Լրահոս

03.09.2012 09:52


Ադրբեջան-Հունգարիա գործարք. ովքե՞ր են հեղինակները և ի՞նչ ծրագրեր են իրականացնում

Ադրբեջան-Հունգարիա գործարք. ովքե՞ր են հեղինակները և ի՞նչ ծրագրեր են իրականացնում

Առաջին հարցը, որ պետք է հետաքրքրի հայությանն ու Հայաստանին այն է, թե՝ Հունգարիայի ու Ադրբեջանի քաղաքական վերնախավից զատ, ո՞ր պետությունների քաղաքական շրջանակներն են կանգնած ցմահ դատապարտված մարդասպանին ազատություն տալու գործարքի ետեւում եւ ի՞նչ նպատակով: Որովհետեւ բոլոր դեպքերում հասկանալի է, որ ո՛չ Հունգարիան, ո՛չ Ադրբեջանը իրենց հասակից ավելի բարձր թռչել չէին կարող: Որովհետեւ, բոլոր դեպքերում, կարեւոր են շարժառիթները, իսկ դրանց բացահայտումից ի հայտ են գալիս հեղինակներն ու նրանց հետապնդած նպատակները:

Այն, որ Ադրբեջանի նախագահը դրանով հրապուրվել եւ ցանկացել է իրեն հարմարեցնել ցկեանս նախագահի աթոռը՝ ակնհայտ է, բայց դրանով խնդիրը չի եզրափակվում, հաստատ: Կարեւոր հարց է նաեւ գործարքի ժամանակի ընտրությունը, որը պատահական չէ ընտրված անշուշտ: Դատելով ԱՄՆ-ի քաղաքական շրջանակների կոշտ արձագանքից, կարելի է եզրակացնել, որ նրանց, նույնպես, կատարված փաստի առաջ են կանգնեցրել: Պակաս կոշտ չէ եվրոպական շրջանակների, նույնիսկ հունգարական եւ ադրբեջանական որոշ շրջանակների բացասական վերաբերմունքը կատարվածի հանդեպ:

Մնում է եզրակացնել, որ սիրիական ճգնաժամում հայտնված Թուրքիան եւ շրջափակում գտնվող Իսրայելը փորձում են տարածաշրջանային ռազմա-քաղաքական արկածախնդրությունների մեջ ներքաշել Ադրբեջանին, մանավանդ, եթե նկատենք, որ Սիրիային եւ Իրանին ուղղված սպառնալիքների ուղղությամբ աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով:

Ուստի, մարդասպան հանցագործին հանձնելու գործարքի մեջ միայն Հունգարիա - Ադրբեջան առնչություններ տեսնելն առնվազն վատ տեսողության նշան է, որովհետեւ դրա ետեւում երեւակվում են Միջին Արեւելքի շատ որոշակի երկրների, շատ որոշակի քաղաքական շրջանակների այն ծրագրերը, որոնց միջոցով փորձում են տարածաշրջանում ռազմա-քաղաքական դիմակայության նոր օջախներ հրահրել:

Ծրագրեր, որոնք հնարավոր չեղավ իրականացնել 2008 թվականի օգոստոսին…

Ադրբեջանին զենք վաճառելու Իսրայելի 6 միլիարդանոց համաձայնագրի հենքին՝ Ադրբեջանի նախագահի երրորդ շրջանի պաշտոնավարությունն ապահովելու եւ Ադրբեջան - Հայաստան լարվածության նոր ալիք առաջացնելու 3 միլիարդանոց գործարքն այնքան էլ թանկ չի թվում: Մանավանդ, երբ հեռահար ծրագրերում՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, քրդեր, Հյուսիսային Կովկասի հանրապետություններ, բոլորը - բոլորի դեմ՝ լարվածություն ու դիմակայություն ծավալելու եւ նոր սադրանքներ հրահրելու բարդ ու դժվարին խնդիրներ կան:

Այս պատկերին պարզապես հավելենք, որ 2012-ի սեպտեմբերի 5-6-ը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հարավային Կովկաս, իսկ 11-12-ը՝ Թուրքիայի վարչապետը Ադրբեջան…

Սա է գործարքից բխած, հնարավոր է միակ, սպառնալիքը: Մնացած բոլոր ուղղություններում, ակամայից իսկ, նախաձեռնությունը հայտնվել է հայության ու Հայաստանի ձեռքերում, որից պետք է խելամտորեն օգտվել, ինչի մասին հիմա շատ է գրվում եւ խոսվում:

Խնդիրը այս սպառնալիքին դիմակայելն է եւ ի հարկին դրանից հաղթանակած դուրս գալը, որը հայության եւ Հայաստանի հնարավորությունների սահմաններում է, եթե միայն նրանք սկսում են վարել միանգամայն անկախ եւ ինքնիշխան ներքին եւ արտաքին քաղաքականություն, ինչը պատմական առիթ ու հրամայական է, միաժամանակ:

Արեւմտյան Հայաստանի Կառավարության Լրատվական Հանձնաժողով

Այս խորագրի վերջին նյութերը