Կարծիք

03.09.2012 10:59


Կաշը գնա՞ց

Կաշը գնա՞ց

Հայերով նստել ու որոշել են արդեն, որ  «Սաֆարով» օպերացիան ռուսների ձեռքի գործն է: Անհերքելի փաստ էլ կա, ի դեպ: Ադրբեջանից ինֆորմացիայի արտահոսք է տեղի ունեցել, ըստ որի՝ սաֆարովին Ադրբեջանին տալու հարցում մեծ դերակատարություն է ունեցել ռուսաստանաբնակ ադրբեջանցի գործարար Իլհամ Ռահիմովը, ով եղել է Պուտինի համակուրսեցին: Իսկ ինչ վերաբերում է մեր երևակայությանը, ապա ո՞վ չգիտի, որ մենք այդ գծով աշխարհի չեմպիոն ենք: Պետք լինի ժամերի ու րոպեներիի ճշտությամբ կներկայացնենք այն հեռախոսազրույցները, որ տեղի են ունեցել Պուտինի և Հունգարիայի ղեկավարության միջև. «Գիտե՞ք, տղերք, իմ համադասարանցի Իլհամ Ռահիմովը մի թեթև խնդրանք ունի: Ասում է՝ սաֆարովին տեղափոխենք բաքու: Ի՞նչ կասեք, կարող ենք չէ՞ օգնել»։

Առհասարակ, երբ հայ վերլուծաբանը տեղից պոկվում է, նրան կանգնեցնելը շատ դժվար է: Ու նաև մի նկատառում՝ նրա համար ամեն ինչ պարզ է դեռ էն գլխից: Համոզվեք ինքներդ. «Պարզ է, որ Ռահիմովը ապահովել է գործողության ֆինանսական կողմը, սակայն առանց քաղաքական լուրջ աջակցության այն չէր ստացվի: Պարզ է նաեւ, որ Ռուսաստանի պես երկրում այսպես ասած անկախ խոշոր գործարարներ չկան, եւ նրանք գտնվում են քաղաքական ղեկավարության վերահսկողության տակ: Եւ քանի որ խնդիրը միջպետական եւ միջազգային նշանակություն ուներ, ապա պարզ է նաեւ, որ գործողության իրականացումն ապահովվել է Ռուսաստանի քաղաքական ղեկավարության միջամտությամբ՚: Հաշվեք, թե վերլուծաբանը քանի անգամ է գործածել «պարզ է» արտահայտությունը: Բա չասե՞ս՝ եթե ամեն ինչ այդքան պարզ է, էլ ինչո՞ւ ես քեզ պատեպատ տալիս ու այդ պարզ բաները շարադրում:

Ամենավերջում, ի բարեբախտություն մեզ, այս վերլուծաբանն այնուամենայնիվ հուշում է, թե որն է այսպես փրփրելու բուն պատճառը: Հայաստանը շատ դանդաղկոտ է: Սա թող դաս լինի, որ ռուսները մեր հակառակորդներն են, ու քանի դեռ երկաթը տաք է, պետք է թեքվենք դեպի Եվրոպա՝ ազատվելով ՙԵվրասիական միություն՚ կոչվող ճահճից: Ահա, այսպես:

Ի՞նչ է ստացվում: Փաստորեն Ռուսաստանը, տեսնելով, որ Հայաստանն այնքան էլ հակված չէ «Եվրասիական միության» հետ կապված իր ծրագրերին, որոշել է հարվածել Հայաստանին և դա արել է սաֆարովի ազատմամբ հունգարական բանտի՞ց: Հանճարեղ է: Ռուսաստանն ուրեմն այնքան է խեղճացել, որ այսպիսի նողկալի քայլի է դիմում Հայաստանին ճնշելու համար, այո՞:

