Լրահոս

29.09.2012 10:24


Վահագն Չախալյանի ուղերձը ջավախահայությանը

Վահագն Չախալյանի ուղերձը ջավախահայությանը

Սիրելի հայրենակիցներ,

2012թ. հոկտեմբերի 1-ին Դուք գնալու եք քվեարկության՝ ընտրելու Վրաստանի խորհրդարանի կազմը: 

Ես կոչ եմ անում Ձեզ ընտրություն կատարելիս քաջ գիտակցել, որ քանի դեռ բանտում կամ աքսորում են գտնվում «Միասնական Ջավախքի» անդամները, այլ ջավախքահայ քաղաքական գործիչներ և ակտիվիստներ, Ջավախքում ոչ մի ընտրություն չի կարող ազատ, արդար և լեգիտիմ համարվել:

Ընտրություն կատարելիս քաջ գիտակցեք, որ Սաակաշվիլիի իշխանության մնալու դեպքում նոր թափ են ստանալու դեպի Ջավախք թուրքական ներթափանցման գործընթացները: Սաակաշվիլիի իշխանության մնալը նշանակում է, որ Ջավախքում բազմապատկվելու են անօրինական ձերբակալությունները և սեփականության բռնագրավման դեպքերը, բանտում են մնալու ջավախքահայ քաղբանտարկյալները, շարունակվելու է հայկական դպրոցների դեմ գրոհը, աշխատանքից են ազատվելու հայ ուսուցիչները և ծառայողները, խոնարհվելու են հայկական եկեղեցիները, մի խոսքով՝ շարունակվելու են այն բոլոր խայտառակ երևույթները, որոնց մենք ականատես ենք 2004-ից՝ Սաակաշվիլիի իշխանության գալու տարուց:

Այսօ՛ր, ա՛յս ընտրություններում Սաակաշվիլիի համար աշխատողները աշխատում են Ջավախքի հայաթափման ծրագրերի իրականացման օգտին, ինչը հանցանք է սեփական ազգի դեմ և պատժելի է ամբողջ խստությամբ: 

Սիրելի հայրենակիցներ, 

Ես կոչ եմ անում Ձեզ քվեարկության ժամանակ որոշում կայացնելիս կուլ չգնալ ճնշմանը և սպառնալիքներին: Առաջնորդվեք բացառապես Ձեր խղճի և համոզմունքների թելադրանքով և հայրենի Ջավախքի շահի գիտակցմամբ:

Վահագն Չախալյան,

Ռուսթավի  N1 քրեակատարողական հիմնարկ

Այս խորագրի վերջին նյութերը