Լրահոս

03.09.2012 15:15


Սեպտեմբերի 5-ին կհրավիրվի ԱԺ արտահերթ նստաշրջան

Սեպտեմբերի 5-ին կհրավիրվի ԱԺ արտահերթ նստաշրջան

Սեպտեմբերի 5-ին` ժամը 12-ին, կհրավիրվի ԱԺ արտահերթ նստաշրջան:  Նման որոշում է կայացվել այսօր՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ:

Ինչպես և նախատեսվում էր, ԱԺ արտահերթ նիստի օրակարգում լինելու է 2004թ. Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ Գուրգեն Մարգարյանին կացնահարած և Հունգարիայի քաղաքային դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու և Ադրբեջանի իշխանությունների կողմից ներում շնորհելու հետ կապված իրավիճակի և ՀՀ ԱԺ-ի կողմից կատարվելիք համապատասխան քայլերի քննարկումը:

Խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ փոխնախագահները, ԱԺ խմբակցությունների և մշտական հանձնաժողովների ղեկավարները:

Հովիկ Աբրահամյանը ներկաներին հիշեցրել է, որ Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ի թիվս այլ քայլերի, նպատակահարմար է գտել համապատասխան օրակարգով ԱԺ արտահերթ նստաշրջանի հրավիրումը: ԱԺ նախագահի խոսքով` Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունների այս քայլերը հակասում են միջազգային կոնվենցիաներին, պայմանավորված են նեղ շահերով և էական հարված են հասցնում տարածաշրջանում խաղաղության, փոխվստահության հաստատման ջանքերին, բանակցային գործընթացին:

Հովիկ Աբրահամյանը նպատակահարմար է գտել ՀՀ Ազգային ժողովի կողմից դատապարտող հայտարարություն ընդունելը և այն միջազգային կազմակերպություններին, խորհրդարանական վեհաժողովներին, տարբեր երկրների խորհրդարաններին ուղարկելը:

Խոհրդակցության մասնակիցներն իրենց դատապարտող դիրքորոշումներն են ներկայացրել, մասնավորապես նշելով, որ հարցի առնչությամբ հարկ է դրսևորել միասնական և հետևողական մոտեցում: Որոշվել է խմբակցությունների ներկայացուցուցիչներից ստեղծել աշխատանքային խումբ` ԱԺ հայտարարության նախագիծ կազմելու համար:

Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը