Լրահոս

06.09.2012 16:54


Ա. Գևորգյանն ու Թ. Բիլսթրոմը քննարկեցին միգրացիայի ոլորտում համագործակցության հարցեր

Ա. Գևորգյանն ու Թ. Բիլսթրոմը քննարկեցին միգրացիայի ոլորտում համագործակցության հարցեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Շվեդիայի միգրացիայի եւ ապաստանի քաղաքականության նախարար Թոբիաս Բիլսթրոմին, ով Հայաստանում է միգրացիայի ոլորտում իրականացվող Եվրամիության "Թվինին"» ծրագրի մեկնարկի կապակցությամբ:

Փոխվարչապետը ողջունեց հյուրի մասնակցությունը նման կարեւոր ծրագրի մեկնարկին` վստահություն հայտնելով, որ համատեղ աշխատանքով հնարավոր կլինի հաջողությամբ կյանքի կոչել այն:

Նշելով, որ միգրացիայի կառավարման գործընթացները շարունակում են Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում մնալ` Ա. Գեւորգյանը ոլորտում առկա հիմնախնդիրների լուծման հարցում կարեւորեց միջազգային համագործակցությունը եւ հատկապես ընդգծեց Շվեդիայի հետ փոխգործակցությունը:

Կողմերն ադյունավետ համարեցին վերջին տարիներին երկու երկրների աշխատանքները ինչպես "ՀՀ կառավարության եւ Շվեդիայի Թագավորության կառավարության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին" համաձայնագրի, այնպես էլ Եվրամիության Շոդերկոպինգի գործընթացի շրջանակում: Երկուստեք գոհունակություն հայտնվեց, որ համագործակցությունը շարունակվելու է նաեւ "Թվինինգ" ծրագրի շրջանակում, որը ԵՄ կողմից իրականացնելու է շվեդ-լեհական կոնսորցիումը:

Փոխվարչապետը նշեց, որ ծրագիրը գտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում: Նախարար Բիլսթրոմը եւս վստահեցրեց, որ ամեն ինչ կարվի այն հաջողությամբ իրականացնելու համար:

Հանդիպումից հետո Արմեն Գեւորգյանն ու Թոմաս Բիլսթրոմը մասնակցեցին "Թվինինգ" ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառմանը:

Փոխվարչապետը հանդես եկավ բացման խոսքով` ողջունելով ծրագրի մեկնարկը, կարեւորելով հիմնախնդիրների լուծման հարցում միջազգային համագործակցությունը, անդրադառնալով միգրացիայի կառավարման ոլորտում իրականացվող աշխատանքներին:

"Թվինինգ" ծրագիրն ուղղված է Հայաստանում միգրացիայի եւ ապաստանի կառավարման համակարգի բարելավմանը` Միգրացիոն պետական ծառայության ինստիտուցիոնալ ամրապնդման միջոցով: Հիմնական բաղադրիչներից են օրենսդրական դաշտի ներդաշնակեցումը ԵՄ չափանիշներին, 
միգրացիայի հարցերով գործառույթներ ունեցող մարմինների աշխատանքի արդյունավետ համակարգումը, միգրացիայի եւ ապաստանի վերաբերյալ տեղեկատվական համակարգի ներդրումը:

Ծրագրի իրականացման համար ընտրվել է Շվեդիայի եւ Լեհաստանի միգրացիոն մարմինների ներկայացուցիչներից բաղկացած կոնսորցիումը: Հայկական կողմից ծրագրի շահառուներն են Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունը, ինչպես նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, Ոստիկանությունը, պետական այլ մարմիններ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից, տեւողությունը 27 ամիս է:

Այս խորագրի վերջին նյութերը