Լրահոս

22.09.2012 11:12


ԵԱՀԿ ԽՎ նախագահը դատապարտել է Սաֆարովի հետ կապված դեպքը

ԵԱՀԿ ԽՎ նախագահը դատապարտել է Սաֆարովի հետ կապված դեպքը

Ստրասբուրգում նախօրեին կայացել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորիի հանդիպումը վերջինիս նախաձեռնությամբ:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ԵԱՀԿ ԽՎ նախագահը դատապարտել է Սաֆարովի հետ կապված դեպքը` դրական գնահատելով բանակցային գործընթացից դուրս չգալու Հայաստանի պահվածքը: Տարածաշրջանային խնդիրների կարգավորման առումով` Միլյորին կարևոր է համարել հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը և այս համատեքստում առանձնացրել է խորհրդարանների դերակատարությունը: Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին` ԵԱՀԿ ԽՎ նախագահը կարծիք է հայտնեց, որ հիմնախնդիրը պետք է լուծվի մադրիդյան սկզբունքների հիման վրա:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաև կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Հովիկ Աբրահմյանը ընդգծել է, որ հայկական կողմը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն և միակ ձևաչափ` նշելով, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմքը` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու այդ իրավունքի իրականացումն է:

«Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով և կարևորում է փոխվստահության մթնոլորտի հաստատումը` բանակցությունները կառուցողական ուղով շարունակելու համար: Իսկ Ադրբեջանի պահվածքը և վերջին իրադարձությունները` կապված սաֆարովյան գործի հետ վտանգում են բանակցային գործընթացը և սպառնում տարածաշրջանի կայունությանը»,- նշել է ԱԺ նախագահը:

Այս խորագրի վերջին նյութերը