Եթե այո, ապա պատկերացրեք, խնդրում եմ, մեր հաջորդ քայլերը… Ես, անձամբ, այսպես եմ պատկերացնում՝ հաջորդը խզում ենք դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, ցույց ենք անում նրանց դեսպանատան առաջ, պահանջում ենք, որ Ռուսաստանն էվակուացնի իր ռազմաբազան ու անհապաղ դադարեցնի ՀՀ սահմանների պաշտպանությունը: Մեր գործն արդար է, և Աստված մեզ օգնական: Կարող եք ծիծաղել: Ես ձեզ հասկանում եմ, բայց ձեր այդ ծիծաղի պատճառներն ինձ համար շատ ավելի պարզ են ու հասկանալի, քան մեր վերլուծաբանի ահեղ փաստերը:

Ամենևին չհավակնելով ասել ողջ ճշմարտությունը ՙսաֆարով օպերացիայի՚ մասին, այնուամենայնիվ կփորձենք հակիրճ ներկայացնել նաև մեր տեսակետը:

Ի՞նչ էր պետք ՆԱՏՕ-ին այս տարածաշրջան սողոսկելու համար: Լրացուցիչ լարվածություն: Օբաման, սաֆարովի ազատման լուրն առնելուն պես, օվկիանոսի այն կողմից շտապում է մտահոգություն հայտնել, որ այդ գործողությունը լրացուցիչ լարվածություն կառաջացնի տարածաշրջանում: Այո, առաջացրեց: Ովքե՞ր են այդ գործողությունն իրականացնողները: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիա-Ադրբեջան զույգը և ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիան: Խորամանկ խաղ է ընթանում: Հայաստանին ՆԱՏՕ-ի և Արևմուտքի կողմը գրավելու համար հայ գրանտակեր վերլուծաբանի շուրթերով ռուսական հետքն են ընդգծում սաֆարովի կենսագրության այս շրջադարձային փուլում, իսկ իրենք հանդես են գալիս մեզ կարեկցողների դերում: Արդյունքում՝ ունենում են թե հակառուսական պրոպագանդա և թե Արևմուտքից փրկություն աղերսող Հայաստան:

Այն, ինչ ՀՀ իշխանությունների կողմից մինչև այս պահն արվել է սաֆարովին արտահանձնելուց հետո, մեր կարծիքով համարժեք պատասխանի մի մասն է միայն: Նկատի ունենք հունգարիայի հետ պաշտոնական հարաբերությունների դադարեցումը և այն քաղաքական գնահատականները, որ ամենաբարձր մակարդակով հնչեցին Ադրբեջանի ղեկավարի ու ղեկավարության հասցեին: Այսքանից հետո երկիրը կանգնեցնել աշխարհաքաղաքական վեկտորների ընտրության հրամայականի առաջ, կնշանակի գնալ մեծ ռիսկի և մեկընդմիշտ թաղել Հայաստանի՝ որևէ ֆակտոր լինելու հանգամանքը: Այս խնդիրը մենք պետք է լուծենք առանց Արևմուտքի կարեկցական հայտարարությունների և ռուսաց թագավորներին նամակներ գրելու:

Մենք կարո՞ղ ենք, ի վերջո, որևէ բան անել ինքնուրույն, օրինակ, պաշտպանել մեր բանակի սպայի հիշատակը: Վստահ եմ՝ կարող ենք, վստահ եմ՝ պարտավոր ենք, վստահ եմ՝ մենք անելու ենք դա:

Ում ձեռքի գործն էլ լինի սա, մի բան պարզ է (այ, պարզը սա է) Հունգարիան Ալիևին է վերադարձրել իր կորած ոչխարը: Ոչ ավելին: Հայկական ԶԼՄ-ներին էլ կոչ եմ անում՝ հետայսու սաֆարովի ով լինելը շեշտելու համար չօգտագործել ՙՀունգարիայում հայ սպային կացնահարած՚ արտահայտությունը: Դա մի քիչ շատ է ոչխարի ու նրա տիրոջ համար: Եվ ապա՝ ոչխար բառը միշտ գրվում է փոքրատառով: Սա էլ մեր վերլուծաբանների համար, որ սիրում են արտահայտություններ ստեղծել, զորօրինակ «Սաֆարով» օպերացիա:

Էդիկ Անդրեասյան

Այս խորագրի վերջին նյութերը