Լրահոս

07.09.2012 17:07


Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոն

Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոն

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը այսօր` սեպտեմբերի 7-ին, հանդես եկավ մամլո ասուլիսով: Ներկայացվեց Ֆիլհարմոնիկի նոր` 2012-2013թթ. համերգաշրջանը և Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Ասուլիսի բանախոսներն էին Էդուարդ Թոփչյանը (ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար), Ալեքսանդր Չաուշյանը (թավջութակահար, Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար), Ռուզաննա Սիրունյանը (ՀՊՖՆ տնօրեն) և Արման Պադարյանը (ՀՊՖՆ գլխավոր պրոդյուսեր):  

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 2012-2013թթ համերգաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին` Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնով: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը կայանում է ՀՀ նախագահի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:  Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը:

Ավելի քան մեկ ամիս տևող ամենամյա փառատոնային ծրագիրը կներառի տասնմեկ սիմֆոնիկ և կամերային երաժշտության համերգներ` միջազգային բարձր վաստակ վայելող հյուրեկ արտիստների, ինչպես նաև Ֆիլհարմոնիկի առաջատար երաժիշտների մենակատարությամբ (ծրագիրը և մենակատարների կազմը ներկայացված է կից): Ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ ևս, հրավիրյալ մենակատարները նաև վարպետության դասեր կանցկացնեն Հայաստանի երիտասարդ երաժիշտների համար:

Արդեն ավանդույթ դարձած երաժշտական տոնը խորհրդանշական է ոչ միայն որպես Հայաստանի ֆիլհարմոնիկի` Երևանյան առօրյային դասական բնույթ հաղորդելուն ուղղված շուրջամյա գործունեության տոնական մեկնարկ, այլև հայ դասական երաժշտարվեստի ավանդույթների պահպանման և հայ վաստակաշատ գործիչների մեծարման յուրահատուկ առիթ: Այսպես, Փառատոնը կբացվի Ալեքսանդր Հարությունյանի և Օհան Դուրյանի հիշատակին նվիրված կատարումներով և կամփոփվի աշխարհահռչակ Միշել Լեգրանի 80-ամյա հոբելյանը նշող համերգով, երբ Արամ Խաչատրյան համերգասրահում Ֆիլհարմոնիկի հետ ելույթ կունենա ինքը` լեգենդար կոմպոզիտորը: Փառատոնը Երևան է հրավիրել նաև հռչակավոր Բորոդինի անվան լարային կվարտետին. վերջինս կներկայացնի կամերային երաժշտության մեկ երեկո, ինչպես նաև Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ Ֆիլհարմոնիկի հետ հանդես կգա սիմֆոնիկ երաժշտության համերգով` նվիրված Կվարտետի առաջին ջութակ Ռուբեն Ահարոնյանի 65-ամյա հոբելյանին:

Փառատոնային ծրագիրը կներառի նաև երկու հատուկ նշանակության երեկո. մասնավորապես` սեպտեմբերի 29-ին տեղի կունենա համերգ` նվիրված Գերմանիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Իսկ սեպտեմբերի 20-ին ծրագրված համերգը Ֆիլհարմոնիկը սիրով կնվիրի ՀՀ անկախության 21-ամյակին:

Այս խորագրի վերջին նյութերը