Հարցազրույց

06.06.2009 17:10


Ամալյա Կոստանյան.

Ամալյա Կոստանյան.

Հարցազրույց «Transparensy International» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում Երևանի ավագանու ընտրությունները։ Մասնավորապես, ՀՀԿ-ն դրանք որակեց որպես մեկ քայլ առաջ, իսկ ՀԱԿ-ը պահանջում է անվավեր ճանաչել արդյունքները։

-Ես ընտրությունները գնահատում եմ՝ մեծ պարտություն բոլորիս համար։ Նման ընտրությունները ցույց են տալիս, որ այս երկրում իմաստ չունի ընտրություն անցկացնել։

-Եթե համեմատենք նախորդ ընտրությունների հետ, ապա պատկերը նույնքա՞ն տխուր կլինի։

-Միգուցե, մեր բախտը «բերել է», որ մենք աշխատեցինք 8-րդ ընտրատեղամասի բոլոր հանձնաժողովներում։ Սա, երևի, ամենակրիմինալ դեպքն էր։ Մենք ականատես ենք եղել ընտրախախտումների, բռնության, ահաբեկման  բազմաթիվ դեպքերի։ Մենք նաև ականատես ենք եղել նոր տիպի խախտումների։ Այսինքն, խախտումների նոր տեխնոլոգիայի, երբ իշխանական կուսակցությունների ներկայացուցիչներն ընտրախախտում են կատարել՝ լինելով դիտորդի կարգավիճակում։ Պատկերացնու՞մ եք, դիտորդը լցոնումներ է կատարում։

-Ձեր կազմակերպության դիտորդների նկատմամբ բռնություններ եղե՞լ են։

-Մինչև ժամը 20։00-ն երեք տեղամասից մեր դիտորդներին դուրս ենք հանել, որովհետև եղել են սպառնալիքներ։ Մեկ տեղամասից՝ ուժով, բռնությամբ, ՀՀԿ-ի վստահված անձը ուժի գործադրմամբ դուրս է հանել մեր չորրորդ դիտորդին, և երկու հոգու էլ սպառնացել, փորձել են կաշառել...

-Դիտորդներին կաշառելու փորձե՞ր էլ են եղել։

-Այո, մեր մի քանի դիտորդներին փորձել են կաշառել։

-Ընդդիմությունը  չկարողացա՞վ ընտրակեղծիքների դեմն առնել ու տեր կանգնել սեփական ձայներին, ինչում որ նախապես վստահեցնում էր։

-Չկարողացավ։ Չնայած ես դրանից էլ եմ դժգոհ, բայց պետք է արձանագրեմ, որ նման ճնշման և վախի մթնոլորտում, մասնավորապես՝ մեր ընտրատեղամասում, կարծում եմ, որ հնարավոր չէր ընտրախախտումների դեմն առնել։ Կա՛մ մարդիկ պետք է պարզապես կամիկաձե աշխատեն, կա՛մ էլ՝ չգիտեմ... Եթե դիտորդին են ահաբեկել և դուրս հանել, ապա վստահված անձանց պարագայում ավելի կոշտ քայլեր են եղել։

-Այդ դեպքում, ինչու՞ եվրոպական դիտորդները ընտրություններին տվեցին այն գնահատականը, որը շաբլոնի տեսքով արվում է վերջին տարիներին։

-Տխուր հարց է։ Ի դեպ, այս կարգի գնահատականներ Եվրոպական դիտորդական առաքելություններն սկսել են տալ 2007թ.-ից։ Մինչ այդ, արվող գնահատականներն այնքան էլ լավը չէին։ Ես կարող եմ ասել, որ դա քաղաքական որոշում է։ Քանի որ այսօր լուծվում է կամ փորձում է լուծվել Ղարաբաղի հարցը, Թուրքիայի հետ հարաբերությունները, ապա, փաստացի, երկակի ստանդարտներ են կիրառվում։

-Այսինքն, 2007թ.-ից սկսած՝ եվրոպական դիտորդական առաքելությունները միայն ձևականորե՞ն են Հայաստան գալիս։

-Այստեղ կարելի է երկու վարկած դիտարկել։ Մեկը, որ եվրոպական պետություններին շատ ձեռնտու է Հայաստանում ունենալ ոչ կայուն իրավիճակ և ոչ լեգիտիմ իշխանություն, որպեսզի կարողանա վերահսկել և ճնշում գործադրել այդ իշխանության վրա։ Դա շատ հարմար է։ Երկրորդը նա է, որ պարզապես նրանք ցույց են տալիս՝ «մենք աչք են փակում ընտրախախտումների վրա, մեզ չի հուզում՝ կլինի՞ Հայաստանը ժողովրդավար, թե՞ ոչ, սակայն լուծեք այդ պրոբլեմները», քանի որ աշխարհաքաղաքական առումով դա ավելի կարևոր նշանակություն ունի։

-Ի՞նչ զարգացումներ են հնարավոր։ Ինչպիսի՞ն, ըստ Ձեզ, կլինի Հայաստանի քաղաքական դաշտը վեց ամիս, մեկ տարի անց։

-Այս երկրում չի կարող լինել ո՛չ ուժեղ ընդդիմություն, ո՛չ նոր ընդդիմություն, ո՛չ էվոլյուցիոն ընդդիմություն։ Քանի որ բոլոր ոլորտները վերահսկվում են՝ սկսած լրատվամիջոցներից, ավարտված ամեն ինչով՝ ընտրություններով, ոչինչ չի կարող փոխվել։ Մեզանում քաղաքական, տնտեսական, կրիմինալ օղակներն այնքան սերտաճած են, որ պարզապես մի պատուհան չկա, որպեսզի որևէ ընդդիմություն հզորանա։ Այս առումով շատ տխուր կանխատեսումներ ունեմ։

-Ուզում եք ասել՝ դատապարտվա՞ծ ենք։

-Մենք ենք մեզ դատապարտել։ Այդ իսկ պատճառով ասում եմ, որ այս ընտրությունները մեր բոլորի պարտությունն են. ոչ մեկը չի հաղթել այս ընտրություններում։ Չեմ կարող ասել, թե ինչ կլինի վեց ամսից, կամ մեկ տարի հետո, որովհետև այսօր Հայաստանի ճակատագիրը շատ է կախված Ղարաբաղից։ Չենք էլ կարող կանխատեսել, թե դրսից ինչ արձագանքներ են հնարավոր։ Ընդհանրապես, Հայաստանի ապագայի հարցում շատ հոռետես եմ։ Մենք արդեն անդունդում ենք, ոչ թե՝ դրա եզրին։ Եթե այսպես շարունակվի, ապա կդեգրադացվենք և՛ որպես ազգ, և՛ որպես պետություն։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը