Լրահոս

26.09.2012 13:04


Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է

Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է

Այսօր մեծագույն երգահան, երաժշտագետ, վարդապետ Կոմիտասի ծննդյան օրն է: Կոմիտասը վաստակն անգնահատելի է հայ երաժշտական մշակույթի պատմական զարգացման ճանապարհին: Կոմիտասը, հիմնվելով հայ երաժշտության խոր և բազմակողմանի ուսումնասիրության վրա՝ հայտնաբերեց ազգային արվեստի ինքնատիպության հուսալի ակունքները, գիտնականին հատուկ հետևողականությամբ հետազոտեց և բացահայտեց այդ ինքնատիպության օրինաչափությունները: Կոմիտասը հրապարակախոսին հատուկ կրքոտությամբ պաշտպանեց հայ երաժշտության ինքնուրույնության գաղափարը, հոգատարությամբ հավաքեց հայ գեղջուկի երգերը, մշակեց և իր ոգեշունչ կատարմամբ խթանեց ազգային հոգևոր արժեքների տարածումն ու ճանաչումը: Նա մաքրեց հայ երաժշտությունը օտար տարրերից ու թողեց մի երգի ահռելի գանձարան:

Կոմիտասը` Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869թ. Թուրքիայի Քյոթահիա քաղաքում: Ընդամենը մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տասը տարեկանում կորցնում է հորը։ Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի՝ Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար։ Նա գնում է Էջմիածին և այնտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է թողնում կաթողիկոսի վրա։ Ի վերջո 20 թեկնածուների միջից ընտրվում է Սողոմոնը։ 1890 թվականին դառնում է սարկավագ, 1893 թվականին ավարտում է Գևորգյան հոգևոր Ճեմարանը։ Նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։1895 թվականին Կոմիտասին տրվում է վարդապետի աստիճան։ Նույն թվականի աշնանը նա մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու։ Սակայն հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին՝ փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացը։
Կաթողիկոսի բարեխոսությամբ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից՝ Կոմիտասը մեկնում է Բեռլին, ուր արձանագրվում է «Կայզեր Ֆրիդրիխ Վիլհելմ» համալսարանում և երաժշտական ուսումնասիրություն կատարում Ռիխարդ Շմիդտի ձեռքի տակ։ 1899-ին նա վերադառնում է Էջմիածին և սկսում է ղեկավարել տղամարդկանց բազմաձայն երգչախումբը։ Ճամփորդում է երկրի բոլոր շրջանները, գյուղերը, փնտրելու զանազան ժողովրդական երգեր և պարեր։ Այսպիսով նա հավաքում է մոտավորապես 3000 երգ, նրանցից մեծ մասը հարմարեցրած էր երգչախմբով երգելու համար։ Կոմիտասի գլխավոր աշխատանքը իր պատարագն է, որը մինչև այսօր ներկա է եկեղեցու ծիսակատարության մեջ։ Պատարագի մշակումը նա սկսել էր 1892 թվականին, բայց երբեք չավարտեց՝ Առաջին Համաշխարհային Պատերազմի սկսման պատճառովԿոմիտասը առաջին ոչ-եվրոպացին էր որ ընդունվեց Միջազգային Երաժշտական Ընկերություն։ Նա բազմաթիվ դասախոսություններ և կատարումներ էր ունենում ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում, ներկայացնելով մինչև այդ ժամանակը շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը։ 1910 թվականից հետո նա ապրել և աշխատել է Պոլսում։ Այնտեղ նա հիմնել է «Գուսան» երգչախումբը 300 անդամով։ 1915 թվականի Ապրիլ 24-ին, երբ Հայոց Եղեռնը սկսվեց, նա շատ ուրիշ հայ մտավորականների պես, ձերբակալվել է և հարկադրվել քայլել աքսորի ճամփան դեպի Արաբիայի անապատները։ Նրա լավ ընկերը՝ թուրք բանաստեղծ Էմին Յարդաքուլը և ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուն միջամտել են կառավարությանը և Կոմիտասը ազատվել է։ Բայց նրա հավաքած աշխատանքի մի մասը կործանվել էր այս դեպքերի ժամանակ, և նա երբեք ամբողջովին չվերականգնվեց այս փորձառությունից։ Նա վերջը տեղափոխվեց Փարիզ, որտեղ էլ մահացավ հոգեբուժական կլինիկայում 1935 թվականին։ Հաջորդ տարի նրա աճյունը փոխադրվել է Երևան։ 

Այս խորագրի վերջին նյութերը