դատական գործընթաց է ներկայացնում. դատախազը փորձում է հիմնավորել մեղադրանքը, մեղադրվողը պաշտպանվում է, պատգամավորներն էլ վերլուծում են փաստերն ու վճիռ կայացնում: Այսինքն` եթե պատգամավորը կողմ է քվեարկում դատախազի միջնորդությանը, նշանակում է` համադրելով դատախազից ու մեղադրվողից ստացված տեղեկատվությունը` պատգամավորը եկել է այն եզրահանգման, որ մեղադրանքը անհիմն չէ:
Աղվան Հովսեփյանի միջնորդության քննարկումը ակնհայտորեն ցույց տվեց, որ Վարդան Օսկանյանի նկատմամբ հնչող մեղադրանքները հիմնազուրկ են: Այն, որ Օսկանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, որևէ խելամիտ մարդ դեռևս չի ժխտել, այդ թվում` ԱԺ խմբակցություններից չորսը: Հետևաբար ԱԺ պատգամավորները, ելնելով իրենց խղճից և համոզմունքներից` բխած փաստերի ու փաստարկների համադրման ու սթափ վերլուծության վրա, որևէ կերպ չեն կարող կողմ քվեարկել Աղվան Հովսեփյանի միջնորդությանը: Հակառակ դեպքում պետք է փաստել, որ նրանք կա՛մ քաղաքական պատվեր են կատարում ու չեն ելնում իրենց խղճից և համոզմունքներից, ինչը Սահմանադրության խախտում է (Սահմանադրությունում իմպերատիվ գրված է, որ պատգամավորն առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով), կա՛մ խնդիր ունեն փաստերն ու փաստարկները սթափ ու խելամիտ կերպով համադրելու ու հարցի վերաբերյալ համոզմունք ձևավորելու հետ:
ԱԺ պատգամավորները պետք է գիտակցեն, որ ի հեճուկ Գալուստ Սահակյանի ոչ գրագետ իրավական ձևակերպումների՝ Ազգային ժողովը տվյալ պարագայում իրականացնում է դատարանի գործառույթներ և հանդես գալով գնահատական տվողի դիրքերից` «երդվյալ ատենակալների» նմանությամբ վճիռ է արձակում:
Հ.Գ. Ի դեպ, ԱԺ պատգամավորներից մեկը` Նիկոլ Փաշինյանն իր «Ցպահանջ արդարադատություն» վերտառությամբ հոդվածում հայտարարում է, որ կողմ է քվեարկելու Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին` իր դիրքորոշումը փորձելով հիմնավորել մարտի 1-ի ողբերգությանը Վարդան Օսկանյանի առնչությամբ: Նիկոլ Փաշինյանի մոտեցումը, սակայն, որևէ տրամաբանության չի տրվում: Բանն այն է, որ, ինչպես ասացինք, օրակարգային հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը պատգամավորը պետք է ձևավորի ՏՎՅԱԼ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԻ վերաբերյալ իր համոզմունքներից ելնելով, որոնք կձևավորվեն կողմերի` դատախազի և Օսկանյանի ներկայացրած փաստերն ու փաստարկները վերլուծելով, այլ ոչ թե Վարդան Օսկանյանի` այս կամ այն դեպքին, միջադեպին մասնակից, մեղսակից լինել-չլինելու, Վարդան Օսկանյանի անձնային լավ կամ վատ հատկանիշների մասին իր համոզմունքներից ելնելով: Այդ համոզմունքներից ելնելով պատգամավորը կարող է որոշում կայացնել, երբ համապատասխան հարցը կմտնի ԱԺ օրակարգ և կդառնա օրակարգային:
Ազգային ժողովն ու Վարդան Օսկանյանի հարցը
Բայց սա դեռ ամենը չէ: Գալուստ Սահակյանն իր ողջ ելույթի ընթացքում անընդհատ կրկնում էր, թե Ազգային ժողովը դատարան չէ` այդպիսով, թերևս իր կուսակիցներին փորձելով համոզել, որ կողմ քվեարկելով Աղվանի միջնորդությանը` վերջիններս դատավճիռ չեն արձակում:
Հետևաբար ԱԺ պատգամավորները, ելնելով իրենց խղճից և համոզմունքներից` բխած փաստերի ու փաստարկների համադրման ու սթափ վերլուծության վրա, որևէ կերպ չեն կարող կողմ քվեարկել Աղվան Հովսեփյանի միջնորդությանը: Հակառակ դեպքում պետք է փաստել, որ նրանք կա՛մ քաղաքական պատվեր են կատարում ու չեն ելնում իրենց խղճից և համոզմունքներից, ինչը Սահմանադրության խախտում է (Սահմանադրությունում իմպերատիվ գրված է, որ պատգամավորն առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով), կա՛մ խնդիր ունեն փաստերն ու փաստարկները սթափ ու խելամիտ կերպով համադրելու ու հարցի վերաբերյալ համոզմունք ձևավորելու հետ: