ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրահանգով ոստիկանության կարգախմբերն այսօր և առաջիկա ողջ ամսվա ընթացքում ուժեղացված ծառայություն են իրականացնելու հանրապետության դպրոցների մոտ:
Երեխաների անվտանգության ապահովման միամսյակի շրջանակում իրականացվող միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 1-ին չեն արձանագրվել պատահարներ, դժբախտ դեպքեր, հանցադեպեր:
Ծառայությունն իսկապես անհրաժեշտ է ու պարտադիր, որովհետև, ցավոք, պարզվեց` այս տոնականության մեջ էլ կան մարդիկ, որ առաջնորդվում են ոչ թե սրտով ու բանականությամբ, այլ` նախնական բնազդներով:
Հանրապետության բոլոր դպրոցների պես սեպտեմբերմեկի առավոտը տոնական էր նաև մայրաքաղաքի Էրեբունի համայնքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող թիվ 53 միջնակարգ դպրոցում: Ենթադրվում է, թե տոնը պիտի համակեր նաև որդուն առաջին անգամ դասի բերած 29-ամյա Սասուն Սաֆարյանին, բայց ըստ երևույթին մարդը լրիվ ուրիշ բանի մեջ էր տեսել օրվա խորհուրդը (Սաֆարյանը հաշվառված է «Նորք» հոգեբուժական կլինիկայում):
Դպրոցի բակում հանդիպելով կնոջը, որը նույնպես եկել էր տղայի Գիտելիքի օրվան մասնակցելու, նրան քաշել-տարել էր հարևան շենքի բակը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել, և տոնը վերածել հաշվեհարդարի` քաշքշուկ, ի վերջո, դանակահարություն…
Բարեբախտաբար ոստիկանները տեղում էին և աչալուրջ: Նրանց հստակ գործողությունների շնորհիվ ոչ միայն կասեցվեցին Սաֆարյանի հետագա գործողությունները, այլև հանդիսության մասնակիցները չիմացան էլ ինչ կատարվեց, միջոցառումը չընդհատվեց, տոնը չմթագնվեց…
Տուժած կինը ճանապարհային ոստիկանների օգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Դպրոցի բակում դանակահարել է կնոջը