Կարծիք

06.09.2012 09:57


Իսկ ե՞րբ ԵԺԿ-ն կանի հայտարարություն

Իսկ ե՞րբ ԵԺԿ-ն կանի հայտարարություն

ԵԺԿ-ի նախագահը, ո՞նց էր անունը, չենք էլ հիշում, ՀՀ ԱԺ ընտրություններից առաջ, ասա թե քո ինչ գործն է, աննախադեպ հաջողությունների սպասելիքներ ուներ ՀՀԿ-ից՝ մեր առաջատար կուսակցությունից, որն արդեն հայտնվել էր այդ կազմակերպության մեջ կամ գտնվում էր նրա մեջ հայտնվելուն մոտ իրավիճակում: ՀՀԿ-ն, իհարկե, արդարացրեց ԵԺԿ նախագահի հույսերը և բացարձակ մեծամասնություն ստացավ ԱԺ-ում, բայց ավաղ, դրանից հետո մեզ վրա հասած փորձանքները ոչ թե նվազեցին, այլ ավելի հաճախացան: Ներքին խնդիրները դեռ մի կողմ՝ արտաքիններն էլ են ավելացել, բայց, չգիտես ինչու, ՀՀԿ-ի եվրոպական մեծ ընտանիքի ղեկավարությունը սկել է ջրի տակ ու ձայն չի հանում: Հավանաբար այդ կուսակցության կանոնադրության մեջ ոչ մի կետ չկա այն մասին, որ մարդասպանին, մանավանդ ցմահ դատապարտված, չի կարելի կես ժամվա մեջ արդարացնել և հերոսացնել: Այլապես ինչպե՞ս բացատրենք այս լռությունը, որ համակել է ԵԺԿ-ին, երբ այդ կուսակցության անդամ ՀՀԿ-ի ղեկավարն այսքան զայրացած է տեղի ունեցածից:

Պակաս զայրացած չէ նաև մեր մյուս ԵԺԿ-ական կուսակցությունը՝ ՙԺառանգությունը՚: Սրանց պարագայում ակտիվ են բոլոր ներկա ու նախկին ֆունկցիոներները (բացառությամբ Րաֆֆի Հովհաննիսյանի), գործնական քայլեր են պահանջում ու իրենց այդ պահանջով լրացուցիչ գլխացավանք դառնում ՀՀԿ-ի համար:

Կարո՞ղ ենք մի հարց ուղղել ջղայնացած հանրապետականներին ու ժառանգականներին: Պատասխանեք, խնդրեմ, ինչո՞ւ դուրս չեք գրվում այդ ԵԺԿ-ց: Այդ կառույցում ոտքը կախ գցելու իմաստը ո՞րն է, մանավանդ, որ մեզ համար կարևոր այս պահին չեք կարողանում Ալիևի վարքը դատապարտող մի հայտարարություն պոկել նրանից:

Էդիկ Անդրեասյան 

Այս խորագրի վերջին նյութերը