Լրահոս

26.09.2012 14:42


Երևանում մեկնարկեց «Մոլեկուլային և բջջային կենսաբանության զարգացման հեռանկարներ-3» միջազգային գիտաժողովը

Երևանում մեկնարկեց «Մոլեկուլային և բջջային կենսաբանության զարգացման հեռանկարներ-3» միջազգային գիտաժողովը

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Մոլեկուլային և բջջային կենսաբանության զարգացման հեռանկարներ–3» երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպել է Մոլեկուլային և բջջային կենսաբանության և իմունաբանության հայկական ասոցիացիան: Գիտաժողովին մասնակցում են Հայաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ռուսաստանի դաշնության երիտասարդ գիտնականներ:

Ներկայացված զեկույցների արդյունքների հիման վրա տեղի կունենա մրցանակաբաշխություն,  և կշնորհվի երեք մրցանակ՝ 1. գիտությունների թեկնածուի լավագույն զեկույց, 2. մագիստրոսի և/կամ ասպիրանտի լավագույն զեկույց,  3. ստենդային լավագույն աշխատանք անվանակարգերում: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-12։00:

Երիտասարդ գիտնականների մասնագիտական հետաքրքրությունները խթանելու և մոլեկուլային կենսաբանության արդի հաջողություններին նրանց ծանոթացնելու նպատակով հանրահայտ արտերկրյա գիտական կենտրոններից, ինչպիսիք են Տորոնտոյի համալսարանը, Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը, Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը, Հարավային դաշնային համալսարանը և Չիկագոյի համալսարանը, հրավիրվել են առաջատար գիտնականներ՝ հանդես գալու պլենար զեկույցներով:

Գիտաժողովի շրջանակներում սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10։00-ին, տեղի կունենա կլոր սեղան` «Գիտակրթական խնդիրներ` գիտություն և հասարակություն» թեմայով:

Գիտաժողովին աջակցել են Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը, Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը (NFSAT), Գիտության զարգացման հիմնադրամը, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը և ՀՀ ԳԱԱ-ն:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը