Լրահոս

14.09.2012 13:45


ՄԻՊ–ը համաձայն կլինի ընդգրկվել զոհված զինվորների ծնողների առաջարկած ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում

ՄԻՊ–ը համաձայն կլինի ընդգրկվել զոհված զինվորների ծնողների առաջարկած ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում

Սույն թվականի սեպտեմբերի 10-ին խաղաղ պայմաններում բանակում մահացած զինվորների ծնողները դիմում են հասցեագրել ՀՀ Ազգային ժողովի նախագահին: Ծնողների դիմումում նշված է. «Պահանջում ենք ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ ԱԺ հինգերորդ գումարման պատգամավորներից, պատգամավորական վեց խմբակցություններից, ինչպես նաև շահագրգիռ անձանցից։ Պահանջում ենք ներկայացուցիչներ ներգրավել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից»։

Համաձայն «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի` ժամանակավոր հանձնաժողովներն ստեղծվում են որոշակի հարցերի, իրադարձությունների և փաստերի մասին Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար: Գիտակցելով ընթացիկ գործերով քննությանը միջամտելու օրենսդրական սահմանափակումները, այնուամենայնիվ խաղաղ պայմաններում բանակում մահացած առանձին քրեական գործերի քննության ընթացքում տեղ գտած թերացումների, խախտումների վերաբերյալ դեռևս կան հիմնավոր մտահոգություններ:

Ուստի Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը աջակցում է ՀՀ Ազգային ժողովի  ժամանակավոր հանձաժողով ստեղծելու նախաձեռնությանը և Պատրաստ է անձամբ կամ իր ներկայացուցիչների միջոցով ընդգրկվել նման հանձնաժողովի աշխատանքներում: Պաշտպանը կրկին հաստատում է իր դիրքորոշումը, որ միայն նախկին (նույնիսկ տասնամյա հնության) գործերի լրիվ և օբյեկտիվ քննությունն ու այդ գործերով արդարության վերականգնումը կարող է ապահովել այսօրվա մահվան դեպքերի քննության նկատմամբ վստահությունը և վաղվա բռնությունների ու սպանությունների կանխարգելումը:

Պաշտպանի աշխատակազմ

 

Այս խորագրի վերջին նյութերը