Լրահոս

07.09.2012 16:47


ԵՀՄՖ-ը պատրաստվում է միջազգային իրավական ատյաններում քննարկել Հունգարիայի կողմից պետական մակարդակով կոռուպցիայի իրականացման փաստը

ԵՀՄՖ-ը պատրաստվում է միջազգային իրավական ատյաններում քննարկել Հունգարիայի կողմից պետական մակարդակով կոռուպցիայի իրականացման փաստը

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ Աշոտ Գրիգորյանն այսօր Բրատիսլավայում անցկացրեց մամլո ասուլիս` նվիրված Ադրբեջանի և Հունգարիայի հետ տեղի ունեցած կոնֆլիկտին ու մասնավորապես սլովակյան ԶԼՄ-ներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության սխալ մեկնաբանությունների շուրջ: Պարզվեց, որ սխալ մեկնաբանությունները տարածել է Սլովակիայի Լրատվական Մամլո գործակալությունը /SITA/, որը իր հաղորդագրությունը կազմել էր արևմտյան մամլո գործակալությունների տված  տեղեկատվությունների հիման վրա: ԵՀՄՖ-ի նախագահը բացատրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երբևիցե հայտարարություն չի արել, թե Հայաստանը պատրաստ է հարձակվելու Ադրբեջանի վրա, այլ հակառակը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է հաղթելու իրեն հարկադրված պատերազմին, եթե հանկարծ Ադրբեջանն այդպիսի փորձ կատարի: Պարոն Գրիգորյանը պայմանավորվեց Սլովակիայի Լրատվական Մամլո գործակալության գլխավոր տնօրեն  Իվան Սամելի հետ, որ գործակալությունը կթողարկի հաղորդագրություն` հերքելով իր նախորդ սխալ տեղեկատվությունը:

Պարոն Գրիգորյանը հայտարարեց, որ ԵՀՄՖ-ը պատրաստվում է ամենաբարձր միջազգային իրավական ատյաններում քննարկել Հունգարիայի կողմից պետական մակարդակով կոռուպցիայի իրականացման փաստը և միաժամանակ հայտնեց կասկած, որ կան լուրջ նախադրյալներ նաև հունգար բարձրաստիճան պաշտոնյաների ունեցած անձնական շահագրգռվածությունների շուրջ: Ըստ Ա. Գրիգորյանի խիստ կասկածելի է ոչ միայն վարչապետ Օրբանի կարճ ժամանակահատվածում Բաքու կատարած կրկնակի այցերն, այլև Հունգարիայի մյուս գերատեսչությունների ղեկավարների հաճախ այցերն Ադրբեջան: Պարոն Գրիգորյանի հայտարարությունը գործակալությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչները ընկալեցին որպես սենսացիոն, որտեղ առաջին անգամ կասկած է հայտնվում ոչ միայն պետական կոռուպցիայի շուրջ, այլ նաև պետական ղեկավարների անձնական շահագրգռվածության շուրջ:

Նաև ավելացնենք, որ ԵՀՄՖ-ի հետ աշխատող իրավաբանները պարզել են, որ Ադրբեջանի կողմից կազմակերպածն ամբողջովին համապատասխանում է <<պետական ահաբեկչության>> միջազգային իրավաբանական սահմանմանը, քանի որ.

 1. մարդասպանը իր ծառայության ժամանակ իրականացրել է  սպանություն, որը կարելի է համարել ռազմական առաջադրանք:

 2. մարդասպանը վերապատրաստվել էր թուրքական ռազմական բազաներում, որտեղ պատրաստում են ահաբեկիչներ:

3. Ադրբեջանը նախագահի մակարդակով տրված առաջադրանքի կատարման համար խոստացել էր մարդասպանին ազատել ազատազրկումից և տալ ֆինանսական փոխհատուցում ու ռազմական պարգևներ. այն ինչ որ ամբողջովին կատարվեց:

Այսպիսով Հունգարիան մեղադրվում է  պետական մակարդակով բացահայտ կոռուպցիայի իրականացման, իսկ Ադրբեջանը պետության մակարդակով ահաբեկչություն կազմակերպելու մեջ:

Պարոն Գրիգորյանը հայտարարեց, որ ԵՀՄՖ-ի նախագահությունը պատրաստ է Հունգարիայի վարչապետի կողմից ցանկության դեպքում հանդիպել և քննարկել այս մեղադրանքները միջազգային բարձրագույն իրավական ատյաններին չհանձնելու խնդիրը, եթե միայն վարչապետ Օրբանը պատրաստ է կատարելու ԵՀՄՖ-ի երկու պահանջները.

 1.ներողություն խնդրելու աշխարհասփյուռ հայ ժողովուրդից իր կատարած քայլի համար

 2. կիրառելու բոլոր իրավական միջոցները` ետ վերադարձնելու հանցագործին հունգարական բանտ:

Հակառակ դեպքում ԵՀՄՖ-ը  կշարունակի իր ակտիվ աշխատանքները Հունգարիային միջազգային դատարանով պատժելու խնդրի շուրջ: Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա ԵՀՄՖ-ը շարունակելու է իրականացնել այդ երկրի ղեկավարությանը միջազգային ատյանների միջոցով վարկաբեկելու ու դատապարտելու գործընթացը:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը