Լրահոս

29.09.2012 09:05


Նամակ ՀՀ բնապահպանության նախարարին

Նամակ ՀՀ բնապահպանության նախարարին

ՀՀ բնապահպանության նախարար
պարոն Ա. Հարությունյանին

Հարգելի պարոն նախարար,

Սեպտեմբեր 27-ին «Առողջ Հրազդան խումբ» քաղաքացիական նախաձեռնության անդամները, քաղաքացիներից ստացված ահազանգի հիման վրա, դիտարկում են կատարել Հրազդանի երկաթահանքի հնարավոր շահագործման տարածքում: Ինչպես պարզվեց տեղում արդեն մոտ մեկ շաբաթ հորատման աշխատանքներ են կատարվում: Մեր ներկայացված պահանջին` ցույց տալ կատարվող աշխատանքների իրավական հիմքերը` հորատողները հայտնեցին, որ որևէ փաստաթուղթ չունեն: Հարցին, թե արդյո՞ք բնապահպանության նախարարությունը տեղեկացված է գործընթացի մասին, «Ֆորչուն Ռիզորսիս» ընկերության ներկայացուցիչը հեռախոսով հայտնեց, որ իրենց կողմից նման ծանուցում չի կատարվել: Ահազանգել ենք ՀՀ բնապահպանության նախարարության թեժ գծին, ինչպես նաև հեռախոսազրույց ենք ունեցել նախարարության բնապահպանական պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի պետի տեղակալի հետ, սակայն վերջինս հրաժարվեց գործնականում արձագանքել ահազանգին, պատճառաբանելով, որ համապատասխան ընթացակարգը նման հնարավորություն չի տալիս: 
Ցանկանում ենք անդրադառնալ նախորդ տաեվերջին Ձեր իսկ նախաձեռնությամբ հրավիրված բանապահպանների և «Ֆորչուն Ռիզորսիս» ընկերության ներկայացուցիչների հանդիպման արդյունքներին:
Հանդիպման ընթացքում փաստվեց, որ Հրազդանի երկաթահանքի շահագործման նախկին նախագիծն անցել է հասարակական լսումների “քողարկված” ընթացակարգով, իսկ համապատասխան ՊՈԱԿ-ի կողմից իրականացված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը իրականացվել է աղաղակող թերություններով, ինչը զարմանալի չէ, քանի որ հիշյալ հանքը հանդիսանում է տվյալ պահին որպես բնապահպանության նախարար պաշտոնավարող Վարդան Այվազյանի սեփականությունը: Փորձաքննության եզրակացության մեջ սևով սպիտակի վրա գրված է, որ “հանքավայրի շրջանում բացակայում են ջրային ռեսուրդները և մշակովի հողերը”, այնինչ հանքային մարմնից ընդամենը 80-100 մետր հեռավորության վրա է գտնվում Հայաստանի խմելու ջրի ամենաջրառատ աղբյուրները, որոնք ջուր են մատակարարում Հրազդան, Ծաղկաձոր, Աբովյան քաղաքներին, նույն բլրի ստորոտով են անցնում Հրազդան գետը Մարմարիկ վտակի հետ միասին, Սևան-Հրազդան կասկադի ջրատարը, որոնք 500 մետր հանքային մարմնից հեռու գտնվող Ծովինար ջրամբարի հետ կազմում են Արարատյան դաշտավայրի ոռոգման կարևորագույն հանգույցը: Իսկ հանքավայրի տարածք համարվող հողակտորների վրա այս տարի սեփականատերերը կանաչ ոլոռի, ցորենի և գարու բարձր բերք են ստացել:
Հանդիպման արդյունքում «Ֆորչուն Ռիզորսիս» ընկերության տնօրենը տեղեկացրեց, որ չեն աշխատելու հանքի շահագործման նախկին նախագծով և պատվիրել են նոր նախագիծ, իսկ դուք ամփոփելով հանդիպումը Ձեր կողմից հավաստիացրեցիք, որ նոր նախագիծը կանցնի ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր ընթացակարգերը` այդ թվում, հասարակական լսումներ, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն և այլն:
Ակնկալում ենք հարգալից վերաբերմունք առ Ձեր խոստումը, ինչը ենթադրում է տարածքի հանդեպ որևէ միջամտության բացառում մինչև ՀՀ օրենքներով նախատեսված, հանքի շահագործման համար անհրաժեշտ, բոլոր ընթացակարգերի կայացումը, ինչպես նաև խնդրում ենք տրամադրել պարզաբանումներ կատարվող աշխատանքների իրավական հիմքի և այդ մասին նախարարության իրազեկության մասին:
Հարգանքներով,
«Առողջ Հրազդան խումբ » քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը