Լրահոս

05.09.2012 16:57


«Խորովածի փառատոն 2012»

«Խորովածի փառատոն 2012»

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը, ««Արենի» Փառատոն» հիմնադրամը, Ախթալայի քաղաքապետարանը և Լոռու մարզի մարզպետարանը,  ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, սեպտեմբերի 8-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքում կազմակերպում են արդեն ավանդական դարձած Խորովածի չորրորդ միջազգային փառատոն-մրցույթը:

Փառատոնի կազմակերպման նպատակն է` ապահովել հայկական խոհանոցի ավանդական ուտեստների,  մասնավորապես,  խորովածի մասսայականացումը և տարածումը` հրապարակավ ներկայացնելով այն որպես հայկական խոհանոցի և խոհանոցային մշակույթի անբաժանելի մաս:Փառատոնը միտված է նաև  զարգացնելու զբոսաշրջությունը համայնքներում՝ այս պարագայում Ախթալայում,  ինչպես նաև, առավելապես ներգրավելով տեղի բնակչությանը՝ ապահովել վերջիններիս զբաղվածությունը:

Փառատոնն առաջին անգամ կազմակերպվել է 2009թ.-ին, անցած երեք տարիների ընթացքում ձեռք է բերել մեծ մասսայականություն և հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում. Վրաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում:

Խորովածի առաջին փառատոնին` 2009թ.-ին, մասնակցել են  ութ ռեստորաններ Հայաստանից և  2000 այցելու,  անցած տարի 2011թ-ին` Խորովածի երրորդ փառատոնին,  մասնակցել  25 ռեստորաններ` Հայաստանից և Վրաստանից,  և մոտ 15 000 այցելու աշխարհի տարբեր երկրներից:

Փառատոնի ընթացքում նախատեսվում են մի շարք հետաքրքիր միջոցառումներ:

 Փառատոնի ծրագիրն ընդգրկում է՝

 

  • բացման հանդիսավոր արարողություն
  • խորովածի պատրաստման  հետ կապված ողջ գործընթացի ցուցադրում խորովածի տարբեր տեսակների ցուցադրություն-համտես
  •  պրոֆեսիոնալ խորոված պատրաստողների մրցույթ
  • խաղային մրցույթներ
  • ազգային երաժշտություն (‹‹Սասնա ծռեր›› ազգագրական համույթ, ‹‹Հորովել›› երգի և պարի պետական համույթ, ‹‹Լազուր›› ժողգործիքների համույթ, ‹‹Փողային նվագախումբ››, Լեյլա Սարիբեկյան, Արսեն Գրիգորյան, Մկրտիչ Մկրտչյան, Դավիթ Ամալյան և այլն):
  • նկարների ցուցահանդես` հայ նկարիչների մասնակցությամբ

Փառատոնը կեզրափակվի համերգային ծրագրով, որին կմասնակի  The Beautified Project խումբը:

 Միջոցառմանը հրավիրված են նաև ՀՀ կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների,  զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ:

Այս խորագրի վերջին նյութերը