Լրահոս

05.09.2012 18:20


«Կանեփ-կակաչ-2012» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումն ավարտվեց

«Կանեփ-կակաչ-2012» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումն ավարտվեց
Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրա հետևանք հանդիսացող թմրամոլության հակազդման և կանխարգելման նպատակով, ՀՀ ոստիկանության 2012 թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի  և «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից-պետությունների համագործակցության 2011-2013թթ. ծրագրի իրականացման ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի» պլանի համապատասխան պահանջների համաձայն` այս տարվա օգոստոսի 7-ից 30-ը հանրապետության ողջ տարածքում անցկացվել է «Կանեփ-կակաչ-2012» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն էր` հայտնաբերել և ոչնչացնել վայրի աճած և ապօրինի աճեցված ու մշակված կանեփի և կակաչի կանաչ զանգվածները:

Միջոցառման արդյունավետությունն ապահովելու նպատակով, ՀՀ ոստիկանության պետի հուլիսի 30-ի հեռախոսագրի համաձայն, ոստիկանության Երևան քաղաքում, մարզային վարչություններում ստեղծվեցին շտաբներ, որոնք ղեկավարում էին  վարչությունների պետերը, իսկ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցները նշանակվեցին օպերատիվ խմբերի պատասխանատուներ:

 

Միջոցառման արդյունքում հայտնաբերվել և ոչնչացվել է վայրի աճած 82 տոննա 666.6 կգ կանեփի և 39 կգ կակաչի կանաչ զանգված:

 Ոստիկանության ծառայողներից բացի միջոցառմանը ակտիվ մասնակցություն են ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության ստորաբաժանումների ծառայողները, տեղական ինքնակառավարման մարմինների և զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչները:
 

Ձեռք բերված օպերատիվ տեղեկությունների շնորհիվ` ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, մարզային վարչությունների և նրանց ենթակա բաժինների աշխատակիցների համատեղ միջոցառումների  արդյունքում 86 քաղաքացիների տնամերձ հողամասերից և շինություններից հայտնաբերվել և առգրավվել է շուրջ 810 կգ կանեփի կանաչ զանգված:

 Բացի այդ, հայտնաբերվել է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության 54 դեպք, ինչի  արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 265.8 մլ դեզոմորֆին, 2 կգ 768 գրամ մարիխուանա, 740 գր հաշիշ, 1.1 գրամ հերոին, 2.3 գրամ կոդեին, 10 հատ սուբուտեքս տեսակի թմրամիջոցներ, 15 մլ և 14 հատ հոգեմետ դեղահաբ, 1 սառը զենք, 1 օդամղիչ ատրճանակ, 3 նռնակ, տարբեր տրամաչափի  556 փամփուշտ:
 

Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող մեկ անձ:

 Ոստիկանության աշխատակիցների բացատրական աշխատանքների շնորհիվ բնակչության կողմից կամավոր հանձնվել է որսորդական 6 հրացան,   տարբեր տրամաչափի 72 փամփուշտ:

Այս խորագրի վերջին նյութերը