Քաղաքական

14.09.2012 14:20


Մինսկի խմբի, ԼՂՀ-ի ճանաչման եւ Իգոր Մուրադյանի որոշ «մտքերի» մասին

Մինսկի խմբի, ԼՂՀ-ի ճանաչման եւ Իգոր Մուրադյանի որոշ «մտքերի» մասին

-Պրն. Բոզոյան, այսօր Lragir.am-ում հայտնի վերլուծաբան Իգոր Մուրադյանն անդրադարձել էր Ձեր երեկվա ասուլիսին եւ մի շարք գնահատականներ հնչեցրել,  որտեղ կային նաեւ վիրվորական երանգներ: Մասնավորապես` ԼՂՀ –ի ճանաչման խնդրի եւ բանակցությունների Մինսկի խմբի ձեւաչափի վերաբերյալ: Սկսենք առաջին հարցից: Դուք նշել էիք, որ այսօր Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը կարող է հանգեցնել պատերազմի: Ի՞նչ կասեք  այս մասին:

-Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ մենք վաղ թե ուշ պետք է ճանաչենք ԼՂՀ անկախությունն ու սկսենք նրա միջազգային ճանաչումը: Խնդիրն այն է, թե երբ պետք է դա անել: Իմ անձնական կարծիքն այն է, որ եթե մենք սկսեինք 1994 թվականից, երբ հաղթանակ տարանք պատերազմում, ապա կարող էինք դիվանագիտական ճակատում մինչ այսօր հաջողությունների հասնել, քանի որ այդ ժամնանակ Ադրբեջանը պարտվող կողմն էր, իսկ Հայաստանը` հաղթող: Սակայն թողնենք «եթե»-ներով դատողությունները, եւ խոսենք ներկայիս իրավիճակի մասին: Ցավոք, այսօր մենք ունենք լուրջ ճգնաժամ` տնտեսության, հասարակության մեջ եւ ներքաղաքական կյանքում:  Այս բարոյահոգեբանական մթնոլորտը, որը բնականաբար թուլացնում է պետութունը, տանելու է իրավիճակի սրման, քանի որ այս նույն ժամանակահատվածում, Ադրբեջանն  էլ ավելի է հզորացել ու լկտիացել եւ Հայաստանի հետ ուղիղ առճակատման առիթ է փնտրում: 

Ցանկանում եմ կրկնել, որ այստեղ խնդիրը ԼՂՀ-ի ճանաչումը չէ, խնդիրը դրա ճանաչման ժամանակի մեջ է: Քաղաքագիտական աքսիոմա է` երկրի արտաքին քաղաքականությունը, ներքին քաղաքականության տրամաբանական շարունակությունն է: Եթե երկիրն ուժեղ է տնտեսապես, քաղաքականապես եւ ռազմական ոլորտում, ապա, բնականաբար, երկիրը կարող է եւ պետք է վարի ագրեսիվ արտաքին քաղաքականություն, եւ ճիշտ հակառակը` եթե երկիրը տնտեսական, քաղաքական, բարոյահոգեբանական խորը ճգնաժամում է, ապա այն կոմպենսացնել ագրեսիվ արտաքին քաղաքականությամբ, կնշանակի մառազմ, մազոխիզմ եւ ապուշություն` միասին վերցված: Ինչպես ցույց է տալիս պատմությունը, նմանատիպ դեպքերում այդ երկրները պատերազմում հաջողության չեն հասնում: Բերենք դրա վառ օրինակները. 1. 1905 թվականին ռուս-ճապոնական պատերազմը, երբ Ռուսատանը ճգնաժամի մեջ էր եւ պատերազմը տանուլ տվեց, 2. 1979 թվականի սովետական զորքերի ներխուժումն Աֆղանստան, երբ Խորհրդային կայսրությունը ճգնաժամի մեջ էր եւ տանուլ տվեց այդ պատերազմը եւ որի հետեւանքը եղավ ԽՍՀՄ-ի փլուզումը: 3. Վերջապես, կարելի է բերել 1992-94 թվականների Ադրբեջանի օրինակը, երբ վերջինս նույնպես խորը ճգնաժամի մեջ էր, առկա էր թույլ իշխանություն, որն էլ այդ երկրի Ղարաբաղյան պատերազմի պարտության պատճառներից մեկը դարձավ: Այսինքն, իրական հայրենասիրությունն այլ բան է, ոչ թե այն ինչ մատնանշում է Իգոր Մուրադյանը:

-Իգոր Մուրադյանը նաեւ նշում է, որ նրանք, ովքեր չեն գիտակցում, թե Մինսկի խումբը խոչընդոտ է մեր ազգային շահերին ու միաժամանակ դեմ են Ղարաբաղի անկախության ճանաչմանը, նրանք ապրում են խորը ճգնաժամի մեջ եւ այստեղ նույնպես սույն վերլուծաբանը բերում է մի շարք վիրավորական ձեւակերպումներ: Ի՞նչ կասեք այս մասին:

-Անկեղծ ասած, չեմ ուզենա իջնել նրա մակարդակին` վիրավորանքների մասով, սակայն կուզեմ ուշադրություն դարձնել մի հանգամանքի. Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխության մասին ամենաշատը խոսում են ադրբեջանցիները, ավելին` այդ երկրի պետական քաղաքականության գլխավոր նպատակը հռչակվել է Մինսկի խմբի ֆորմատի փոփոխությունը: Նրանք մի շարք միջազգային կառույցներում` Իսլամական կոնֆերանս, ՆԱՏՕ, ԵՄ եւ ՄԱԿ, կարողացել են անցկացնել մի շարք ադրբեջանամետ բանաձեւեր եւ միակ խոչընդոտը, որը կանգանած է իրենց դիվանագիտության առջեւ հենց Մինսկի խումբն է: Պետք է նշել, որ ադրբեջանցիներն արդեն մի շարք փորձեր են կատարել փոխելու այդ բանակցային ֆորմատը` փորձելով այն տեղափոխել  կամ ՄԱԿ կամ ԵՄ, սակայն դա նրանց չհաջողվեց: Եւ նրանք չէին էլ թաքցնում, որ իրենց գերնպատակը Մինսկի խմբի ֆորմատի փոփոխություն է: Ռամիլ Սաֆարովի պատմությունն էլ նրանք կանխամտածված իրագործեցին, որպեսզի «փչացնեն» Մինսկի խմբի ֆորմատում անցկացվող բանակցային գործընթացը: Եւ դա շատ լավ հասկանում են նաեւ միջնորդները: 

Նորից եմ նշում, որ սա Ադրբեջանի պետական քաղաքական գաղափարախոսության գլխավոր նպատակն է: Ադրբեջանցիներին քողարկված եւ միջնորդավորված ձեւով աջակցում է այսօրվա պաշտոնական Անկարան, ովքեր ներկուլիսային ակտիվ աշխատանք են տանում, որպեսզի քայքայեն Մինսկի խմբի ֆորմատով անցկացվող գործընթացը: Թե ինչո՞ւ  են Ադրբեջանի պետական քաղաքականության եւ Թուրքիայի ներկուլիսային նպատակները համահունչ դարձել Իգոր Մուրադյանի մտքերի հետ.  սա  մառազմի,  մազոխիզմի եւ ապուշությա՞ն հետեւանք է, թե՞ ավելի լուրջ բան, թողնենք ընթերցողների դատին: Վատ է նաեւ այն, որ սույն վերլուծաբանի «մտքերը» լայնորեն գովազդվում է լրատվամիջոցներով եւ որեւէ լուրջ արձագանք չի ստանում լայն հասարակության կողմից: Կարծում եմ` դա հետեւանք է նրա, որ մեր հասարկությունն այսօր կորցրել է տարրական պաշտպանվածության իմունիտետը. քաղաքական դաշտում տիրում է համատարած «մուտիլովկաների» եւ «ռազբորկաների» քաղաքական մթնոլորտ, որտեղ գաղափարները, քաղաքական տեսակետները, արժեհամակարգին վերաբերող խնդիրները, անցել են երկրորդ պլան: Սա կոչվում է քաղաքական, տնտեսական, եւ բարոյահոգեբանական լուրջ ճգնաժամ: ճգնաժամ, որ եթե երկար շարունակվի, ապա իսկապես սպառնալիք կդառնա  մեր ժողովրդի անվտանգությանն ու մեր երկրի ապագայի համար:

-Այսինքն, կարելի՞ է ասել, որ, մնալով Մինսկի խմբի ֆորմատում, կարելի է հետագայում ճանաչել ԼՂ անկախությունը, թե՞ դա հնարավոր չէ, ինչպես մատնանշում է Իգոր Մուրադյանը:

-Մինսկի խմբի ֆորմատի պահպանումը եւ ԼՂՀ պետականության ճանաչումը ոչ միայն չեն հակասում իրար, այլեւ կարող են լրացնել միմյանց: Կատարյալ ապուշություն է այդ երկու բաները իրար հետ անհամատեղելի տեսնելը: Սա այնքան ակնհայտ է, որ նույնիսկ ամոթ է սրա մասին լրջորեն խոսելը:

-Պրն. Բոզոյան, նա խոսել է նաեւ պացիֆիստների եւ, այսպես կոչված, կապիտուլյանտների մասին: Այս մասով ի՞նչ կասեք:

-Մի հայտնի ասացվածք կա, թե ո՞րն է սրիկաների վերջին հանգրվանը: Այս հարցում էլ, չէի ցանկանա իջնել նրա մակարդակին, քանի որ անհեթեթությունների մասին անիմաստ է որեւէ  դատողություն անելը, սակայն մեկ բան կուզենայի ընդգծել, որ հիվանդ եւ ճգնաժամային հասարակություններում առավել ակտիվ իրենց գլուխներն են բարձրացնում բոլոր տեսակի ավանտյուրիստները` սկսած ծայրահեղ պացիֆիստներից մինչեւ մոլագար ազգայնականներ: Ցավոք, Հայաստանն այսօր նման իրավիճակում է: Հետեւաբար, մենք պետք է խոսենք ոչ թե այդ ավանտյուրիստների մասին, այլ երկիրը բուժելու ու ճգնաժամից դուրս բերելու: Սա է այն գլխավոր խնդիրը, որը կանգնած է մեր ժողովրդի ու պետության առջեւ: 

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը