Տնտեսական

14.09.2012 13:58


ՏՄՊՊՀ մոնիտորինգի տակ են խանութները

ՏՄՊՊՀ  մոնիտորինգի տակ են խանութները

 Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը ուսումնասիրություններ է իրականացնում գովազդային շուկայում՝ բացառելու այնպիսի գովազդների տարածումը, որոնք պարունակում են անհարկի համեմատություններ կամ որակումներ՝ նույն գործունեությանբ զբաղվող այլ տնտեսվարողների հանդեպ:

«Ընկերությունն իրեն հավասար մրցակից չունի ոչ միայն Հայաստանում, այլև՝ ողջ տարածաշրջանում»- եթեր հեռարձակվող այս գովազդի հեղինակը քարերի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող «Հայր և որդի Մարտիրոսյաններ» ընկերությունն է: Օրենքն արգելում է այնպիսի գովազդների պատրաստումը, որը վերաբերում է այլ տնտեսվարողների դիրքի և նրանց արտադրած ապրանքների համեմատություններին: Այլ կերպ ասած, տնտեսվարողը իրավունք ունի իր արտադրանքի վերաբերյալ սպառողին ներկայացնելու հավաստի տեղեկատվություն, սակայն իրավասու չէ նշելու, որ իր արտադրանքն օրինակ՝ «եզակի է», «ամենալավն է», «համար առաջինն է», «նմանը չունի» և այլն: 

  ՏՄՊՊՀ  մոնիտորինգի տակ են խանութները՝ իրենց  զեղչային քաղաքականությամբ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը թեժ գծի (010 54-40-04) միջոցով բազմիցս դժգոհություններ է ստանում սպառողներից՝ հագուստի վաճառքով զբաղվող ընկերությունների գործունեության, մասնավորապես վերջինների վարած զեղչային քաղաքականության վերաբերյալ: Ըստ քաղաքացիների, հայտարարված զեղչերը ոչ միշտ են համապատասխանում իրականությանը: Սահմանափակ ռեսուրսների պատճառով նախկինում ՏՄՊՊՀ-ը այս ոլորտում ուսումնասիրություններ չի իրականացրել: Սակայն, նկատի ունենալով խնդրի կարևորությունը սպառողների համար, մոտ 2 ամիս առաջ ուսումնասիրություն է սկսվել հագուստի մանրածախ վաճառքով զբաղվող առավել հայտնի և խոշոր խանութներում:
ՏՄՊՊՀ դիտարկումներով խախտում  է արձանագրվել  «Մանգո» անվանումով խանութների ցանցում: Վերոնշյալ խանութի ցուցափեղկին նշված է եղել 50 % զեղչ՝ ամբողջ տեսականու համար, սակայն ստուգման և հսկիչ գնման միջոցով պարզվել է, որ 50 % զեղչը վերաբերում է միայն ապրանքատեսականու մի մասին: Ակնհայտ է, որ նման մեթոդով տնտեսվարողը փորձում է մոլորեցնել սպառողին, որը, ցոցափեղկի վրա կարդալով հայտարարությունը, այցելում է խանութ և պարզում, որ այն չի համապատասխանում իրականությանը: ՏՄՊՊՀ-ը անընդունելի է համարում տնտեսվարողի նման վարքագիծը, քանի որ համաձայն օրենքի, ապրանքի իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել գովազդվող ապրանքի վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության դրսևորում: 

  «Սեմի Ինտերթրեյդը» չգրանցված ապրանքանիշի վաճառքով խոչընդոտել է այլ ընկերության  գործունեությանը

Մանկական տակդիրների ներկրմամբ զբաղվող «Լինեթ լիմիթեդ»  ընկերությունը (Nannys ապրանքանիշ) դիմել է Հանձնաժողովին՝ տեղեկացնելով, որ հանդիսանում է «Nannys» ապրանքային նշանի իրավատերը և արտադրող ընկերության բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում: Սակայն շուկայում հայտնվել են  «Nannys»  և «Nannys Fresh» ապրանքային նշաններով և նույն փաթեթավորմամբ մանկական տակդիրներ և թաց անձեռոցիկներ, որոնց փաթեթի վրա նշված է, որ «Սեմի Ինտերթրեյդ»  ընկերությունը հանդիսանում է տվյալ ապրանքային նշանի պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն, գրանցված ապրանքային նշանի օգտագործումն առանց իրավատիրոջ համաձայնության համարվում է անբարեխղճ մրցակցության դրսևորում:
Թեև երկու ընկերությունների ներկայացուցիչները նախորդ օրը գրավոր կերպով դիմել են Հանձնաժողովին՝ տեղեկացնելով իրենց միջև կնքված հաշտության համաձայնագրի մասին, այնուամենայնիվ ՏՄՊՊՀ-ը դիտարկմամբ «Սեմի Ինտերթրեյդ»-ի վարքագծի պատճառով որոշակիորեն խախտվել է մրցակցությունը, ինչի արդյունքում էլ վնաս է պատճառվել «Nannys» ապրանքային նշանի իրավատիրոջը: Խնդիրը ռիսկային է ոչ միայն մրցակցության, այլ նաև սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից, քանի որ չգրանցված ապրանքանիշը կարող է լինել նաև կեղծ և անորակ:
  ՏՄՊՊՀ-ի որոշմամբ, վերոնշյալ 3 իրավախախտումների դեպքում էլ կկիրառվի խիստ պատժաչափ, որպեսզի այն կանխարգելիչ նշանակություն ունենա այլ տնտեսվարողների համար:   Համաձայն օրենսդրական նոր փոփոխությունների, անբարեխիղճ մրցակցության դրսևորման դեպքում տուգանքի չափը հաշվարկվում է տնտեսվարողի տարեկան հասույթի հիման վրա: ՏՄՊՊՀ-ը դիմել է ՊԵԿ՝ ստանալու այդ մասին տեղեկատվությունը:

Այս խորագրի վերջին նյութերը