Լրահոս

28.09.2012 17:13


Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 20-ամյակը

Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 20-ամյակը

Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակն իր ռազմավարական գործընկերների` պետական պաշտոնյաների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ այսօր տոնում է Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 20-ամյակը:    

Տոնակատարությունների գլխավոր միջոցառումը պաշտոնական ընդունելությունն է Երևանի Սիրահարների այգում, որի ընթացքում հանրությանը ներկայացվեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի 20-ամյա գործունեության արդյունքները պատկերող լուսանկարների ալբոմը:

ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան նշեց. «Անկարող եմ բավարար չափով ընդգծել կարևորությունը, որ ՄԱԿ-ը տալիս է հայաստանյան հասարակության տարբեր դերակատարների հետ իր գործընկերությանը: Ռազմավարական գործընկերությունը կառավարության, մասնավոր հատվածի, գիտակրթական ոլորտի, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների հետ օգնել է ցույց տալ մեր՝ անկողմնակալ աջակցողի և խթանողի դերը դեպի գործուն ժողովրդավարություն և շուկայական տնտեսություն Հայաստանի անցման փուլում»:

«Անցած 20 տարիներին իր գործընկերների հետ ՄԱԿ-ն անհաշվելի օգուտներ է տվել երկրին՝ թափանցիկությամբ, շիտակությամբ և անկողմնակալությամբ. հատկանիշներ, որ ՄԱԿ-ի աշխատաոճի առանձնահատկությունն են: Մենք նպաստել ենք մարդկային կայուն զարգացման առաջխաղացմանը և Հազարամյակի զարգացման տեղայնացված նպատակների իրագործմանը՝ պետության կարողությունների  զարգացման, օրենսդրական համակողմանի բարեփոխումների աջակցման և սոցիալական կապերի ու երկրի դիմակայունության ամրապնդման միջոցով»,- ավելացրեց նա: Իմ խորին երախտիքն եմ հղում Հայաստանի ժողովրդին, որը խորապես հավատում է հանուն խաղաղության, կայուն զարգացման և մարդու իրավունքների մեր աշխատանքին»,- ավելացրեց նա:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց. «ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը մեր հուսալի գործընկերն է և աջակցել է կայուն զարգացմանն ուղղված Հայաստանի ջանքերին: Միավորված ազգերի կազմակերպության աշխատանքը հասնում է երկրի բոլոր անկյուններ, ներգործում մեր կյանքի վրա և նպաստում մեր երկրի բարեկեցությանը»:

Դաֆինա Գեռչևան նաև շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի բոլոր գործընկերներին, մասնավորապես կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցներին՝ իրենց համագործակցության և ՄԱԿ-ի՝ Հայաստանում գործող տարբեր հաստատությունների աշխատանքին աջակցելու համար:

Այս միջոցառմամբ մեկնարկում է Հայաստանում ՄԱԿ-ի ամիսը: Այս նշանակալից իրադարձության տոնակատարության շրջանակներում ՄԱԿ-ը Արտաքին գործերի, Տրանսպորտի և հաղորդակցության նախարարությունների և «ՀայՓոստի» հետ կկազմակերպի ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 20-ամյակին և ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայության 20-րդ տարեդարձին նվիրված հատուկ փոստային նամականիշի մարման արարողությունը, որը տեղի կունենա ՄԱԿ-ի օրը՝ հոկտեմբերի 24-ին:

ՄԱԿ-ի օրը Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության առավել պրոֆեսիոնալ լուսաբանման համար հայաստանցի լրագրողներին կշնորհվեն լրագրության ասպարեզում ՄԱԿ-ի մրցանակները: ՄԱԿ-ի մասնագիտական ժյուրին հաղթողներին կընտրի՝ հիմք ընդունելով նրանց մասնագիտական պատրաստվածության, ստեղծագործականության և Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության խոր իմացության չափանիշները: Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել http://www.un.am/am/Contests/886:

Նույն օրը ՄԱԿ-ի գրասենյակում կբացվի լուսանկարների պատմական ցուցահանդես: Այն կպատկերի ՄԱԿ-ի աշխատանքն ու ձեռքբերումները՝ ի աջակցություն կայուն զարգացման ուղղությամբ երկրի գործադրած ջանքերի, և կբարձրացնի հանրային իրազեկման մակարդակը ՄԱԿ-ի արժեքների վերաբերյալ: Ի լրումն լուսանկարների ցուցահանդեսի՝ կկազմակերպվեն բանավեճեր ՄԱԿ-ի դերի և ձեռքբերումների վերաբերյալ:

Առաջիկա ամսվա ընթացքում ՄԱԿ-ի մշտական համակարգողը և գործակալությունների, հիմնադրամների ու ծրագրերի ղեկավարները նաև Հայաստանի համալսարանների ուսանողների հետ կքննարկեն ՄԱԿ-ի դերը մարդու իրավունքների, խաղաղության առաջմղման և մարդկային զարգացման խթանման հարցում: Երևանի տարբեր համալսարաններին կբաշխվի ՄԱԿ-ին առնչվող գրականություն՝ ՄԱԿ-ի ավանդապահ գրադարաններից մեկը հյուրընկալող Հայաստանի ազգային գրադարանի շրջիկ գրադարան-ավտոբուսի միջոցով:

1945 թվականի հոկտեմբերի 24-ին՝ վաթսունյոթ տարի առաջ ուժի մեջ մտավ ՄԱԿ-ի հիմնադիր կանոնադրությունը: Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը բացվել է 1992 թվականի դեկտեմբերին՝ 1992-ի մարտին Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցելուց հետո:

 

Այս խորագրի վերջին նյութերը