Քաղաքական

05.09.2012 15:56


«Ինչո՞վ էիք զբաղված դո՛ւք»

«Ինչո՞վ էիք զբաղված դո՛ւք»

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ելույթը Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու և ազատ արձակելու կապակցությամբ ՀՀ ԱԺ հայտարարության քննարկման ժամանակ

«Բազմիցս եմ կարևորել քարոզչական պատերազմի ֆինանսավորումը, սակայն նույն 2012 տարվա պետական բյուջեի նախագծում, երբ ԲՀԿ-ն առաջարկել էր արտաքին գերատեսչությանը քարոզչության համար հատկացվելիք ծիծաղելի 21 մլն դրամը գոնե դարձնել 100 մլն դրամ` հարգարժան կառավարությունը մերժել է այդ առաջարկը այն պատճառաբանությամբ, թե ավելի կարևոր գերակայություններ կան։ Ես ոչ մի րոպե անգամ չեմ կասկածում, որ այս կառավարության համար ինձ համար շատ անհասկանալի, բայց ավելի կարևոր «գերակայություններ» կան։
Սաֆարովին Բաքվում դիմավորում էին եվրոպական կառույցներում ներկայացված պաշտոնյաներ, ինչը, վստահաբար, Ադրբեջանի կողմից հստակ և ուղորդված քայլ էր, նաև մեսիջ միջազգային հանրությանը, որ իրենք թքած ունեն նույն այդ միջազգային հանրության կարծիքի վրա։ Բայց այդ մասին մենք կխոսենք միջազգային հարթակներում: Նաև կխոսենք այն մասին, թե ինչպես ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիան վաճառեց եվրոպական արդարադատությունը և եվրոպական արժեքները։ Եկեք լինենք անկեղծ և բարձրաձայնենք, թե ինչ կարող էին անել մեր պատկան մարմինները, որ չարեցին: Ես զրուցել եմ Հունգարիայի հայ ինքնավարության փոխնախագահ Նիկողոս Հակոբյանի հետ, ով տեղեկացրեց, որ օգոստոսի 20-ին ոչ միայն բարձրաձայնել է հնարավոր էքստրադիցիայի, այլև օգոստոսի 21-22-ին Հունգարիայի հայ համայնքի հորդորով եկել է Հայաաստան, հանդիպել է արտգործնախարարության և Սփյուռքի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և ասել է, որ նման արտահանձնում է նախատեսվում: Մինչդեռ նախօրեին ԱԺ նախագահի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ փոխարտգործնախարարը հավաստիացրեց, որ գոնե խորհրդարանը այդ մասին տեղյակ չի եղել։ Օգոստոսի 20-ին հայ համայնքը պաշտոնական հարցում է արել Հունգարիայի խորհրդարանին և խորհրդարանի նախագահը պատասխանել է, որ ` այո՛ արտահանձնում նախատեսվում է։ Տպավորությունս հետևյալն է՝  հունգարական իշխանությունները, խորհրդարանի ղեկավարը, արտաքին գործերի գերատեսչության պաշտոնյան շատ ավելի անկեղծ են Հունգարիայի հայ համայնքի հետ, քան մեր իշխանությունների հետ` մինչև վերջին պահը, երկու շաբաթ պատասխանելով, որ նման բան չկա: Բայց` մինչ այդ երկու շաբաթը հարգելի արտգործնախարարության, ԱԱԾ-ի ներկայացուցիչներ ինչո՞վ էիք զբաղված դո՛ւք, երբ հայտարարվեց, որ այդ բանակցությունները տարվել են մեկ տարի շարունակ։ Կարող եմ դատափետել Ադրբեջանին, այն էլ այնքան, որ բոլորն էլ զարմանան, նաև Հունգարիային, բայց դրա տեղը չէ. Հայտարարությունը կա, դրանում ամեն ինչ ասված է:
Բայց, եթե մենք ազնիվ ենք, անկեղծ ենք ու ուզում ենք, որ նման երևույթները կանխվեն և եթե ուզում ենք ինչ-որ գործում իրական քայլեր անենք, ապա պետք է ասենք, թե ինչ կարող էինք անել մենք, որ չարեցինք։

Ինձ ապշեցրել է Հունգարիայում Հայաստանի դեսպանության ներկայացուցչի պարզաբանումը, որ նամակ է ուղղել Հունգարիայի ԱԳՆ և պատասխան է սպասում` նման դեպք տեղի ունեցել է, թե ոչ, մինչդեռ Սաֆարովն արդեն երեք ժամ Բաքվի օդանավակայանում էր։ Սա աբսուրդ է, և եթե Էդվարդ Նալբանդյանը այստեղ լիներ, ես կհարցնեի` ընդհանրապես ինքը տեղյակ է, թե ինչով են զբաղված ԵՄ անդամ մեր որոշ դեսպաններ: Իսկ իմ տպավորությամբ, մեր բոլոր դեսպաններն ու ներկայացուցիչները խորապես չեն հասկանում Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները, որ իրենք պարտավոր են պաշտպանել տվյալ դեպքում: Նրանց թվում է, թե գերակայությունը երկու միջոցառում է` ապրիլի 24-ին լացակումած կանգնել Ցեղասպանության ինչ-որ հուշակոթողի մոտ և սեպտեմբերի 21-ին տոնական ֆուրշետ կազմակերպել։ Ուզում եմ կրկնել, որ թե՛ Ադրբեջանի, թե՛ Հունգարիայի մասին կհասցնենք խոսել, բայց հարկ է անկեղծ լինել` ի՞նչ կարող էինք անել մենք, որ չենք արել: Եվ դրանից հետևություններ անել` հետագայում ևս հերթական անգամ արդեն կատարված իրադարձության, փաստի հետ չառերեսվելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը