Լրահոս

27.09.2012 15:31


ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 43 մլն եվրո օժանդակություն

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 43 մլն եվրո օժանդակություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը: «Համոզված ենք, որ Ձեր այցը Հայաստան նոր թափ կհաղորդի մեր երկկողմ համագործակցությանը: Անցյալ ժամանակահատվածում բավականին մեծ ծավալի աշխատանք ենք կատարել: Մեր կողմից ստանձնած պարտավորություններն ամբողջ ծավալով և ժամանակին իրականացվել են»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի առաջնային նպատակներից մեկը Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումն է: Վարչապետն ընդգծել է այդ ուղղությամբ կատարվող բարեփոխումների և երկկողմ բանակցությունների հաջող ընթացքը և նշել, որ Հայաստանը պատրաստ է հետագայում ևս շարունակել դրանց արագ և արդյունավետ գործընթացը: 
Փաստելով բարեփոխումների իրականացման ուղղությամբ Հայաստանի կառավարության կատարած մեծ ծավալի աշխատանքը՝ Շտեֆան Ֆյուլեն կարևորել է դրանց արդյունավետ շարունակականությունը: «Ես տեսնում եմ կատարված բարեփոխումների ծավալը: Մենք կշարունակենք հնարավորինս արդյունավետորեն օգնել ձեզ, որպեսզի բարեփոխումների ներուժը բարձր լինի»,- ասել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարը: Շտեֆան Ֆյուլեն մեծ առաջընթաց է արձանագրել վիզաների դյուրացման և Ռեադմիսիայի համաձայնագրերի ստորագրման բանակցություններում և նշել, որ դրանց ստորագրումը կարող է տեղի ունենալ արդեն մոտ ապագայում: 
Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարն ասել է, որ ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական օժանդակությունը կշարունակի կիրառվել «ավելին ավելիի» դիմաց սկզբունքով: Նա հիշեցրել է, որ 2012 թվականին Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 60 մլն եվրո ու ևս 15 մլն եվրո՝ հենց «ավելին ավելիի» դիմաց սկզբունքի շրջանակում: 
Միաժամանակ, Շտեֆան Ֆյուլեն առաջարկել է Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագիրը փոխարինել Ասոցացման օրակարգով: 
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև դոնորների կոնֆերանսի անցկացմանը, որի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: 
Կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի կողմից ոճրագործ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու հարցը: Մասնավորապես, վարչապետը նշել է, որ եվրոպական հանրության գնահատականներն այդ հարցում պետք է լինեն հստակ: Կառավարության ղեկավարը Շտեֆան Ֆյուլեի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությանը, սպառազինության ուղղությամբ մեծածավալ միջոցների հատկացմանը, այդպիսով շարունակելով նախապատրաստվել պատերազմի: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ԵՄ-ն պետք է հստակ ընդգծի, որ չի հանդուրժի ուժի կիրառում, հակառակ պարագայում՝ այդ սկզբունքը խախտողի նկատմամբ կկիրառի միջազգային պատժամիջոցներ:
Հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև ստորագրվել են «Եվրոպական Միություն-Հայաստան համաձայնագրերին կից շրջանակային ծրագիր-տարեկան գործողությունների ծրագիր-2011» և «Աջակցություն Հայաստանի կառավարությանը Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման և ապագա Ասոցացման համաձայնագրի նախապատրաստման համար-փուլ 2-Տարեկան գործողությունների ծրագիր-2011» ֆինանսական համաձայնագրերը:
Համաձայնագրերը, որոնցով Հայաստանին ընդհանուր առմամբ կտրամադրվի 43 մլն եվրոյի օժանդակություն, ստորագրել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Այս խորագրի վերջին նյութերը