Մեկնաբանություն

06.06.2009 14:14


Ճգնաժամ և հնարավորություններ՝ ըստ վարչապետի

Ճգնաժամ և հնարավորություններ՝ ըստ վարչապետի

 Անցած օրը, պատասխանելով «Ճգնաժամը որպես հնարավորություն» խորագրով դասախոսությունների մասնակիցների հարցերին, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մի հետաքրքիր, միաժամանակ տարօրինակ հայտարարություն է արել հայ-վրացական տնտեսական համագործակցության առկա իրավիճակի և հայ- թուրքական սահմանի բացման վերաբերյալ։

«Վրաստանը Հայաստանի նկատմամբ իրեն դրսևորում է որպես մոնոպոլիստ»,- հայկական բեռները Վրաստանի տարածքով փոխադրելու տնտեսական անշահավետության համատեքստում հայտարարել է ՀՀ վարչապետը։ Կհարցնեք՝ ի՞նչն է այստեղ հետաքրքիր, երբ դրա մասին խոսում են անգամ Մալաթիայի տոնավաճառում։ Հետաքրքիրն ու միաժամանակ տարօրինակն այն է, որ մեր երկրի վարչապետը դրա մասին ասում է հիմա՝ իր պաշտոնավարումից մեկուկես տարի անց։ Դա այն դեպքում, երբ բազմաթիվ երկկողմ պաշտոնական այցելություններ, փոխադարձ դիվանագիտական ներբողներ ու դարավոր բարեկամության վերաբերյալ արցունք քամող հայտարարություններ են արվել, որոնցից և ոչ մեկում ակնարկ անգամ չի եղել հայկական բեռների տարանցման դժվարությունների մասին։ Ավելին, Վրաստանն օգոստոսյան պատերազմից հետո Հայաստանին հռչակել է ռազմավարական գործընկեր ու... շարունակում է «թալանել» մեզ։

 «Մեր հարևանն օգտվում է դրանից։ Տարանցման ծախսերը շատ մեծ են, և մեզ ոչ մի կերպ չի հաջողվում դրանք իջեցնել։ Վրաստանում մենաշնորհային իրավիճակ է ստեղծվում, ինչն այդ երկիրը չարաշահում է»,- խոստովանել է մեր վարչապետը։ Հետաքրքիր է, որ Տ. Սարգսյանը նաև հենց այս հարաբերություններով է բացատրում հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական կարևորությունը՝ առանց անդրադառնալու դրա քաղաքական ենթատեքստին։ Նկատենք, որ դասախոսության ունկնդիրները Ֆինանսաբանկային քոլեջի ուսանողներ ու դեռևս երիտասարդ մասնագետներ են, որոնք աշխատում են հիմնականում ՀՀ ֆինանսական համակարգում (ըստ կառավարության պաշտոնական կայքէջի)։ Բնական է, որ նրանց գերակշիռ մասն ընթացիկ քաղաքական զարգացումների վերաբերյալ մոտավոր պատկերացումներ ունի, այլապես հայ- թուրքական սահմանի բացման վերաբերյալ նախապատրաստված հարցին պետք է հետևեր հաջորդ հարցը՝ թե վստա՞հ է մեր երկրի վարչապետը, որ թուրքական սահմանի բացումից հետո Հայաստանի համար նախատեսված բեռներն այդ երկրի տարածքով ավելի էժան կանցնեն։ Կամ մեկ այլ հարց, որին վարչապետը կարող է անկեղծ պատասխանել. արդյոք Վրաստանը հայ բարեկամների բեռների նկատմամբ այդպես չի՞ վարվում իր թուրք-ադրբեջանական քիրվաների «համեստ» հորդորներով։ Ինչու՞ պետք է թուրքերը մեր բեռների համար տարանցման ավելի էժան սակագին սահմանեն, քան վրացիները, որոնց թիկունքին դեռևս շարունակում է շնչել հայկական Ջավախքը։ Մենք, ի՞նչ է, Թուրքիայում «հարցեր լուծող» հայկական համա՞յնք ունենք, թուրքական պառլամենտում հայազգի պատգամավորնե՞ր, թե՞ հայկակա՛ն պառլամենտում թուրքահայ պատգամավորներ, որ լոբբինգ անեն։ Ես գլխի ընկա. մեր վարչապետը հավատացել է բոլոր այն թուրքերին, որոնք կոկորդիլոսի արցունքներով բայաթի էին քաշում, թե՝ «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք»։ Իսկական 1700-ամյա հայ քրիստոնյա, որ Նարեկը բերանացի գիտի։

Էստեղ են ասել՝ «անշուն գեղ է մտել, առանց փետի է ման գալիս»։ Ուսանող երեխեք է գտել, ուղեղներն է «լվացել»։ Այլապես, ինչո՞վ կբացատրեն կառավարության լրատվության ղեկավարները, որ կայքում զետեղված է միայն վարչապետի պաշտոնական ելույթը, որտեղ այս մասին ոչ մի խոսք չկա։ Իսկ դասախոսության ամենահետաքրքիր հատվածը՝ հարցուպատասխանը, սքողած է «Ունկնդիրները հնարավորություն են ունեցել անկաշկանդ զրույց  ունենալ ՀՀ կառավարության ղեկավարի հետ՝ իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերի շուրջ» ոչինչ չասող տողերի տակ։

Հ.Գ. Մալաթիայի տոնավաճառում մի բան էլ են ասում. մեր երկրի ղեկավարներն ու բարձրաստիճան պաշտոնյաները Վրաստան գնալիս միայն իրենց սեփական բիզնեսի ու բեռների խնդիրներն են լուծում։ Հիմա էլ Էդվարդ Նալբանդյանն է Վրաստան գնում. տեսնես մեր բեռների մասին ի՞նչ կիմանա (տես. Հովհաննես Թումանյան «Անխելք մարդը»)։

Էդուարդ Սարիբեկյան

«7 օր» կայքէջի խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը