Լրահոս

04.09.2012 17:55


Ադրբեջանը խճճվում է իր իսկ խառնած կծիկի մեջ

Ադրբեջանը խճճվում է իր իսկ խառնած կծիկի մեջ

Վերջին օրերին Ադրբեջանի նախկին և ներկայիս սպա «Ռամիլ Սաֆարով» երևույթի էքստրադիցիայի հարցը դարձել է միջազգային մամուլում քննարկվող ամենասենսացիոն լուրը: Ամբողջ աշխարհը քննադատում է Հունգարիային և Ադրբեջանին վտանգելու համար տարածաշրջանային անվտանգությունը, իսկ վերջիններս ինչ-որ միջազգային կոնվենցիաներ են մեջբերում` արդարացնելու այս խայտառակ առևտուրը: Այնպիսի տպավորություն է, կարծես աշխարհն այդ կոնվենցիաներից և օրենքներից տեղյակ չէ, իսկ Հունգարիան և Ադրբեջանը մի նոր բացահայտում են անում, թե՛ մեզ` հայերիս, թե՛ ամբողջ միջազգային հանրության համար: Ինչևէ, Սաֆարովի էքստրադիցիայի ճիշտ և սխալ լինելու մասին  խոսելն անգամ ավելորդ է, քանի որ աշխարհում գեթ մեկ թերթ անգամ չմնաց, որ «թուք ու մուր» չանի, և՛ մեր արևելյան հարևանին, և՛ ԵՄ-ի արևելյան անդամին (բառի ուղղակի իմաստով), սակայն, այնուամենայնիվ, Ադրբեջանը գնալով ավելի է խճճվում իր իսկ խառնած կծիկի մեջ:

Ծանոթանալով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի իրավապահ մարմինների հետ աշխատանքի բաժնի ղեկավար Ֆուադ Ալեսքերովի պատասխանին ԱՄՆ պետդեպի քննադատությանը` հանդիպում ես մի շատ ուշագրավ հատվածի: Նրա հայտարարության մեջ ասվում է, որ, ըստ ադրբեջանական օրենքների, ցմահ դատապարտված քաղաքացիներին պատիժը կարող է փոխարինվել մինչև 25 տարի ազատազրկմամբ: Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որը Ռամիլ Սաֆարովն արդեն իսկ 8.5 անցկացրել է անազատության մեջ Հունգարիայում՝ Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներման շնորհումը կարելի է դիտել որպես ազատազրկում այնքան ժամանակով, որքան որ Սաֆարովը անցկացրել է Հունգարիայում:

Երկու կարծիք լինել չի կարող. սա տարրական ցինիզմի դրսևորում է պաշտոնական մակարդակով, բայց այն, թե ինչ է հետևում այս ամենից հետո, պատկերացրեք, հիմարություն կոչելը բավականին մեղմ է:

Մի պահ համակերպվելով վերը նշված «փաստարկման» հետ` եկեք այնուամենայնիվ հստակեցնենք մի կարևոր փաստ: Վերընշված հայտարարությամբ՝ Ադրբեջանը փաստացի Սաֆարովին ճանաչում է որպես հանցագործ և դատապարտում 8.5 տարվա ազատազրկման: Ճիշտ է, հետո ներում է շնորհում և ազատում Ֆուադ Ալեսքերովի «փայլուն իրավական փաստարկներով», բայց այնուամնայնիվ «մարդը» դատապարտվում է: Ասացեք խնդրեմ, այդ ո՞ր երկրի օրենքներով է, որ հանցագործի աշխատավարձը կուտակվում է և վերադարձվում է պատիժը կրելուց հետո, այդ ո՞ր երկրի օրենքներով են հանցագործներին պատիժը կրելուց հետո զինվորական կոչումներ շնորհում և, ո՞վ կարող է պատասխանել, թե այդ ո՞ր երկրում են հացագործներին բնակարանով ապահովում պատիժը կրելուց հետո: Ի վերջո, մի՞թե Ադրբեջանի պես «մարդասեր», «ժողովրդավար», «քաղաքակիրթ» երկիր կա այս մոլորակի վրա: Իսկ գուցե Սաֆարովը դատապարտյալ չէր այլ պարզապես հրաման կատարող կարգապահ զինծառայող: Մեկնաբանություններն ավելորդ են…

Երբեմն իսկապես դժվար է հասկանալ ադրբեջանական տրամաբանությունը, բայց ադրբեջանցիներին էլ հասկանալ կարելի է: Մարդիկ դեռ չեն էլ ձևավորել իրենց Էթնոգենեզը, ուր մնաց երկիր կառավարեն: Դժվար է պատկերացնել այս ձեռնարկված ցնորամտության հետևանքները ինչպիսին կլինեն, բայց մի բան հստակ է. Ադրբեջանը սա չի մարսի, քանի որ առ այսօր չգտնվեց գեթ մեկ երկիր, որ աջակցեր նման ցինիկ առևտուրը, որ տեղի ունեցավ Իշխանական Ադրբեջանում և Եվրոպական, ԵՄ անդամ (բառի ուղղակի իմաստով) Հունգարիայի պես պետության միջև:

 Հ.Գ. Նույնիսկ Թուրքիան ձայն չի հանում այս պարագայում` հետևելով մի պարզ ճշմարտության. «խորտակվող նավից պետք է հեռու մնալ,  թե չէ քեզ էլ կխորտակի:»

Էրիկ Երիցյան

Այս խորագրի վերջին նյութերը