Լրահոս

04.09.2012 12:53


Արգենտինան ցանկանում է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ

Արգենտինան ցանկանում է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ

Սեպտեմբերի 4-ին կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտոնական այցով Երեւան ժամանած Արգենտինայի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հանդիպումը:

 Ողջունելով հյուրին, նախարար Նալբանդյանը ասաց. «Այս տարի մենք նշում ենք հայ-արգենտինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 ամյակը, և կարող ենք արձանագրել, որ Արգենտինայի հետ այս տարիներին մենք ունեցել ենք բավական ինտենսիվ շփումներ:

 Մենք կարևորում ենք հայ-արգենտինյան փոխգործակցության զարգացումը. դրա մասին խոսում է այն փաստը, որ Լատինական Ամերիկայում առաջին դեսպանատունը մենք բացեցինք հենց այդ երկրում, Արգենտինան առաջին լատինաամերիկյան երկիրն է, որի հետ մենք վերացրել ենք մուտքի արտոնագրային ռեժիմը: Իր հերթին, Արգենտինայի դեսպանատունը Հայաստանում առաջինն էր Հարավային Կովկասում: Երկու երկրների միջեւ ստորագրվել են երկու տասնյակից ավելի փաստաթղթեր, Արգենտինան Հայաստանի տնտեսության մեջ խոշոր ներդրողներից է:»

 Շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար նախարար Թիմերմանն ասաց, որ Արգենտինան ցանկանում է խորացնել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ եւ առավել բարձրացնել միջպետական փոխգործակցության մակարդակը:

 Երկկողմ  հարաբերությունների զարգացման տեսանկյունից նախարարները կարեւորեցին բազմահազարանոց արգենտինահայ համայնքի դերակատարությունը:

 Հայաստանի եւ Արգենտինայի արտաքին գործերի նախարարները անդրադարձան երկկողմ փոխգործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի: Պայմանավորվեցին շարունակել աշխատանքները երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու ուղղությամբ, ամրապնդել միջազգային կազմակերպություններում համագործակցությունը, առևտրատնտեսական, մշակութային և գիտակրթական փոխգործակցությունը։ 

 Հեկտոր Թիմերմանը Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրեց Արգենտինայի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների, լատինաամերիկյան տարածաշրջանում զարգացումների եւ դրանց վերաբերյալ իր երկրի մոտեցումների մասին:

 Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Նախարարները համակարծիք էին, որ հիմնախնդիրները պետք է լուծվեն միմիայն խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:

 Հանդիպումից հետո նախարարները ստորագրեցին Համաձայնագիր  Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության և Արգենտինայի Հանրապետության սպորտի քարտուղարության  միջև սպորտի բնագավառում համագործակցության մասին, ապա հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:

Այս խորագրի վերջին նյութերը