Լրահոս

04.09.2012 16:38


Սերժ Սարգսյան. «Ի՞նչ է նշանակում, ընդհանրապես, սեփական թեկնածու»

Սերժ Սարգսյան. «Ի՞նչ է նշանակում, ընդհանրապես, սեփական թեկնածու»

Այսօր Գյումրու նորակառույց հիվանդանոցի բացման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե ինչու Գյումրու քաղաքապետի ընտրություններին ՀՀԿ–ը  սեփական թեկնածուով հանդես չի եկել, ասել է. «Իսկ ո՞վ է ասել, որ Սամվել Բալասանյանը օտար մարդ է: Եվ ի՞նչ է նշանակում, ընդհանրապես, սեփական թեկնածու: Գիտեք, այս առիթով ես ուզում եմ, որպեսզի մեկ անգամ ևս անդրադառնանք վերջին շրջանում տարբեր ժարգոններով հրապարակվող նյութերին՝ հենց այս «սեփական», «օտար», այսպես ասած՝ «դաբրո», «զապրետ» գողական տերմիններին: Ուզում եմ, որպեսզի բոլորի համար պարզ, հստակ, հասկանալի լինի, որ կուսակցությունները ստեղծվում են նրա համար, որպեսզի կարողանան ակտիվորեն մասնակցել քաղաքական կյանքին: Մարդիկ մտնում են կուսակցություններ, որպեսզի իրենք ևս ակտիվորեն մասնակցեն քաղաքական իրադարձություններին: Իսկ ընտրություններից առավել քաղաքական իրադարձություններ չեն կարող լինել: Ուստի, բնական է, որ կուսակցությունը, կուսակցության ղեկավար մարմինը կամ կուսակցության ղեկավարը պետք է սատարի կոնկրետ կուսակցականի կամ կոնկրետ անհատի: Սա՝ այս մասով: Այո՛, իրականությանը համապատասխանում են մամուլի այն պնդումները, որ Սամվել Բալասանյանին ես եմ առաջարկել առաջադրվել քաղաքապետի թեկնածու: Այո՛, դա այդպես է: Նախ համարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեզ թշնամի կուսակցություն չէ և ոչ էլ հակառակորդ: Մենք աշխատում ենք ընդհանրապես կայացնել արդյունավետ որոշում, օպտիմալ տարբերակ և եթե որևէ տեղ առաջադրում ենք թեկնածու, ապա ծանրութեթև ենք անում, նկատի ունեմ, իհարկե, խոշոր համայնքները, և հաշվի առնելով բոլոր «թեր» ու «դեմ»-երը, նոր միայն առաջադրում ենք քաղաքապետի թեկնածու: Կոնկրետ պարագայում, իմ կարծիքով, Սամվել Բալասանյանը լավագույնս կարող է լուծել այս համայնքում առկա խնդիրները: Նախ մթնոլորտ պետք է փոխվի Գյումրիում, և կարծում եմ, որ Սամվել Բալասանյանը կարող է այդ մթնոլորտը փոխել»:

 

Այս խորագրի վերջին նյութերը