Լրահոս

07.09.2012 09:38


Հայ մարզուհին՝ Եվրոպայի չեմպիոն

Հայ մարզուհին՝ Եվրոպայի չեմպիոն

Ռուսաստանի Մեդին քաղաքում ավարտվեց «Ունիվերսալ մարտերի» 18-ից 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, ուր գերազանց ելույթ ունեցավ  Հայաստանի Հանրապետության միակ ներկայացուցիչ, 70 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Աննա Բադալյանը, ով Եվրոպայի չեմպիոնուհի հռչակվեց նախ «Թեթև ունիվերսալ մարտ» կարգում, ապա՝ «Ունիվերսալ մարտ» կարգում:

«Ունիվերսալ մարտերը» մի քանի մարզաձևի համադրում է՝ արգելքների գոտու հաղթահարում, դանակի նետում, օդամղիչ ատրճանակից հրաձգություն և ձեռնամարտ: Թեև այն նոր մարզաձև է, սակայն տարեց տարի՝ ընդլայնելով աշխարհագրությունը, մեծ տարածում է գտնում: Այս առաջնությունում բոլորից շատ մեդալ է  նվաճել Ռուսաստանի հավաքականը. 23 ոսկի, 21 արծաթ, 32 բրոնզ: Երկրոդում ուկրաինացիներն են՝ 5 ոսկի, 6 արծաթ, 4 բրոնզ: Ադրբեջանի ներկայացուցիչներն ունեն 1 ոսկի, 4 արծաթ, 8 բրոնզ: Բուլղարիայի հավաքականը նվաճել է 1 ոսկե, 1 արծաթե և 7 բրոնզե մեդալ: Երկուական բրոնզե մեդալի են արժանացել Գերմանիայի ու Ռումինիայի, մեկական՝ Թուրքիայի, Իսպանիայի, Շվեդիայի, Լատվիայի, Լիտվայի, Հունաստանի և Ավստրիայի հավաքականները:

Նշենք, որ գոյություն ունի նաև «Ձմեռային ունիվերսալ մարտեր» մարզաձևը, ուր ներառված է նաև դահուկավազք, իսկ ձեռնամարտն անցկացվում է ձյան վրա:

Հավելենք, որ  «Ձմեռային ունիվերսալ մարտերն» ընդգրկված են 2014թ. Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի ցուցադրական ելույթներում և մեծ հնարավորություն ունեն մոտալուտ ապագայում համալրելու ձմեռային օլիմպիական մարզաձևերիի ցանկը:

Ունիմարտ մարզաձևն ունի ռազմակիրառական նշանակություն և ֆեդերացիաներ կան արդեն ավելի քան երեք տասնյակ երկրում: Հայաստանի «Ունիվերսալ մարտերի» ֆեդերացիան գործում է երկրորդ տարին: Այն ստեղծվել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և գործում է հայ սամբիստների բազայի վրա: Առհասարակ, Ունիմարտի մրցումներին մասնակցում են մենապայքարային ձևերի մարզիկներ, հիմնականում՝ սամբիստներ և ձյուդոիստներ ու Հայաստանն էլ բացառություն չէ:

Հայաստանի ունիմարտի ֆեդերացիա

 

Այս խորագրի վերջին նյութերը