Լրահոս

01.10.2012 17:22


ԲՀԿ–ն կլքի ԱԺ շենքը, բայց քվեարկության ընթացքը կհսկի

ԲՀԿ–ն կլքի ԱԺ շենքը, բայց քվեարկության ընթացքը կհսկի

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ ընդգծել է, որ Վարդան Օսկանյանին  փողերի լվացման գործով որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդագրի քննարկման ժամանակ իրենց խմբակցության պատգամավորները որևէ հարց չեն ուղղել ՀՀ գլխավոր դատախազին, քանի որ ի սկզբանե պարզ է՝ միջնորդությունը որևէ իրավական հիմք չունի, բացառապես քաղաքական կոմպոնենտ է պարունակում՝ ոււղված ոչ միայն ԲՀԿ ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Վարդանի Օսկանյանի, այլ նաև «Բարգավաճ Հայաստանի» դեմ։

–Սա քաղաքական պատվեր է «Բարգավաճ Հայաստանի» դեմ։ Այս մասին մենք տեղեկացնելու ենք միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին, այս մասին ես և իմ գործընկերը կխոսենք ԵԽԽՎ–ում։ «Բարգավաճ Հայաստանի» հետ որևէ մեկը չի կարող իրեն իրավունք վերապահել խոսել քաղաքական պատվերների և քաղաքական հաշվեհարդարի լեզվով։ ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունն այս քննարկումից հետո չի մասնակցելու այս քառօրյայի մնացած որևէ հարցի քննարկմանը, և մեր պատգամավորների ելույթներից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավորները կլքեն նիստերի դահլիճը, ԱԺ–ի շենքը, իսկ մեր հետագա մասնակցությունն ԱԺ աշխատանքներին մենք կքննարկենք այնուհետ։ Բայց դա չի նշանակում, որ երբ կկազմակերպվի քվեարկությունը, ԱԺ կանոնակարգի համաձայն ԲՀԿ–ի պատգամավորները չեն լինի տարածքում և չեն հսկի քվեարկությունը։ Մեզ համար արդեն պարզ է, թե քվեարկությունն ինչպես է լինելու։ Ֆիքսված են լինելու «Կենտրոն» հեռուստաընկերության տեսախցիկները, և ողջ քվեարկությունը հսկվելու է։ Ես ուղղակիորեն հորդորում եմ՝ չփորձել այլ մանիպուլյացիաներով խեղաթյուրել քվեարկության արդյունքները։ Ես դիմում եմ խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերին, նրանց, ովքեր դեմ են այս միջնոդրությանը, չմասնակցե՛լ քվերակությանը։ Մասնակցելով այդ քվեարկությանը՝ դուք ուղղակիորեն կլեգիտիմացնեք այս ֆարսը։ Այս կերպ մենք միաձայն մեր անհամաձայնությունը կհայտնենք Հայաստանում քաղաքական հաշվեհարդարներին,–հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը