Լրահոս

06.09.2012 20:27


Հունգարիան Սաֆարովին հանձնեց Ադրբեջանին ոչ միայն ֆինանսական նկատառումներով. այլ դրդապատճառներ

Հունգարիան Սաֆարովին հանձնեց Ադրբեջանին ոչ միայն ֆինանսական նկատառումներով. այլ դրդապատճառներ

Ի՞նչը դրդեց Հունգարիայի ղեկավարությանն Ադրբեջանին արտահանձնել հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած Սաֆարովին:

Չի կարելի չհամաձայնվել այն հանգամանքի հետ, որ Հունգարիան ուղղակիորեն վաճառել է Սաֆարովին Ադրբեջանին. հայտնի է, որ դեռևս օգոստոսի կեսերին հունգարական ԶԼՄ-ները, վկայակոչելով տվյալ երկրի էկոնոմիկայի նախարարության անանուն աղբյուրը, հաղորդել էին, որ Ադրբեջանը մտադիր է ձեռք բերել 2-3 մլրդ եվրոյի հունգարական միջնաժամկետ (2-3 տարվա մարման ժամկետով) պետպարտատոմսերը: Բնականաբար, փնտրելով պատճառական կապը Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջան-Հունգարիա փայլուն բիզնես գործարքի միջև` գրեթե բոլորը (չհաշված ադրբեջանցիների և հունգարացի պաշտոնյաների) եկան այն եզրակացության, որ Հունգարիան փաստորեն վաճառել է Սաֆարովին վերոհիշյալ գումարի դիմաց:

Ամեն դեպքում, չի բացառվում, որ գոյություն ունեն նաև այլ հանգամանքներ, որոնք կարող էին նպաստել տվյալ «Ռամիլ Սաֆարով-2012» նախագծի իրականացմանը: Նախ, որքան էլ չխոսվի Ադրբեջանի կողմից հունգարական պետական պարտատոմսերի ձեռքբերման մասին, միամտություն կլինի հավատալ, որ Հունգարիայի ղեկավարությունը համաձայնվել է Սաֆարովին արտահանձնել Ադրբեջանին միայն այս պայմաններով: Վերջիվերջո, պարտատոմսերի ձեռքբերումը հավանաբար գործարքի միայն երևելի մասն է: Որքան էլ «հայրենասեր» չլինի հունգարական իշխանական էլիտան, քիչ հավանական է, որ վերջիններս համաձայնեին «սատանայի» հետ դաշինք կնքել միմիայն սեփական երկրի տնտեսությունը կործանումից փրկելու համար: Անկասկած, ադրբեջանական կողմը հունգարական պարտատոմսերի գնմանը զուգահեռ՝ լուրջ գումարներ է ծախսել հունգարական իշխանական էլիտային կաշառելու համար: Կաշառվել են նվազագույնը Հունգարիայի առաջին դեմք` վարչապետ Վիկտոր Օրբանը, արտգործնախարար Յանոշ Մարտոնին, հանրային կառավարման և արդարադատության նախարար Թիբոր Նավրաչիչը:

Բացի այդ, չպետք է մոռանալ, որ ներկայումս Հունգարիայում պետական մակարդակով փորձ է արվում վերանայել հունգարական ժողովրդի պատմական ծագումը` ներկայացնելով այն որպես թյուրքական: Այս հարցում ելակետային է այն հանգամանքը, որ ֆիննուգրական և թյուրքական ժողովուրդների սկզբնական առաջացման արիալը գրեթե համընկնում են: 2010թ. երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում ֆիդեսիստների (ընդհանուր առմամբ` հունգար ազգայնականներ) հաղթանակից հետո Հունգարիայում սկսել է առաջ քաշվել հունգարացիների և թյուրքալեզու ժողովուրդների միասնականության և եղբայրության գաղափարը:  Հունգարացի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում` Սաֆարովի գործով Ադրբեջանին վաճառված երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը, առիթը չեն կորցնում ավելորդ անգամ հիշեցնել հունգարացիների և թյուրք ժողովուրդների ընդհանուր արմատների մասին: Բացի այդ, բոլորովին վերջերս` օգոստոսի 10–12-ը Հունգարիայի թուրանիստների կազմակերպության նախաձեռնությամբ երկրում Թուրանիզմի կուրուլթայ անցկացվեց, որին, նախնական տվյալներով, պետք է մասնակցեր 200 հազար մարդ:

Բնական է` հարց է ծագում, թե ինչով են պայմանավորված Հունգարիայի` թյուրքական ժողովուրդների ընտանիք մտնելու նկրտումները: Բացահայտ է, որ Հունգարիայի ղեկավարության` սեփական ժողովրդի ծագումը թյուրքական ներկայացնելու առաջնային նպատակը թուրքալեզու պետությունների հետ եղբայրական հարաբերություններ հաստատելու միջոցով արտոնյալ պայմաններով այդ պետությունների էներգառեսուրսներից օգտվելն է: Բացի այդ, թուրքալեզու պետություններն ավելի բազմաթիվ են, քաղաքականապես ավելի մեծ ակտիվություն են դրսևորում միջազգային ասպարեզում, քան ֆիննո-ուգորական պետությունները (Ֆինլանդիան և Էստոնիան), ուստի թուրքալեզու պետությունների հետ բարեկամանալը Հունգարիայի համար ձեռնտու է նաև քաղաքական նկատառումներով: Հարկ է նշել, որ հունգարացիների թուրքական ծագումնաբանության մեջ հետաքրքված են նաև հենց թուրքալեզու պետությունները, առաջին հերթին` Թուրքիան, որը ձգտում է դառնալ եվրոպական ընտանիքի անդամ: Հասկանալի է, որ այդ գաղափարի իրականացման արդյունքում մի կողմից ընդլայնվում է թուրքական աշխարհի աշխարհագրությունը, մյուս կողմից, ստացվում է, որ ԵՄ անդամ-պետություններից մեկը թուրքական ծագում ունի:

Վերադառնալով Հունգարիայի կողմից Ադրբեջանին Ռամիլ Սաֆարովի արտահանձնանը, կարելի է ենթադրել, որ տվյալ պարագայում Ադրբեջանի իշխանությունների ֆավորիտ Ռամիլ Սաֆարովին հունգարական բանտում ցմահ պահելը Հունգարիայի իշխանական էլիտայի համար նպատակահարմար չէր, քանզի այդ գործոնը կարող էր խոչընդոտ հանդիսանալ հունգար և ադրբեջանցի ժողովուրդների նորընծա եղբայրության համար և բացասաբար ազդեր երկու ժողովուրդների միջև ձևավորվող նոր հարաբերությունների վրա:

 Տիգրան Աբրահամյանց

Այս խորագրի վերջին նյութերը