Քաղաքական

14.09.2012 13:47


ՀԱԿ հայտարարություն

ՀԱԿ հայտարարություն

ԱԺ 2012թ. սեպտեմբերի 12-ի լիագումար նիստի՝ պատգամավորական հայտարարությունները եւ կառավարության հետ հարցուպատասխանը Հանրային հեռուստաընկերության «Խորհրդարան» հաղորդամամբ եթեր հեռարձակվեցին ոչ ամբողջությամբ, էական կրճատումներով: Հաղորդումից դուրս են մնացել գործող իշխանությունների եւ կառավարության համար առավել տհաճ, սուր հարցադրումներ պարունակող դրվագները: Այսպիսով տեղի է ունեցել «ԱԺ Կանոնակարգ» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ կետերի բացահայտ խախտում: ԱԺ կանոնակարգի նշված դրույթները ԱԺ հայտարարություններն ու հարցուպատասխանը ամբողջությամբ ցուցադրելու իմպերատիվ պահանջ են պարունակում:

«Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցությունը տեղի ունեցածը գնահատում է որպես ընդդիմությանն ու լայն հանրությանը տեղեկատվական շրջափակման մեջ պահելուն ուղղված քաղաքականության հերթական աղաղակող դրսեւորում: Չխորշելով օրենքի կոպտագույն խախտումներից, իշխանություններն անում են ամեն ինչ, որ հանրությունը օբյեկտիվ տեղեկատվություն չստանա Հայաստանի հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքում տեղ գտած կարեւորագույն իրադարձությունների մասին:

 «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցությունը ԱԺ գործող ղեկավարությունից պահանջում է անհետաձգելի միջոցներ ձեռնարկել 2012թ. սեպտեմբերի 12-ի խորհրդարանական հայտարարություններն ու կառավարության հետ հարցուպատասխանը «ԱԺ կանոնակարգ» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերի պահանջներին համապատասխան ամբողջությամբ համահանրապետական հեռուստատեսային եթեր հեռարձակելու, եւ հետագա հայտարարությունների եւ հարցուպատասխանների բնականոն եւ ամբողջական հեռարձակումը հեռուստաեթերում ապահովելու համար:

«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

Այս խորագրի վերջին նյութերը