Լրահոս

24.09.2012 10:27


ԵՀՄՖ-ը մտադիր է Սաֆարովի գործով դիմել Հաագայի միջազգային դատարան

ԵՀՄՖ-ը մտադիր է Սաֆարովի գործով դիմել Հաագայի միջազգային դատարան

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանն անցյալ ուրբաթ մամլո ասուլիսի ժամանակ ներկայացրել էր Հունգարիայի և Ադրբեջանի կառավարությունների դեմ ադրբեջանցի մարդասպանի արտահանձման շուրջ պատրաստվող իրավաբանական հայցի վերաբերյալ տեղեկատվություն: Հունգարական տեղեկատվական գործակալությունը /MTI/ այն արդեն հրապարակել է և ստորև ներկայացնում ենք նրա թարգմանությունը:

«Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը (ԵՀՄՖ) հունգարական կառավարությունից սպասում է ներողության հայցում և ադրբեջանցի զինվոր Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հիմնավորում»,-ուրբաթ օրը Բրատիսլավայում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը: 

Աշոտ Գրիգորյանի խոսքերով ԵՀՄՖ-ն մտադիր է Սաֆարովի գործով դիմել Ստրասբուրգի մարդու իրավունքների միջազգային դատարան և Հաագայի միջազգային դատարան: «Ներկա պահին աշխատում են իրավաբանության ոլորտում փորձագետների մի խումբ, ովքեր կկազմեն հայցը: Այն կարող է պատրաստ լինել արդեն մի քանի ամսից, և երբ այն ամբողջովին կվերջացնենք, հունգարա-ադրբեջանական գործը կհանձնենք դատարան»,- MTI-ին հայտնել է Աշոտ Գրիգորյանը: «ԵՀՄՖ-ի դռները բաց են հունգարական կողմի հետ այս հարցը քննարկելու և կարգավորելու համար: Մենք կցանկանայինք լսել հունգարական կառավարության տեսակետը, բայց դա չի նշանակում, որ մենք կդադարեցնենք հայցի պատրաստման գործընթացը», - ընդգծեց Աշոտ Գրիգորյանը:

ԵՀՄՖ-ն ենթադրում է, որ գործընթացի ժամանակ հունգարական կառավարության կողմից սխալ է թույլ տրվել, քանի որ վերջինս կարող էր ենթադրել, որ Սաֆարովն ազատ կարձակվի: «Մենք գիտենք, որ Հունգարիայի ղեկավարությունն այդքան միամիտ չէ` հավատալու, որ Սաֆարովն Ադրբեջանում բանտում կմնա, քանի որ 2005թ. նրա պատվին Բաքվում փողոց էր անվանվել»,- հայտնեց ԵՀՄՖ նախագահը:

ԵՀՄՖ կարծիքով՝ Հունգարիան պետք է նախաձեռնի, որ ադրբեջանցի զինվորին ետ հանձնեն Հունգարիա, որպեսզի վերջինս կրի պատիժն ազատազրկման վայրում: «Բավարար կլինի, եթե ընդունեն, որ արտահանձնման գործընթացում սխալ է տեղի ունեցել և այն շտկեն,- նշեց Աշոտ Գրիգորյանը,- եզրափակելով՝ այդպիսով՝ Հունգարիան «կմաքրվի»»:

Այս խորագրի վերջին նյութերը