Լրահոս

04.09.2012 16:30


Նախագահական գրասենյակի խայտառակ խտրականության մասին

Նախագահական գրասենյակի խայտառակ խտրականության մասին

Այսօր Գյումրի կատարած այցի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմը արգելել է նրա հետ հարցազրույցին մասնակցել մի շարք տեղական զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների, այդ թվում «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի, www.asparez.am կայքի, «Հինգշաբթի» շաբաթաթերթի, «Ցայգ» եւ «ԳԱԼԱ» ՀԸ լրագրողներին, «Ազատություն» ռադիոկայանի եւ «Առավոտ» օրաթերթի տեղական թղթակիցներին:

Մինչ Ս. Սարգսյանի` Գյումրու նորակառույց հիվանդանոցի բացմանը ժամանելը, նախագահական պալատի մամուլի պատասխանատուն հավաքված լրագրողներին տեղեկացրել է, թե վերջինիս հետ ոչ մի հարցազրույց չի նախատեսված: Մինչդեռ` Գյումրու մոր եւ մանկան ավստրիական մանկական հիվանդանոց կատարած շրջայցից հետո, հենց հիվանդանոցի ներսում կազմակերպվեց հարցազրույց, որին մասնակցել են երեւանյան մի շարք լրատվամիջոցներ, Հ1 հեռուստաընկերության տեղական թղթակիցը եւ մարզի մյուս լրագրողների աչքի առաջ ներս են հրավիրել նաեւ «Շանթ» ՀՌԸ Գյումրու թղթակցին: Տեղական մյուս լրատվամիջոցների լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ լրատվամիջոցների միջեւ խտրականություն դրվեց եւ ինչո՞ւ մյուսներն էլ ներս չհրավիրվեցին` լրատվության պատասխանատուն պատճառաբանել է, թե «ներսում տեղ չկար» եւ առաջարկել է օգտվել իրենց արած հարցազրույցի տեսագրությունից, որն հրապարակվելու է ավելի ուշ:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը դատապարտում է տեղացի լրագրողների նկատմամբ այս վերաբերմունքը, այն գնահատում է որպես խոսքի ազատության սահմանափակման խայտառակ դեպք, եւ խտրականություն նույն մասնագիտության ներկայացուցիչների տարբեր խմբերի նկատմամբ:

Դժվարանում ենք կռահել այս վերաբերմունքի իսկական դրդապատճառները, գուցե աշխատակազմը մտահոգ է եղել, որ տեղացի լրագրողները չպլանավորած ու արտասցենարային հարցեր էին հղելու Սերժ Սարգսյանին: Իսկ ներսում տեղ չլինելու մասին պատճառաբանությունները ուղղակի ծիծաղելի են. հիվանդանոցը բազմաթիվ սպասասրահներ ու դահլիճներ ունի:

ՀՀ նախագահի աշխատակազմը պարտավոր է պատշաճ եւ հիմնավոր բացատրություններ ներկայացնել հանրությանը, այն մասին, թե ինչով էր պայմանավորված այսօրվա խտրականությունը լրագրողների նկատմամբ:

Հրավիրում ենք ՀՀ Ոստիկանապետի ուշադրությունը վերը նկարագրված փաստերին եւ պահանջում քրեական գործ հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածի առաջին մասի հատկանիշներով. «…1. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:…»:

Լրագրողներին խորհուրդ ենք տալիս իրենցից փակ այդ հանդիպման մասին գրելիս օգտվել լրագրության գեղարվեստական ժանրերից:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Այս խորագրի վերջին նյութերը