Լրահոս

03.09.2012 00:30


Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու հունգարա-ադրբեջանական գործարքը

Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու հունգարա-ադրբեջանական գործարքը

Սեպտեմբերի 2-ին Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

Ըստ ԱԳՆ լրատվական ծառայության՝ հանդիպման օրակարգի միակ հարցը մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքի արդյունքում ստեղծված իրավիճակն էր` ոչ միայն բանակցային ողջ գործընթացի, այլև տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության վրա ունեցած իր բոլոր բացասական հետևանքներով:
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը, միջազգային կոնվենցիաներն ու համաձայնագրերը, իր իսկ ստանձնած պարտավորությունները, խոչընդոտում է համանախագահների` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, շարունակաբար մերժում հակամարտության հանգուցալուծմանն ուղղված առաջարկները, ի չիք է դարձնում փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները, լուրջ սպառնալիք է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը:

Էդվարդ Նալբանդյանը նշել է նաև, որ միջազգային հանրությունը չի կարող հանդուրժել բանակցային գործընթացի քողի տակ Ադրբեջանի արկածախնդրային քաղաքականության շարունակումը:

Այս խորագրի վերջին նյութերը