Կարծիք

02.09.2012 11:40


Դիվանագիտական զինանոցում լոլիկ, կոշիկ շպրտեուց ու դրոշ այրելուց անդին ավելի լուրջ քայլեր կան

Դիվանագիտական զինանոցում լոլիկ, կոշիկ շպրտեուց ու դրոշ այրելուց անդին ավելի լուրջ քայլեր կան

ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը Ֆաեյսբուքի իր էջում, անդրադառնալով մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելուն և դրան հաջորդած գործընթացներին, գրել է.
«Դիվանագիտական հարաբերությունների խզումը միջպետական հարաբերությունների զինանոցի լրջագույն քայլերից է։ Անառարկելիորեն, այս պահին և այս զարգացումներում ՀՀ նախագահը ադեկվատ և արժանապատիվ քաղաքական որոշում է կայացրել։ Նույնքան կոշտ և կարևոր շեշտադրումներ կային Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական և միջազգային կառույցների ներկայացուցիչներին ուղղված նրա խոսքում։ Ի վերջո Հունգարիան Եվրամիության անդամ երկիր է և պարտավոր էր իր քայլերում հարգել միջազգային իրավունքի նորմերը, հավատարիմ լինել հայտարարված քաղաքակրթական, եվրոպական չափանիշներին։ 
Ավաղ, նաև Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովում մեր պատվիրակության անդամությանս տարիներին մեկ անգամ չէ, որ բախվեցի եվրոպական կրկնակի ստանդարտներին։ Եվ մեր կեցվածքը, պահանջատիրությունը նախևառաջ քաղաքակիրթ Եվրոպային է անհրաժեշտ։ 
Երբեք ուշ չէ Եվրոպային և միջազգային համապաիասխան կառույցներին հասկացնելու, պահանջելու, որ քաղաքակրթական արժեքներ կան, որ համամարդկային են ու համազգային։ 
Ի վերջո, Ստրասբուրգի կոնվենցիան է խախտվել։ Իսկ միջազգային կառույցների և ինստիտուտների գոյությունը արդարացվում է նրանց հովանու տակ վավերացված պայմանագրերի և կոնվենցիանրի գործարկումով։ Այլապես իրավունք ունենք հարցականի տակ դնել դրանց գոյության, դրանց արդյունավետության և մեր մասնակցության խնդիրը։ Միջազգային կառույցներին մեր անդամակցությունը երկկողմանի պատասխանատվություն և պարտավորություններ է ենթադրում։ Հավասարը հավասարի հետ երկխոսություն։ Եվ, եթե Եվրամիությունը Արևելյան գործընկերության ծրագիր է հաստատում , առաջնահերթություններ ճշտում, եվրաընտանիքը պիտի բարի լինի անկեղծ ու անաչառ խաղալ։ Չի կարելի երկարատև աչք փակել Ալիևի խալիֆական վարքագծին ու միաժամանակ արևելյան գործընկեր համարել նրան։
Այո, ՀՀ նախագահը ադեկվատ և կոշտ որոշում է կայացել, հիմա պիտի կարողանանք քաջալերել, միջազգային իրավունքի տեսակետից հիմնավոր ու անխոցելի դարձնել մեր հետագա քայլերը, լինել հետևողական, պահանջատեր։ Այնուամենայնիվ մեր մեղքի բաժինը տեսնում եմ. Արդյո՞ք մեր արտաքին գործոց նախարարությունը, միջազգային կառույցներում մեր ներկայացուցիչները բավարար հետևողական, հետամուտ են եղել խնդրի առնչությամբ, ինչու անակնկալի եկանք և արդյո՞ք անակնկալ էր։ Սրանք հարցեր են, որ պատասխան են ուզում։ Մի տեսակ արտաքին ճակատում «անակնկալներ» շատ ենք ունենում և այս ուղղությամբ մտածելու բան ունենք։
Մեր պահանջների առանցքում Ստրասբուրգի համապատասխան կոնվենցիայի բոլոր նորմերի բավարարումն եմ տեսնում։ Իսկ այս ուղղությամբ բոլոր ձևաչափերում աշխատելու տեղ ունենք՝ խորհրդարանական պատվիրակություններ, արտաքին գերատեսչություն, միջազգային կառույցներ։
Իսկ առահասարակ, կազմակերպված երկիր, որակյալ իշխանություն ու իսկապես ընտրյալ խորհրդարան ունենալու պարագայում, արտաքին ճակատում ձախողումներն ավելի նվազ կլինեին։ 
Իսկ մեր հասարակության մեծամասնությանը, որ գերադասում է դիստանցիոն հայրենասեր լինել ու սեփական բազկաթոռից սուր ճոճել, խորհուրդ կտայի նույնքան հետևողական ու պահանջատեր լինել նաև ներքին հարցերում, այն հարցերում ու պահերին, երբ երկրի որակներն են ձևավորվում։ Ու, երբ «Հարսնաքարի» առջև մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում, գազանաբար սպանված ՀՀ ԶՈՒ սպայի համար, նաև այնտեղ լինել։ ՔԱՂԱՔԱՑԻ ՊԵՏՔ Է ԼԻՆԵԼ ԲՈԼՈՐ ՊԱՐԱԳԱՆԵՐՈՒՄ։ Այո, Հայրենիք-պետությունը ներդրում, նվիրում, կռիվ է ուզում։ ՈՒ արտաքին ճակատում չենք հաջողի, քանի դեռ կարգին երկիր չենք կառուցել։ 
Եվ վերջում, չշփոթենք Հունգարիան, հունգարական իշխանության հետ։ Դիվանագիտական զինանոցում լոլիկ, կոշիկ շպրտեուց ու դրոշ այրելուց անդին ավելի լուրջ քայլեր կան»:

Այս խորագրի վերջին նյութերը