Լրահոս

01.09.2012 13:59


Արմեն Մարտիրոսյան. «Հայաստանը պետք է նախօրոք իմանար, թե ինչ է տեղի ունենում»

Արմեն Մարտիրոսյան. «Հայաստանը պետք է նախօրոք իմանար, թե ինչ է տեղի ունենում»

«Ժառանգություն» կուսակցության անդամ,  ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը «7օր»–ի հետ զրույցում իր մեկնաբանություն է տվել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան արտահանձնելու և Իլհամ Ալիևի կողմից նրան ներում շնորհելու փաստի վերաբերյալ։

Կարծում եմ, որ սա եղավ սխալ արտաքին քաղաքականության արդյունք կամ թերացում, Հայաստանը պետք է նախօրոք իմանար, թե ինչ է տեղի ունենում, հաշվարկեր և համապատասխան կոշտ քայլեր ձեռնարկեր, որպեսզի նմանատիպ իրավիճակ չլիներ։ Ցավոք սրտի, բաց թողնվեց այդ պահը։  Կարծում եմ՝ ադեկվատ է վարվել երկրի նախագահը, երբ կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։ Հայաստանը պետք  է ոչ երկիմաստ պատասխաններ ստանա ու պահանջի ՆԱՏՕ–ից, ԵՄ–ից, որի անդամն է Հունգարիան, ինչպես նաև Մինսկի համանախագահող երկրների կողմից։ Ղարաբաղի հարցում էլ Հայաստանի դիրքորոշումը չպետք է զիջողական լինի, որովհետև պարզ է դառնում, որ չկա խոսքով որևէ երաշխիք,–ասել է Մարտիրոսյանը։

Հարցին՝ որքանով է այս ամենի համար պատասխանատու Սերժ Սարգսյանը՝ որպես երկրի նախագահ, Մարտիրոսյանն պատասխանել է, թե սա արտաքին քաղաքականության բացթողումն էր։ Իսկ ճշտող հարցին՝ այնուամենայնիվ, առաջին հերթին պատասխանատու է ԱԳՆ–ն, թե՞ նախագահը, Մարտիրոսյանը պատասխանել է.

–Կարծում եմ, որ ԱԳՆ–ն, որովհետև իրենք պետք է տեղեկատվությունը ստանային։ Որքան հասկացա, նախագահն ու իշխանություններն ինչ–ինչ հավաստիացումներ են ստացել հունգարական կողմից։ Հնարավոր է, որ նրանք նախօրոք իմացել են և փորձել են կանխել, բայց դե, կարծում եմ, այս պարագայում քայլերը համարժեք չեն եղել։ Ամեն դեպքում, իշխանության մեղավորությունն այստեղ կա։ Նման կոշտ քայլերն ու արտահայտությունները պեքտ է շատ ավելի վաղ արվեին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը