Լրահոս

17.09.2012 10:35


Հալեպի Հայոց ազգային առաջնորդարանը դատապարտել է բողոքի գործողությունների հիմք հանդիսացած հակաիսլամական ֆիլմը

Հալեպի Հայոց ազգային առաջնորդարանը դատապարտել է բողոքի գործողությունների հիմք հանդիսացած հակաիսլամական ֆիլմը

Մերձավոր Արևելքի քրիստոնյա համայնքների հոգևոր առաջնորդներն իրենց հիասթափությունն են հայտնել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի` Լիբանան կատարած պատմական այցի վերաբերյալ: Այս մասին գրում է թուրքական «Հուրիեթը»:

«Հոգևոր առաջնորդները ծրագրում էին քրիստոնյա համայնքների ներկայիս վիճակն ու Սիրիայում առկա մեծ լարվածությունը պոնտիֆիկոսի օրակարգ մտցնել, սակայն հիմնականում դա նրանց չի հաջողվել», - գրում է պարբերականը:

 Մասնավորապես, Հալեպի Հայոց ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը իր դժգոհություն է հայտնել՝  նշելով, որ հայերի ընդունելությունը Հռոմի պապի մոտ սահմանափակ է եղել:

 Ռեիսյանը հակաամերիկյան տրամադրությունների ու ողբերգությունների պատճառ դարձած «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը «խայտառակություն» է որակել: Նա ասել է, որ ֆիլմը բռնությունների պատճառ կդառնա տարածաշրջանում: Ընդ որում, ըստ Ռեիսյանի` վտանգված են տարածաշրջանի ոչ միայն քրիստոնյաները, այլ նաև մուսուլմանները:

Հիշեցնենք, որ Լիբիայում և մահմեդական մի շարք երկրներում բողոքի ակցիաների պատճառն ամերիկյան արտադրության «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմն է, որը, ըստ մուսուլմանների, վիրավորում է Մուհամեդ մարգարեին: Ավելի վաղ Լիբիայի Բենգազի քաղաքում բողոքավորները սպանել էին ԱՄՆ դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսին ու ևս 3 աշխատակցի:

Այս խորագրի վերջին նյութերը