Քաղաքական

01.09.2012 13:14


Նաիրա Զոհրաբյան. «Սա աղետ է»

Նաիրա Զոհրաբյան. «Սա աղետ է»

Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի՝ Հունգարիայից Ադրբեջան արտահանձնելու և Իլհամ Ալիևի կողմից նրան ներում շնորհելու փաստի վերաբերյալ «7օր»–ը զրուցել է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ Նաիրա Զորհաբյանի հետ։

 Դիտարկմանը, թե արդյոք Հայաստանի նկատմամբ նման վերաբերմունքը պայմանավորված չէ՞ Սերժ Սարգսյանի հեղինակած « նախաձեռնողական» արտաքին քաղաքականությամբ, բոլորին գովելու և նույնիսկ քծնելու «մարտավարությամբ», Զորհաբյանը պատասխանել է.

–Ռամիլ Սաֆարովի դատավարության հենց առաջին օրերին արդեն ակնհայտ էր, որ Ադրբեջանի համար կա մեկ նպատակ՝ ցանկացած ձևով հետ ստանալ Սաֆարովին։ Եվ Ադրբեջանն այդ խնդիրը լուծեց։ Նախագահ Ալիևի աշխատակազմի ղեկավարը երեկ հայտարարեց, որ մեկ տարի բանակցություններ էին վարվում։ Հիմա հարց եմ ուղղում պատկան մարմիններին. եթե մեկ տարի այդպիսի հարց էր քննարկվում, ու բանակցություններ կային, ո՞վ է պատասխան տալու այն բանի համար, որ հիմա արդեն տեղի ունեցավ։ Ապշեցրեց այն, որ Հունգարիայի մեր դեսպանությունը երեկ օրվա կեսին նամակ է ուղարկել Հունգարիայի ԱԳՆ, որ ճշտեն՝ արդյոք Սաֆարովի արտահանձնման տեղեկատվությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ, այն դեպքում, երբ արդեն մի քանի ժամ էր, ինչ Սաֆարովը գնտվում էր Բաքվում, և նրան դիմավորում էին ԵԽԽՎ պատվիրակության անդամները։ Սա մեսիջ էր ադրբեջանցիների կողմից միաջզգային կառույցներին, թե՝ մենք թքած ունենք միջազգային հանրության վրա։

Մեր զրուցակիցը նաև ավելացրել է.

–Այստեղ խնդիրը, ինձ համար, նույնիսկ Ադրբեջանը չէ։ Ինչո՞վ էր զբաղված մեր ԱԳՆ–ն, ինչո՞վ էին զբաղված մեր դեսպանները։ Ըստ էության՝ նրանք որևէ բան չեն արել։ Հիմա էլ արդարանում են, թե, գիտե՞ք, մինչև վերջին պահը մեզ ասել են, թե նման բան չի կարող լինել և այլն։ Դա առնվազն մանկամտություն է։ Այնպիսի տպավորություն է, թե մեր որոշ դեսպաններ ՀՀ արտաքին քաղաքական խնդիրների տակ երկու բան են հասկանում. ապրիլի 24-ին գնան կանգնեն տվյալ երկրի համայնքի ներկայացուցիչների հետ ցեղասպանության հուշակոթողի կողքը, հետո մի հատ ֆուրշետ  անեն, և մեկ էլ սեպտեմբերի 21-ին անկախության տոն նշեն։ Դրանով ավարտվում է նրանց գործը։ Սա աղետ է։ Այս տեղեկատվական պատերազմը շատ լուրջ պատերազմ է։ Երբ ես՝ որպես պատգամավոր, 2013-ի բյուջեում առաջարկեցի, որ գոնե քարոզչության համար որոշ գումար հատկացվի (բյուջեում 21 մլն–ը գոնե 100 մլն դառնա), պաշտոնապես մերժում ստացա՝ պարզաբանմամբ, թե մենք շատ ավելի կարևոր գերակայություններ ունենք։ Իսկ հիմա մենք տեսանք այդ «կարևոր գերակայությունների» արդյունքը։ Հիմա էլ մամուլում շահարկում են, թե Սաֆարովին օգնել է Պուտինի ընկերը... Գիտե՞ք, Պուտինի ընկերն է եղել, թե Մեդվեդևինը, թե, չգիտեմ, Նազարբաևինը, դա էական չէ ընդհանրապես, կա փաստ՝ Ադրբեջանը գնեց Հունգարիային. թե ինչ ճանապարհով և ինչպես, դա երկրորդական է։

Հարցին՝ Սերժ Սարգսյանը՝ որպես ՀՀ նախագահ, որքանո՞վ է մեղավոր այս ամենի մեջ, Զոհրաբյանն այսպես է արձագանքել.

– Ես հիմա կդժվարանամ պատասխանել այդ հարցին։ Կա ոլորտի պատասխանատու, և դա տվյալ  ոլորտի խնդիրն է առաջին հերթին։ Նրանք պիտի իրազեկ լինեին, նրանք պիտի դրանով զբաղվեին, իմանային, որ նման բան է նախապատրաստվում։ Պետք է փորձեին աղմուկ բարձրացնեին և միջազգային հանրության միջոցով փորձեին ներազդել ԵՄ անդամ Հունգարիայի վրա։ Բայց եթե դեսպանության անդամները անգամ չեն իմացել, որ Սաֆարովն արդեն 3 ժամ Բաքվում էր, ինչի՞ մասին է խոսքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը