Լրահոս

28.09.2012 13:15


ՀՀ արդարադատության նախարարությունը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների ապատեղեկատվությունը

ՀՀ արդարադատության նախարարությունը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների ապատեղեկատվությունը

Սեպտեմբերի 19-21 Վիեննայում անցկացված Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարների 31-րդ համաժողովի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունը, թե իբր իրենք կանխել են հայաստանյան պատվիրակության փորձը՝ անդրադառնալ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խնդրին, իրականությանը չի համապատասխանում: Նման քննարկում ընդհանրապես նախատեսված չէր, և չէր էլ կարող լինել, քանի որ համաժողովի կազմակերպիչները խստագույնս պահպանում էին նախապես հաստատված օրակարգը և թեման:

Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարների 31-րդ համաժողովի թեման էր «Քաղաքային բռնություն, անչափահասները՝ որպես հանցագործ և զոհ», և համաժողովին մասնակցող բոլոր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների ելույթները բացառապես նշված թեմային են վերաբերել:

Այդուամենայնիվ, առիթն օգտագործելով, ՀՀ արդարադատության նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալներ Գրիգոր Մուրադյանը և Եղիշե Կիրակոսյանը, քարտուղարության միջոցով գրավոր հայտարարություն են հղել համաժողովի մասնակիցներին, որը վերաբերում էր Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը և ապա ներում շնորհելուն: Հայտարարությունում, մասնավորապես, նշված է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը խստորեն դատապարտում է Հունգարիային` Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու և Ադրբեջանին՝ վերջինին ներում շնորհելու համար, քանի որ երկու պետություններն էլ այդպիսով խախտել են միջազգային իրավունքը, այդ թվում՝ Եվրախորհրդի շրջանակներում իրենց պարտավորությունները, մասնավորապես Ստրասբուրգի՝ դատապարտյալ անձանց արտահնձնելու վերաբերյալ 1983 թվականի կոնվենիցան:

Իսկ համաժողովի աշխատանքների ավարտին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանն իր ամփոփիչ ելույթում առաջարկել է ֆորումի շրջանակներում առաջիկայում քննարկման առարկա դարձնել այս թեման, որպեսզի ապագայում կանխվեն միջազգային իրավունքի նման խախտումները:
ՀՀ արդարադատության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը