Լրահոս

14.09.2012 14:06


Ադրբեջանական ընդդիմադիր թերթը`փակման եզրին

Ադրբեջանական ընդդիմադիր թերթը`փակման եզրին

Պարտքերի պատճառով փակման եզրին հայտնված ընդդիմադիր թերթի շուրջ ստեղծված իրադրությունն իշխանության քննադատները որակում են որպես լրատվամիջոցները ճնշելու մարտավարության հերթական դրսեւրում:

Ադրբեջանի ամենահայտնի ընդդիմադիր թերթը`«Ազադլիգ»-ը, կարող է փակվել, եթե տասն օրվա ընթացքում չկարողանա մարել շուրջ 31 հազար ԱՄՆ դոլարի հասնող պարտքը:

Ազադլիգի գլխավոր խմբագիր Ռահիմ Հաջիեւը նշում է, որ 25 հազար մանաթի հասնող պարտքից 11 հազարը կազմում են կոմունալ վճարումները, էլեկտրականության եւ ջեռուցման վարձերը, իսկ գումարի մյուս մասը պետական հրատարակչություններին եղած պարտքերն են:  

Հաջիեւն այն կարծիքին է, որ պարտքերն անհապաղ մարելու վերաբերյալ նախազգուշացումները քաղաքական դրդապատճառներ ունեն: Նրա խոսքերով, իշխանությունների վերջին մի շարք որոշումներն արդեն իսկ իր թերթը փակման եզրին են կանգնեցրել:

«2011-ին Բաքվում արգելվեց փողոցային առեւտուրը, այդ թվում`թերթերի վաճառքը: Նախագահի աշխատակազմի քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովն այս որոշումն արդարացրեց այն փաստարկով, որ [կրպակները] խանգարում էին հետիոտներին ու երթեւեկությանը», - ասաց Հաջիեւը IWPR-ին:

Խմբագիրը նաեւ հավելեց, որ «Գասիդ» պետական կրպակների ցանցի փակումը նույնպես նպաստեց «Ազադլիգ»-ի եկամուտների կրճատմանը: Հաջիեւի խոսքերով, կրպակների ցանցը 28 հազար մանաթի հասնող գումար պետք է վճարի թերթին, եւ սա կբավականացներ ունեցած ողջ պարտքը մարելու համար:

«Մենք դեռեւս չենք ստացել մայիս-օգոստոս ժամանակահատվածում վաճառված թերթերի համար հասանելիք գումարը: Ես համոզված եմ, որ այս ամենն արվում է երկրում հրատարակչական համակարգը ոչնչացնելու համար», - ասում է նա:  

Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտի տվյալներով, «Ազադլիգ»-ը ստիպված է եղել խոշոր տուգանքներ վճարել զրպարտության մեղադրանքով մի շարք դատական գործեր տանուլ տալուց հետո: Ընդդիմադիր թերթն արդեն իսկ 30 հազար մանաթ է վճարել Բաքվի մետրոպոլիտենի տնօրեն Թագի Ահմեդովին եւ 4 000 մանաթ`Ադրբեջանի տրանսպորտի նախարարի որդի Անար Մամեդովին:

«Ազադլիգ» թերթի լրագրողները պնդում են, որ իրենք լուսաբանում են այնպիսի խնդիրներ, որոնք այլ լրատվամիջոցները պարզապես չեն համարձակվում շոշափել:

«Մենք գրում ենք գործող իշխանությունների հետ կապված կոռուպցիոն խնդիրների մասին: Կառավարությունը վերահսկում է լրատվամիջոցների մեծ մասը, սակայն չի կարողացել ձեռքերը հասցնել «Ազադլիգ»-ին», - ասում է թերթի խմբագիր Ռովշան Հաջիբեյլին:

Մյուս ընդդիմադիր թերթերը նույնպես խոցելի են ֆինանսական առումով, պետական հրատարակչատանն ունեցած պարտքերի եւ մանրածախ վաճառքի կետերի վերացման պատճառով:

«Մենք 8 հազար մանաթից ավելի գումար ենք պարտք հրատարակչությանը, իսկ «Գասիդ»- ի պարտքը մեզ կազմում է 18 հազար մանաթ, որը չենք կարողանում ստանալ, որպեսզի վճարենք մեր պարտքերը: Մեզ անընդհատ ճնշման են ենթարկում`դատական լսումներ, վիրավորանքներ, ձերբակալություններ: Սակայն սա երբեք ուղղակի միջամտության չի վերածվել: Իսկ այժմ այնպիսի մեխանիզմ է գործարկվել, որին մենք բավարար ուժ չունենք դիմակայելու», - ասում է «Ենի Մուսավաթ» թերթի գլխավոր խմբագիր Ռաուֆ Արիֆօղլուն:

«Գասիդ» կրպակների ցանցը ղեկավարում է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության անդամ Միրքազիմ Քազիմովը: Վերջինս հաստատում է, որ իր ընկերությունը պարտք է թերթերին, սակայն սովորական երեւույթ է սա համարում:

Քազիմովը հերքում է այն ենթադրությունները, որ կրպակների ցանցը փակվել է նախագահի հրահանգով`պնդելով, որ այդ քայլն իրականացվել է տեղական իշխանությունների կողմից այն հիմնավորմամբ, որ կրպակների օգտագործումն այլեւս աննպատակահարմար էր:

«Մենք հին կրպակները նորերով փոխարինելու համար գումար չունենք: Քանի որ մեր բաժնետոմսերը պատկանում են պետությանը, մենք չենք կարող վարկ վերցնել կրպակները փոխելու համար: Թերթերը վաճառվում են ոչ միայն կրպակներում, այլ նաեւ խանութներում: Մենք կապ չունենք նախագահի աշխատակազմի հետ. մենք միայն մեր պայմանագրային պարտավորությունների համար ենք պատասխանատվություն կրում», - հայտարարել է Քազիմովը:

2009 թվականից Ադրբեջանի կառավարությունը սկսել է ֆինանսավորել թերթերը Լրատվամիջոցների աջակցության պետական հիմնադրամի միջոցներով, սակայն իրավապաշտպան ակտիվիստները նշում են, որ այս գումարը չի փոխհատուցում ընդդիմադիր թերթերի կորցրած գումարները:

Ադրբեջանում մամուլի ազատության համար պայքարող Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտի (IRFS) տվյալներով, ընդդիմադիր թերթերն իրականում գովազդային բոյկոտի են ենթարկվում, ինչի հաշվին նրանց եկամուտները կրճատվում են:

«IRFS-ը հորդորում է Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել ճնշումն ընդդիմության եւ անկախ լրատվամիջոցների նկատմամբ եւ կոչ է անում պետական պաշտոնյաներին հանդուրժողական լինել այլընտրանքային կարծիքների եւ քննադատության հանդեպ», - նշվում է Ինստիտուտի տարածած հայտարարության մեջ:

Սեյմուր Քազիմով,  ազատ լրագրող  Ադրբեջանում

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: www.iwpr.net

Այս խորագրի վերջին նյութերը