Լրահոս

02.10.2012 00:48


Դեսպան Մանուկյանի այցը Աջարիայի Ինքնավար Հանրապետություն

Դեսպան Մանուկյանի այցը  Աջարիայի Ինքնավար Հանրապետություն

ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի տոնակատարությունների շրջանակներում և Աջարիայի հայ համայնքի հետ հանդիպման նպատակով` Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանն այցելեց Աջարիայի Ինքնավար Հանրապետություն:

Սեպտեմբերի 29-ի առավոտյան ՀՀ դեսպանը և դեսպանության դիվանագիտական կազմը Բաթումիի Սուրբ Փրկիչ հայ առաքելական եկեղեցում մասնակցեցին հոգևոր հովիվ Տեր Արարատ Գումբալյանի կողմից տրված պատարագին:

Նույն օրը Բաթումիի «Բարեկամության տանը» Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց միջոցառում` նվիրված ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին, որին մասնակցեցին Աջարիայի հայերի միության, երիտասարդական և կանանց կազմակերպությունների ներկայացուցիչներ, եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցի սաներ, ինչպես նաև հայ համայնքային կյանքում ակտիվ մասնակցություն ունեցող անձիք: Միջոցառմանը ներկա էր նաև Բաթումիում ՀՀ նորանշանակ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը:

Դեսպան Մանուկյանը, հայ համայնքին ներկայացնելով նորանշանակ գլխավոր հյուպատոսին, հույս հայտնեց, որ նորանշանակ գլխավոր հյուպատոսը նոր լիցք կհաղորդի դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքներին, և, մասնավորապես, կնպաստի Աջարիայի հայ համայնքի մշակութային ու հոգևոր վերելքի գործին:

Դեսպանը բարձր գնահատեց Աջարիայի հայ համայնքի և Վրաստանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության միջև հաստատված կանոնավոր շփումները, կարևորեց հետագա համակարգված փոխգործակցությունն ու վրացահայ համայնքի դերակատարությունը Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում:

Ողջույնի խոսքով հանդես եկան Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, համայնքային կազմակերպությունների ղեկավարները և Աջարիայի հայերի հոգևոր հովիվ Տեր Արարատ Գումբալյանը:

Հանդիսության շրջանակներում Վրաստանում ՀՀ դեսպանության պատվոգրերի, շնորհակալագրերի և խրախուսական պարգևների արժանացան Աջարիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ:

Միջոցառման ավարտին համերգով հանդես եկան եկեղեցական երգչախմբի և կիրակնօրյա դպրոցի սաները:

Այս խորագրի վերջին նյութերը