Լրահոս

20.09.2012 10:34


Նաիրա Զոհրաբյան. «Դա բացարձակ ապատեղեկատվություն է»

Նաիրա Զոհրաբյան. «Դա բացարձակ ապատեղեկատվություն է»

«Հրապարակ»–ի այսօրվա հրապարակման մեջ թերթը գրել է, իբր ԲՀԿ–ն երեկ նիստ է հրավիրել ու կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն իր թիմակիցներին ասել է, թե 2013-ի նախագահական ընտրություններում իրենք աջակցելու են նախագահ Սերժ Սարգսյանին՝ որոշ նախարարական պորտֆելների դիմաց։

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «7օր»-ի հետ զրույցում այդ տեղեկությունը բացարձակ ապատեղեկատվություն է անվանել.

Բացարձակ ապատեղեկատվություն է և վստահաբար կարող եմ ասել, որ հատուկ դիտավորությամբ է շրջանառվել այդ տեղեկատվությունը։ Տեղի է ունեցել ընդամենը մեկ քննարկում, որին մասնակցել են ԲՀԿ–ի այն պատգամավորները, որոնք ներկայացված են միջազգային կազմակերպություններում ու վեհաժողովներում, և քննարկվել է ընդամենը մեկ հարց՝ միջազգային կառույցներում ԲՀԿ ներկայացուցիչների աշխատանքի արդյունավետության խնդիրը, ինչպես կազմակերպել աշխատանքը միջազգային հարթակներում մեր երկիրը առավել արդյունավետ ու պատվով ներկայացնելու համար։ Այդ քննարկման ժամանակ որևէ բառ, նախադասություն, հարց նախագահական ընտրությունների վերաբերյալ չի հնչել։ Այդ հանդիպումից բացի, որևէ այլ վայրում, լինի դա կոնյակի գործարանը կամ այլ վայր, ԲՀԿ–ի քաղխորհրդի որևէ նիստ չի հրավիրվել։ Սա հերթական ապատեղեկատվությունն է, որ հերթական  անգամ այդ լրատվամիջոցը փորձում է դնել շրջանառության մեջ։

Հարցին՝ ինչու են նմանատիպ ապատեղեկատվությունները վերջին շրջանում այդքան շատ շրջանառվում, Զոհրաբյանը պատասխանել է, որ նման կերպ ապատեղեկատվության պատվիրատուները փորձում են ստահոդ լուրերով ճշտել ԲՀԿ–ի վերաբերմունքը նախագահական ընտրությունների վերաբերյալ.

Շատ պրիմիտիվ տեխնոլոգիա, ոչ ավել։

Հարցին ու միաժամանակ դիտարկմանը, որ դա անկասկած իշխանության տարածած ապատեղեկատվությունն է, Նաիրա Զոհրաբյանն արձագանքել է.

–Ինչպես ասում են, դուք ասացիք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը