Քաղաքական

24.09.2012 12:29


Հարցվածների 30,4%-ը նախագահի թեկնածու է տեսնում ԲՀԿ առաջնորդին

Հարցվածների 30,4%-ը նախագահի թեկնածու է տեսնում ԲՀԿ առաջնորդին

«Հանրապետությունում ընտրողների ընդդիմադիր հատվածի 30,4%-ը ՀՀ նախագահի թեկնածու է տեսնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին»,–այսօրվա ասուլիսին հայտնել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը՝ նշելով, որ հարցումները անց են կացվել Հայաստանի բոլոր մարզերի 1650 ընտրողների շրջանում։

Հարցվածների 10,1%-ն ասել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու է տեսնում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 8,7%-ը՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, 4%-ը՝ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին։

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանին նախագահի թեկնածու է տեսնում հարցվածների 3,4%-ը, իսկ ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանին՝ 2,5%-ը:

«Ծառուկյանի հաղթանակին հավատում է ամեն երրորդը: Սա բավականին լուրջ թիվ է: Բայց նա մի ուրիշ խնդիր ունի՝ պետք է մյուս ընտրողներին համոզի, որ եթե իրեն տան ձայները, միասին հաղթանակ կտանեն։ Իսկ այն հարցադրմանը, թե ում կտան իրենց ձայնը, եթե իրենց նախընտրած թեկնածուն չառաջադրվի նախագահական ընտրություններին, հարցվածների 13%-ը նշել է Գագիկ Ծառուկյանի անունը, ինչը մեծամասնություն է կազմում»,-ասել է բանախոսը։

Երկրորդ տեղում Ռոբերտ Քոչարյանն է՝ 10,1% ձայնով, այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 6,5%-ով, Վահան Հովհաննիսյանը՝ 2,3%-ով, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 1,8%-ով, Արմեն Ռուստամյանը՝ 1,4%-ով:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը