Լրահոս

04.09.2012 11:42


«Սաֆարով» գործողությունը և հայ–ադրբեջանական անհամատեղելիությունը

«Սաֆարով» գործողությունը և հայ–ադրբեջանական անհամատեղելիությունը

«Սաֆարով» գործողությունը անկասկած հարված է հայկական կողմին: Պարզ է նաև, որ մեր դիվանագիտությանը չի հաջողվել այստեղ արդյունք ձեռք բերել և ամեն կերպ պայքարել մարդասպանի արտահանձնումը չիրականացնելու համար: Որովհետև նույնքան պարզ է, որ երբ արտահանձնումը տեղի ունենար, անմիջապես ազատության մեջ էր հայտնվելու ոճրագործը: Ադրբեջանը ոչ միայն հասարակական հիմունքով, այլ պետության ամենաբարձր մակարդակով առաջին օրից հերոսացրել էր զուտ էթնիկական հողի վրա հայատյացությունից մեկնած և ցեղապաշտական մոլուցքից տարված անասնային արարքի դիմած այլանդակության հեղինակին:

Այժմ փորձ պետք է կատարել հուզականությունից անդին դիտարկելու կատարված իրողությունը, որից առավելություններ պետք է ձեռք բերի հայկական կողմը:

Նախ, պետք է տեսնել այն, որ Բաքուն, որ վաղուց աշխատում էր այս գործողությունը իրականցնելու ուղղությամբ ոչինչ չպիտի խնայեր իր բանակայինին տուն բերելու համար: Այս սուղ փրկագինը իհարկե սոսկ Սաֆարովին չէր վերաբերում: Այստեղ հստակ քաղաքականություն կա ներադրբեջանական ոգևորության ալիքը բարձրացնելու: Սա փաստորեն պարտված կողմի հաշվարկ է, որ երբ Արցախյան ճակատի ուղղությամբ ոչինչ չի հաջողվում իրականցնել, երբ հրադադարի խախտումները որևէ արդյունքի չեն հանգում, երբ դիվերսիոն գործողությունները չեզոքացվում են, երբ հայկական սահմանի վրա կատարված ոտնձգությունները ստանում են համարժեք պատասխան, պետք է Արցախի սահմաններից շատ հեռու մի գործողություն  իրականցնել, որը կսփոփի բարոյալքված հոգիները: Ուրեմն դրամական մեծ խոստումների գնով, խաբեությունների գնով, գործարքների այս գրավը պետք էր իր լրումին հասցնել, առնվազն ներքին սպառման համար ծախվող ապրանք  հրապարակ իջեցնելու համար:

Բաքուն վստահաբար պիտի ակնկալեր, իր գրավոր խաբեության, մարդասպանի հերոսացման, հակաօրինական շռնդալից ցուցադրության, մարդկային իրավունքների սկզբունքների բացահայտ ոտնահարման դիմաց մեծ արձագանգ` թե՛ լրատվական, թե՛ հասարակական և թե՛ պետական մակարդակներով: Այս բոլորով հանդերձ նման քայլի գնալը անհրաժեշտ հրամայական էր պարտված ու արցախյան հակամարտության մեջ ռազմական ամլության մատնված Բաքվի համար: Բաքուն սակայն չհաշվարկեց, որ հայկական կողմին հանձնեց մի կարևոր հաղթաթուղթ , որին կարելի է ամեն անգամ հղում կատարել, ասելու համար, որ Ադրբեջանը այն երկիրն է, որ իր ստորագրած պայմանագրերը հարգելու կարողությունը չունի: Բուդապեշտի հետ Բաքվի ստորագրած փաստաթուղթը համենայնդեպս Սաֆարովի ազատության մեջ հայտնվելու մասին չէր խոսում: Եվ երբ մի կողմը  ի՛նքն իր ստորագրած պայմանգիրը չհարգելու բացահայտ օրինակ է տալիս, ապա լուրջ կասկածի տակ է դնում որևէ լուծումի շուրջ հանձնառության տակ մտած լինելու իր երաշխիքը:  Իսկ եթե հրադադարի խախտումները մշտադիտարկումների կարիքը ունեին իմանալու համար, թե ո՞ր կողմն է նախախախտողը, այս դեպքում ավելի քան պարզ է պայմանագիր չհարգողը, գրավոր, ստորագրությա՛մբ խաբողը:

Բաքուն էր դարձյալ, որ անվերջ փորձեր  էր կատարում արցախյան հակամարտության բանակցային ձևաչափը փոխելու: Իր այդ ճիգի մեջ միևնույն Բաքվի նախաձեռնությամբ թղթածրարը կհասներ միջազգային ատյաններ, որտեղ օգտագործվելով կրոնական և ցեղակցային հանգամանքները Ադրբեջանը մաքսանենգում էր հակահայ բանաձևեր, ընդ որում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին խոսող փաստաթղթեր: Հիմա, նույն Բաքուն է, որ ոտնահարում է միջազգային այլ նորմեր ու իրավաթղթեր` ցմահ ազատազրկվածների արտահանձնման դեպքում պատիժի շարունակությունը հաստատող: Եթե Բաքվի համար միջազգային իրավունքը, օրենքը,  կամայաբար կարելի է անտեսել, այդ դեպքում կանտեսվեն նաև այն բոլոր բանաձևերը, որոնց ամրագրման համար այսքան ժամանակ և գումար  էր վատնել Ադրբեջանը։

Ներքին սպառման առաջնահերթությունը այնքան  գերակա  է եղել այս բոլորում, որ կարճաժամկետ և շուտ սպառվող առավելությունների համար Բաքվի ղեկավարը փոխանակ պատժաչափի ներման իրավական սահմանների մեջ մնալու փորձ կատարելու, ուղղակի հերոսացման պետական պարգևին է արժանացրել մարդասպանին: Հերթական անգամ  համոզելով դիպաշարին հետևողին, որ Ադրբեջանում գազանային յուրահատկություններ ունենալն ու դրանք դրսևորելը պետական արժեհամակարգի մաս կազմող կարևոր բաղադրիչներ են:

Անշուշտ խնդիրը  արտահանձնման մասին միջազգային օրենքների, միջպետական պայմանագրերի և ադրբեջանական խոստումնագրի ետևում թաքնվող Բուդապեշտի իշխանություններին է վերաբերվում, որոնց պարտատոմսերի վաճառքը Ադրեջանին պարզապես խղճի ու բարոյականության վաճառքի համազոր քայլ է: Թեև քաղաքական առևտրում ոչ արդարացված, այսուհանդերձ՝ ընկալելի երևույթ: Ամեն դեպքում, ներհունգարական ընդվզումի ալիքի բարձրացումը կարևոր է. Բուդապեշտի  իշխանությունները այո՛ հաշիվ պետք է տան նախ իրենց ժողովրդին, նման վարկաբեկում հասարակության ճակատին գրելու համար, ապա առնված քայլը համապատասխանեցնելու եվրոպական նորմերին, միջազգային օրենքներին, մարդկային իրավունքներին: Հունգարիան ներեվրոպական հակասության մեջ է հայտնվել: Այդ հակասությունը սրելը և մանավանդ Հունգարիայից քայլ պահանջելը, թեև չի լուծում բուն հարցը, այսուհանդերձ կզգացնի իր անհրաժեշտությունը:

Վերահամոզվենք սակայն, որ Բաքվի առաջադրանքը ներքին սպառման մի թիրախ ուներ: Այլապես, մի թիզ հողաշերտ վերցնելու համար, պարտված Բաքուն պատրաստ էր զոհելու բազմաթիվ Սաֆարովներ:

«Սաֆարով» գործողությունը ի վերջո բազմաթիվ հիմնավորյալ տվյալներ է տրամադրում հայկական կողմին բոլորին համոզելու՝ հայերի և ադրբեջանցիների անհամատեղելիության մասին: Սաֆարովի հերոսացումը ստորագրելով` Ալիևը ի՛նքը անձամբ ստորագրեց այդ անհամատեղելիությունը:

Շահան Գանտահարյան

«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը