Լրահոս

18.09.2012 12:21


Կամրջելով կրթության և աշխատանքային շուկայի միջև եղած անջրպետը

Կամրջելով կրթության և աշխատանքային շուկայի միջև եղած անջրպետը

Գործազրկությունը Հայաստանի ամենակարևոր սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներից է, և երիտասարդների գործազրկությունն այս համատեքստում ամենակարևոր հարցն է: Առանձնահատուկ է կրթություն ստացած երիտասարդների հետ կապված իրավիճակը: Մի կողմից երիտասարդները պնդում են, որ արժանապատիվ աշխատանք գտնելը հիմնական մարտահրավերներից մեկն է, հատկապես եթե բացակայում է աշխատանքային փորձը: Մյուս կողմից ընկերություններն ու կազմակերպությունները պնդում են, որ նորավարտ երիտասարդները ֆորմալ կրթությունից անմիջապես հետո պատրաստ չեն անմիջականորեն ներգրավվել աշխատաշուկայում, քանի որ չունեն աշխատանքային փորձ, մրցունակ հմտություններ ու գործնական գիտելիքներ իրենց մասնագիտական ոլորտում:

Այսօր, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան և Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (ԱՀԱԸ) հայաստանյան ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանը ստորագրեցին համաֆինանսավորման վերաբերյալ համաձայնագիր՝ ազդարարելու «Երիտասարդների առաջխաղացման արահետ» (ԵԱԱ) ծրագրի չորրորդ փուլի մեկնարկը: Ծրագրի հիմնական նպատակն է օժանդակել գործազուրկ երիտասարդներին աշխատանք փնտրելու անցումային շրջանում` տրամադրելով  անմիջական զբաղվածության հնարավորություն պրակտիկայի միջոցով: Վճարվող պրակտիկայի տևողությունը վեց ամիս է, և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը, գործատու կազմակերպությունների հետ համագործակցությամբ, պատասխանատու կլինի մրցակցային հիմունքներով 60 պրակտիկանտների ընտրության և տեղավորման համար:

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը ԵԱԱ-ի այս փուլի հովանավորն է, քանի որ վստահ է, որ Հայաստանում երիտասարդների զբաղվածությունը գլխավոր քայլերից մեկն է՝ տնտեսության, ինչպես նաև հասարակության ներսում սոցիալական հենքի պահպանման և ընդլայնման համար: ԱՀԱԸ-ն ոչ առևտրային կազմակերպություն է, որն աջակցում է կարիքավոր մարդկանց 24 երկրներում: Այն հիմնադրվել է 1918 թվականին, ԱՄՆ-ում:

«ԱՀԱԸ-ն և ՄԱԶԾ-ն վերջին երկու տարիների ընթացքում գործընկերային հարաբերություններ են հաստատել, քանի որ կիսում են միմյանց մտահոգությունները՝ կապված Հայաստանի տնտեսական պայմանների հետ: Երկու կազմակերպություններն էլ մտահոգ են երիտասարդների գործազրկության խնդրով, որը հանգեցրել է Հայաստանից երիտասարդության զանգվածային արտահոսքի: «Երիտասարդների առաջխաղացման արահետ» ծրագիրը կօգնի կանխել երիտասարդների արտահոսքը Հայաստանից: ԱՀԱԸ-ն և ՄԱԶԾ-ն ուսումնասիրում են համագործակցության հնարավոր այլ ոլորտներ ևս»,- նշեց Հարութ Ներսեսյանը:

«Մեր գործընկերության գլխավոր արդյունքը թիրախային արձագանքն է զբաղվածության հետ կապված այն մարտահրավերներին, որոնց բախվում է Հայաստանի երիտասարդությունը: Այս ոլորտում մեր փորձը մեզ դարձնում է լավագույն գործընկեր՝ աջակցելու երիտասարդների կարողությունների երկարաժամկետ զարգացմանը»,- իր բացման խոսքում ասաց Դաֆինա Գեռչևան:

ԵԱԱ-ն վճարովի պրակտիկայի ծրագիր է, որը երիտասարդ մասնագետներին հնարավորություն է տալիս առաջին անգամ ներգրավվելու իրենց կրթությանը համապատասխանող աշխատանքում և ձեռք բերելու արժեքավոր աշխատանքային փորձ ու գործնական գիտելիքներ, որը կնպաստի նրանց մրցունակությանն աշխատաշուկայում: Այն կրթություն ստացած, սակայն գործազուրկ հանդիսացող երիտասարդներին (նորավարտ) ապահովում է առաջին վճարովի մասնագիտական աշխատանքային փորձով՝ նրանց նախապատրաստելու և լավագույնս նախապատրաստելու հետագա զբաղվածության համար:

2007-2009 թվականներին ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակն իրականացրել է ԵԱԱ  ծրագրի  երեք փուլ, ինչի արդյունքում այն մեծ ճանաչում և պահանջարկ է ձեռքբերել ինչպես բուհերի շրջանավարտների, այնպես էլ գործատուների շրջանում: Ընդհանուր առմամբ, 118 նորավարտ երիտասարդներ ԵԱԱ պրակտիկա են անցել Երևանում և Հայաստանի 6 մարզերում, և պրակտիկանտների մոտ 50 տոկոսին ծրագրի ավարտից հետո մշտական աշխատանք է առաջարկվել գործատու կազմակերպությունների կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը